Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ հարց է՝ ապագայում ավելի գլոբալ ռազմական հետեւանքներ կլինե՞ն, թե ոչ». փորձագետը՝ թուրքական զորքերի կուտակումների մասին

Նոյեմբեր 21,2020 19:45

Տելեգրամյան ալիքներից հայկական սոցցանցային տիրույթում են հայտնվում տեղեկություններ այն մասին, որ Թուրքիան Իգդիրի հատվածից Հայաստանի հետ սահմանին զորք եւ սպառազինություն է կուտակում, եւ որ Ադրբեջանի կազմի մեջ մտնող Նախիջեւանի ինքնավար հանրապետության հատվածից եւս թուրքական զորամիավորումների կուտակումներ կան:

Ռազմական հարցերի մեկնաբան Դավիթ Հարությունովը կարծում է, որ այս իրողությունը շարունակությունն է Թուրքիայի՝ տարածաշրջանում սեփական ներկայությունն ուժեղացնելու, եւ այս պահին միայն դա է ակնհայտ: «Դեռ հարց է՝ ապագայում ավելի գլոբալ ռազմական հետեւանքներ կլինե՞ն, թե ոչ, եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Փաստացի, Թուրքիան արցախյան պատերազմի ժամանակ ներխուժեց Հարավային Կովկաս եւ մտադիր է հնարավորինս ֆիքսել այդ իրավիճակը նաեւ այն համատեքստում, որ Ադրբեջանում եւս զորախումբ է տեղակայելու: Դրա ձեւաչափը դեռ հայտնի չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունովը:

Ինչ վերաբերում է Նախիջեւանին, Հարությունովի խոսքով՝ մինչեւ այս էլ էր ակնհայտ, որ Թուրքիան այդտեղ ունի ներկայություն. «Այն պայմաններում, երբ տարածաշրջանում Թուրքիայի ներկայությունը փաստացի է, տրամաբանական է, որ Նախիջեւանում եւս Թուրքիան փորձում է ուժեղացնել իր ներկայությունը: Կրկնեմ՝ սա այն դեպքում, եթե տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը»:

Մեր զուցակիցը նաեւ նշեց՝ դեռ պարզ չէ, թե թուրքական զորախումբն ինչ ճանապարհով է տեղակայվելու Ադրբեջանում եւ այս պահին դժվար է ասել՝ Ադրբեջան զորախումբ ուղարկելու եւ սեփական զորքերն Իգդիրի հատվածում տեղակայելու միջեւ անմիջական կապ կա՞, թե ոչ: «Իսկ քաղաքական իմաստով դա կարող է որոշակի ճնշում լինել` ուղղված Ռուսաստանին առ այն, որ իրենք ներկա են տարածաշրջանում: Փաստացի, Թուրքիան մտավ տարածաշրջան եւ գործեց ազատ: Ընդ որում, Ադրբեջան թուրքական զորախումբ ուղարկելու փաստն ադրբեջանական եւ ռուսական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում: Բայց տեխնիկական առումով թե ինչ հետեւանքներ կարող են լինել, այս պահին դժվար է ասել»,-եզրափակեց Դավիթ Հարությունովը:

Հավելենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր հայտարարել է՝ Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստությունը եւ արդեն կարող են ուղեւորվել Ադրբեջան: Սրանից առաջ Թուրքիայի խորհրդարանը վավերացրել էր երկրի նախագահի՝ Ադրբեջան ցամաքային զորքեր ուղարկելու մասին հրամանագիրը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս փաստը, նշել էր, որ դա Թուրքիայի ներքին գործն է. «Բանն այն է, որ Ադրբեջանի տարածքում մշտադիտարկման կենտրոն է լինելու, որտեղ էլ պետք է ուղարկվեն թուրք զինվորականները: Դա գործողությունն է, որը Թուրքիայի ներքին գործընթաց է՝ նախատեսված այդ երկրի օրենսդրությամբ»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30