Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Էստե Լաուդեր՝ «գեղեցկության աշխարհի կայսրուհին», որը կանանց հիշեցնում էր․ «Աշխարհի ամենագեղեցիկ դեմքը քո դեմքն է»

Նոյեմբեր 21,2020 23:30

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում անդրադարձել ենք կոսմետիկայի աշխարհի ամենահայտնի կանանցից մեկին՝ Էստե Լաուդերին, որը ոչ միայն կարողացավ ստեղծել «գեղեցկության մի շքեղ կայսրություն», այլև աշխարհի միլիոնավոր կանանց ներշնչեց կարևորագույն միտքը՝ «Ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ դեմքը․ իհարկե՝ ՔՈՆԸ»։

1908 թ․-ին ամռանը Նյու Յորքի Քուինս թաղամասում՝ ԱՄՆ ներգաղթած հրեաների բազմազավակ ընտանիքում ծնվում է Ժոզեֆինա Էստեր Մանտցերը, որն ապագայում դառնալու էր գեղեցկության ինդուստրիայի նորարարներից և ամենահայտնի կանանցից մեկը՝ Էստե Լաուդերը։

Կոսմետիկայի ապագա թագուհու մանկությունն ու պատանեկությունը լի էր ուրախությամբ, ընտանեկան տոներով, իսկ Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերադարձած քեռու՝ Ջոն Շոտց Մենտցերի հետ հանդիպումից հետո նաև շատ հետաքրքիր ու բազմազան։ Ջոնը մասնագիտությամբ քիմիկոս էր, զբաղվում էր մաշկի քսուկների պատրաստմամբ, և փոքրիկ լաբորատորիա ուներ Էստեի հայրական տան ամբարում։

Էստեն հիացմունքով ու հետաքրքրասիրությամբ հետևում էր քեռու աշխատանքներին, փորձանոթներում կատարվող քիմիական ռեակցիաներին, երբեմն էլ օգնում նրան և պատահական չէ, որ որոշում է՝ դառնալու է քիմիկոս և ստեղծելու է իր անունը կրող կրեմներ ու կոսմետիկ միջոցներ՝ սեփական բանաձևերով։

Նյութաունյան բարձրագույն դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո, 1930-թ․-ին ամուսնանում է հաջողակ գործարար Ջոզեֆ Լաուդերի հետ, որը նորաձև հագուստի խանութ ուներ։

Երիտասարդ կինը, սակայն, չի դադարում երազել, նրա փորձարկումները շարունակվում են, բայց արդեն խոհանոցում․ կերակուր պատրաստելու միջակայքում նա ստեղծում է մաշկի քսուկներ, դիմափոշիներ ու շրթներկեր։

Մի օր էլ Էստեն, վերցնելով իր կրեմները, ուղևորվում է գեղեցկության մոտակա սրահը, և կոսմետիկայի պատմության մեջ առաջին անգամ անվճար ցուցադրություն կազմակերպում․ այս նորարարությունը մինչ օրս կիրառվում է գեղեցկության ինդուստրիայում, և երբ ձեզ օծանելիքի կամ մաշկի խնամքի միջոցի փոքրիկ փորձանմուշ են առաջարկում, ապա հիշեք Էստեին, որի գլխում էլ առաջին անգամ ծագել է այդ հիանալի միտքը։

Էստեն կարողանում է համոզել գեղեցկության սրահի տնօրենին, որպեսզի վերջինս հանձնարարի իր աշխատակիցներին հաճախորդներին առաջարկել փորձել Էստեի խնամքի միջոցները՝ իհարկե անվճար և միմիայն իրենց ցանկությամբ։ Փորձել ցանկացողները, ինչպես և սպասելի էր, բազմաթիվ էին․ կանանց միշտ է հետաքրքիր նոր կրեմը՝ մանավանդ եթե այն անվճար է։

Գովազդային այս նորարարությունը շահավետ էր ոչ միայն Էստե Լաուդերի, այլև գեղեցկության սրահների համար, որոնք մեկը մյուսի ետևից դիմում են միշտ հմայիչ ու բարեհամբյուր կնոջը՝ գործնական առաջարկով։ Էստե Լաուդերի արդյունավետ կոսմետիկան սկսում է օգտագործել ողջ Նյու Յորքը․ կանայք շնորհանդեսների ժամանակ ստանում էին հաճելի ընծաներ, վարում գեղեցիկ զրույցներ, իսկ արդյունքում լցվում էին վստահությամբ Էստեի ու նրա պատրաստած հրաշագործ միջոցների նկատմամբ։

1933 թ․-ին հիմնադրում է Lauter Chemists ընկերությունը։ 10 տարվա ընթացքում հասցնում 2 որդի ունենալ, բաժանվել ու կրկին միավորվել ամուսնու հետ։ 10 տարի անց Էստեն մեծ պլաններ կազմելու պատրաստակություն է դրսևորում․ գրեթե մի ամբողջ օր նա ամուսնու հետ փոքրիկ սրճարանում քննարկում են ընտանեկան բիզնեսի հեռանկարները․ գործարար ամուսնու գիտելիքներն ու աջակցությունը նրան անհրաժեշտ էին իր երազանքները կյանքի կոչելու համար։ Որոշվում է՝ Էստեն զբաղվելու է ապրանքատեսակների մշակմամբ ու գովազդով, Ջոզեֆը՝ ֆինանսներով։ 1946թ․-ին ամուսինները ստեղծում են Estée Lauder Cosmetics ընկերությունը։

Էստե Լաուդերը մշակում ու թողարկում է 4 տեսակի խնամքի միջոց՝ քսուկ պրոբլեմատիկ մաշկի համար, մաքրող յուղ, խիտ ունիվերսալ քսուկ, սնուցող լոսյոն, ինչպես նաև մի քանի տեսակի դեկորատիվ կոսմետիկ միջոցներ՝ դիմափոշի, երկնագույն ստվերաներկ, ալ կարմիր շրթներկ։

Էստեի ուշադրությունից չէին վրիպում նորաձևության միտումները․ նրա համար կարևոր էր ամեն ինչ՝ փաթեթավորումից մինչև մատուցում։

Շուտով նա իր կոսմետիկ շարքի համար հատուկ կանաչավուն-երկնագույն փաթեթավորում է մշակում, որը շատ լավ էր համադրվում լոգասենյակների  ՝այդ շրջանին բնորոշ ինտերիերի հետ․ այդ գույնը մինչ օրս հայտնի է որպես «lauder blue»։

Էստե Լաուդերը ստեղծում էր կոսմետիկա զբաղված կանանց համար․ նա նկատել էր, որ կանայք կոսմետիկա են գնում այլ գնումներ կատարելիս, օրինակ՝ տան համար ինչ-որ ապրանքներ գնելիս։ Նա սկսում է Նա սկսում է իր ֆիրմային բաժինները բացել հեղինակավոր խանութներում, անգամ հյուրանոցներում, իսկ վաճառողուհիներին անձամբ էր սովորեցնում՝ չցանկանալով կորցնել և ոչ մի գնորդի։

Էստեն չէր մոռանում սեփական օրինակով գովազդել իր ապրանքատեսակները․ նույնը պետք է անեին նաև վաճառողուհիները․ նրանք պիտի լինեին խնամված, գեղեցիկ և անպայման կարողանային կիսվել իրենց անձնական փորձով Էստե Լաուդերի ստեղծած ցանկացած միջոցի վերաբերյալ։

1953 թ․-ին Լաուդերները կրկին դիմում են գովազդային փորձված քայլին․ նրանք 50000 ԱՄՆ դոլար են ծախսում անվճար փորձանմուշների համար, որոնք ուղարկվում են փոստով տարբեր հասցեներին․ արդյունքը սպասեցնել չի տալիս․ Էստեի խնամքի միջոցները շտապում են գնել հազարավոր կանայք։

Այդ շրջանում քսուկները, որոնք մեծ ժողովրդականություն էին վայելում, պատրաստվում էին Մանհեթենի ռեստորաններից մեկի խոհանոցում վարձակալված անկյունում․ Լաուդերները ձեռքով ստեղծում էին ամեն ինչ՝ չմոռանալով և ոչ մի մանրուքի մասին․ ամեն ինչ մատուցվում էր գեղեցիկ, ինչպես բնորոշ էր Էստեին։

1954 թ․-ին՝ տարվա առաջին օրը «Նեյման-Մարկուս» հեղինակավոր խանութում բացվում է Էստե Լաուդերի վաճառակետը․ հաճելի երաժշտության ներքո Էստե Լաուդերի ձայնով հնչում է ընկերության առաջին կարգախոսը․ «Նոր տարին սկսիր նոր դեմքով»։

Էստե Լաուդերը, սակայն, հասկանում էր, որ իրական հաջողությունը գեղեցկության մայրաքաղաքը՝ Փարիզը՝ այդպիսով նաև Եվրոպան նվաճելն է։

Էստեն, որն առաջին հիանալի տպավորություն գործելու և ուշադրություն գրավելու մեծագույն վարպետ էր, մի օր մտնում է փարիզյան «Գալերի Լաֆայետ» հսկայական խանութի օծանելիքի բաժին, բացում է պայուսակը, այդտեղից հանում փոքրիկ մի սրվակ և գցում հատակին։ Փշրվող ապակու ձայնին, վախեցած վաճառողուհու և հաճախորդների զարմացած հայացքներին միախառնվում է օծանելիքի մի նոր, հաճելի ու զարմանալի բույր․ քիչ անց Էստե Լաուդերը շրջապատվում է կանանցով, որոնք անհապաղ ուզում են պարզել, թե ինչ բույր է օգտագործում այդ շիկահեր ու տպավորիչ կինը, և ընդհանրապես՝ ո՞վ է նա։

Էստեն սիրով պատասխանում է բոլոր հարցերին, իսկ օծանելիքը, որն Էստեն անվանել էր Youth Dew, շատ արագ է գրավում եվրոպացի կանանց սրտերը։

Այս յուրօրինակ շնորհանդեսը մեծ գովազդ ու ճանաչում է ապահովում է տիկին Լաուդերի համար։

Էստե Լաուդերը զգում էր նորաձևության զարկերակը․ 60-ականների վերջում նա ստեղծում է կոսմետիկա՝ նախատեսված տղամարդկանց համար, որը բավականին լավ գնահատականի է արժանանում եվրոպացի տղամարդկանց շրջանում։

70-ական թթ․ վայրկենապես արձագանքելով «կանաչների» շարժմանը՝ ստեղծում է «Քլինիք» հավաքածուն՝ կոսմետիկ առաջին շարքը, որը հիպոալերգեն էր և ներառում էր մաշկի խնամքի համար անհրաժեշտ տասնյակ և ավելի միջոցներ։

Էստեն նորարարական մոտեցում է ցուցաբերում նաև օծանելիքի արտադրությանը՝ առաջարկելով տարբերակված բույրեր՝ սպորտային, դասական, էկզոտիկ բույրեր և այլն։

Նա մշտապես պահում է կապն իր հաճախորդների հետ՝ կազմակերպելով երեկույթներ, ընթրիքներ, կոկտեյլներ, որոնց շրջանակներում շարունակում է ծանոթացնել իր նոր գաղափարներին ու գրավիչ նորույթներին․ Էստե Լաուդերի անունը մշտապես շոշափվում է լրատվամիջոցներում։

Ստեղծելով իր կոսմետիկան՝ Էստեն մեկ պարզ նպատակ էր հետապնդում՝ արագություն և արդյունավետություն․ կինն ունի մի քանի րոպե առավոտյան և երեկոյան, և այդ կարճ ժամանակամիջոցում պետք է կարողանա խնամված և թարմ տեսք ստանալ։ Հենց այդ հայեցակարգն էլ Էստե Լաուդերին հսկայական հաջողություն բերեց։

Մինչև կյանքի վերջը պահելով խնամված կնոջ իր անթերի կերպարը՝ Էստե Լաուդերը մահանում է 2004 թ․-ի ապրիլի 24-ին՝ 95 տարեկան հասակում՝ Մանհեթենի իր առանձնատանը։ Էստե Լաուդերը վայելում էր իր ընտանիքի, շրջապատի մարդկանց մեծ սերն ու ջերմությունը։ Նա Պատվո լեգեոնի շքանշանակիր է, նրա անունն ընդգրկվել է «Junior Achievement» գործարարների փառքի սրահում։

Անցնելով ընտանեկան փոքրիկ բիզնեսից մինչև խոշորագույն կորպորացիա ստեղծելու ճանապարհը՝ այսօր Estee Lauder Companies-ը ներառում է աշխարհի ամենահեղինակավոր բրենդների մի ողջ փունջ։

Մի անգամ հայտնի տներից մեկի խոհարարուհին Էստեին խոստովանել է, որ  կերակուր պատրաստելիս սպիտակ թանձրուկի փոխարեն սխալմամբ Էստեի պատրաստած քսուկն է օգտագործել, Էստեն պատասխանել է, որ խնդիր չկա՝ իր քսուկներն այնքան բնական են, որ կարելի է դրանցով անգամ կերակուր պատրաստել․․․ թերևս այսպիսի մեծ պատասխանատվության, սիրո ու նվիրումի մեջ է Էստե Լաուդերի հաջողության ու նրա պատրաստած միջոցների արդյունավետության գաղտնիքը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30