Ս.թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահները և Հայաստանի Հանրապետության վարչապետը ստորագրել են Արցախում զինադադարի վերաբերյալ համաձայնագիր: Ռուսաստանի Դաշնությունը Արցախի Հանրապետություն մտցրեց խաղարարար զորամիավորում՝ կասեցնելու հետագա հնարավոր արյունահեղությունը:
Տարօրինակ է, որ ՀՀ վարչապետը, առանց հաշվի առնելու հայ ժողովրդի, ՀՀ Ազգային Ժողովի, սահմանադրական դատարանի և երկրի նախագահի կարծիքները, իրեն իրավունք է վերապահել ստորագրել փաստաթուղթ Արցախի վերաբերյալ՝ չունենալով Արցախի կողմից իրեն տրված մանդատ: Տևական ժամանակ ԶԼՄ-ներով ապատեղեկատվություն է տարածվել ճակատում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչի արդյունքում հանրության և պետական ինստիտուտների թիկունքում տեղի է ունեցել սույն փաստաթղթի ստորագրումը:
Բարձր գնահատելով պատերազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ՌԴ շահագրգռությունը և ողջունելով նրա խաղարարար ուժերի մուտքը Արցախի Հանրապետություն, միաժամանակ շեշտում ենք, որ տվյալ համաձայնագիրը պարունակում է բազմաթիվ ոչ հայանպաստ դրույթներ, որոնք, նախքան կիրարկումը, կարիք ունեն պարզաբանման և փոխզիջումային համաձայնեցման:
Մասնավորապես.
Կարդացեք նաև
1. Հստակեցված չեն Արցախի Հանրապետության սահմանները և կարգավիճակը:
2. Ստեղծվել են ոչ հավասար պայմաններ Արցախի հայ փախստականների և Ադրբեջանի փախստականների համար: Օրինակ՝ նախատեսվում է Քելբաջարում բնակեցնել ադրբեջանցի փախստականների, այն դեպքում, երբ այնտեղ արդեն բնակվում են Շահումյանի շրջանից 90-ականներին գաղթած հայ փախստականներ:
3. Հստակեցված չեն 2020թ. պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հադրութի, Մարտակերտի և Մարտունու շրջաններից հայ փախստականների՝ իրենց բնակության վայրեր վերադարձի հնարավորությունը և ժամկետները:
4. Արձանագրելով այն փաստը, որ պատերազմող կողմեր են հանդիսանում Արցախի Հանրապետությունը և Ադրբեջան-Թուրքիա-ջիհադիստներ ալյանսը, իսկ Հայաստանը չի հանդիսանում պատերազմող կողմ, ապա նրան վերաբերող ցանկացած որոշում՝ մասնավորապես Մեղրիի միջանցքի մասին որոշումը, բացարձակ անընդունելի է:
5. Լեռնային Ղարաբաղի խնդիրը բանակցային ճանապարհով լուծելու համար ստեղծված Մինսկի խումբը պետք է խստագույնս դատապարտի Թուրքիայի պահվածքը և Եվրամիության ու ՄԱԿ-ի առաջ բարձրացնի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ ԼՂՀ հանդեպ պատերազմ սանձազերծելու, Ադրբեջանի ռազմական գործողությունները նախագծելու և ղեկավարելու, նրան նորագույն ռազմական տեխնիկա տրամադրելու ու շահագործումը իրականացնելու, տեռորիստներ ընդգրկելու համար:
Թուրքիային պետք է պարտադրվի մուծելու խոշոր չափերի տուգանք՝ նպատակաուղղելով այն Արցախում զոհերի ընտանիքների խնդիրները հոգալու, ավերածությունները վերացնելու համար:
Առանց վերը նշված դրույթների հստակեցման, անթույլատրելի է ադրբեջանցիների վերաբնակեցումը Արցախի Հանրապետություն և հարակից տարածքներ:
Ամենայն խորությամբ գիտակցելով ստեղծված իրավիճակի վտանգները, համարում ենք, որ վերը շարադրված կետերի իրականացումը անհրաժեշտ է, որ դառնա քաղաքական օրակարգ, որի լուծմանը միտված կլինեն հանրության և պետության բոլոր ինստիտուտները, աշխարհասփյուռ հայ ժողովրդի ողջ ներուժը և արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հարցերին քաջածանոթ երկրների դիվանագիտական կառույցները:
Արցախի և ՀՀ իշխանությունները պարտավոր են վերը նշված հարցերում դրսևորել անսասան կամք ու ջանք՝ ծանր իրավիճակը հայանպաստ ելքի բերելու համար:
Հայաստանի մտավորականների ֆորում, ֆորումի ավագանի
«Քաղացիական խորխուրդ» միավորում
«Հայրենիք ու Պատիվ» կուսակցություն
«Նժդեհյան ցեղակրոն» կուսակցություն
«Հայք» – հայկազուններ կուսակցություն
«Քրիստոնյա ժողովրդական վերածնունդ» կուսակցություն
Համայքների ռազմավարական ծրագրերի կենտրոն
Համահայկական հիմնախնդիրների գիտավերլուծական կենտրոն
«Մաշտոց միավորում» հասարակական կազմակերպություն
«Զարթոնք ակումբ» հասարակական կազմակերպություն