Դիզայներ Նորո Դովլաթյանի բարբառախոս շապիկների հավաքածուին շուտով կավելանա նոր՝ ավելի կարևոր ու հետաքրքիր մի հավաքածու, որի մասին դեռ առաջին անգամ է բարձրաձայնում դիզայները:
Լուսանկարներում պատկերված էսքիզներն արված են հաշմանդամ մի աղջկա համար, որն Արցախյան պատերազմի տարիներին կորցրել է իր ձեռքերն ու ոտքը և միշտ երազել է մոդել դառնալու մասին:
«Հավաքածուն դեռևս նախապատրաստական փուլում է, քանի որ կան որոշակի ֆինանսական խնդիրներ՝ նյութերը ձեռք բերելու և գործը վերջնական ավարտին հասցնելու համար»,-մեզ հետ զրույցում ասում է Նորո Դովլաթյանը։
Կարդացեք նաև
Չնայած նշված խնդիրներին՝ երիտասարդ դիզայներն ամեն կերպ ջանում է անել հնարավոր և անհնար ամեն ինչ, որպեսզի ստանա մի հավաքածու, որն իր նրբագեղությամբ և ոճային բարձր լուծումներով կլինի իր տեսակի մեջ միակը:
Հետաքրքրվեցի՝ արդյոք ի՞նչն է ամենաառաջնայինը դիզայների համար այսպիսի պատասխանատու հավաքածուներ ստեղծելու ժամանակ:
«Ամենաառաջնայինը սերն է դեպի մասնագիտությունը: Մասնագիտական դաշտում պետք է լինել հստակ և մտածված: Առաջնային է նաև տիրապետել մարդու կազմաբանությանը, որովհետև հագուստի միջոցով վերջիվերջո ծածկում ես թերություններ, ընդգծում ես առավելությունները»,-ասում է Նորո Դովլաթյանը։
Հավաքածուն կներկայացնի այն ժամանակ, երբ զգա, որ հասարակությունը պատրաստ է ընդունելու նորաձևության մեջ նման բան: Առաջնային խնդիրներից աջակիցներին համախմբելն է, որովհետև հավաքածուն պատրաստելու, ներկայացնելու համար բացի դիզայներական աշխատանքից նաև որոշակի աշխատանք պետք է կատարեն լուսանկարիչները, դիմահարդարներն ու վարսահարդարները՝ գեղեցիկ ֆոտոշարք ունենալու համար: Նաև առաջնայիններից է նոր մոդելների հավաքագրումը:
«Ամեն դիզայներ ունի իր ոճը և ցանկացած փոփոխութուն իրականացվում է դիզայների համակրած ոճում և դաշտում»,-մեզ հետ զրույցում ասաց երիտասարդ դիզայները:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ