Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Արցախի կառավարությունը առաջիկա մեկ տարվա ընթացքում կսուբսիդավորի բնակչության կոմունալ ծախսերը․ նշել է Արայիկ Հարությունյանը՝ Մարտունի այցի ժամանակ

Նոյեմբեր 21,2020 18:53

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է Մարտունի քաղաք և տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել:

Երկրի ղեկավարը շրջանային պատասխանատուների և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել շրջկենտրոնում, ծանոթացել պատերազմական ավերածություններին և տեղում համապատասխան հանձնարարականներ տվել վերականգնման ու վերանորոգման աշխատանքները շտապ սկսելու առումով:

Շրջանի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում նախագահն ընդգծել է, որ առաջնահերթորեն պետք է վերականգնել կյանքի բնականոն ընթացքը՝ լուծելով ենթակառուցվածքային բոլոր խնդիրները:

Նախագահի խոսքով՝ ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը հաղթահարելու համար, որպես աջակցություն, Կառավարությունը առաջիկա մեկ տարվա ընթացքում որոշակի սահմանափակումներով կսուբսիդավորի բնակչության կոմունալ ծախսերն, այդ թվում՝ էլեկտրաէներգիան, բնական գազը, ինչպես նաև ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի ծառայությունների դիմաց վճարումները: Անհրաժեշտ կահավորումների համար կտրվի նաև կենցաղային տեխնիկա և կահույք:

Անդրադառնալով գյուղատնտեսական աշխատանքներին՝ նախագահը նշել է, որ աշնանացանի համար ևս պետական ծրագրով գյուղնախարարությունն այս տարի անվճար կտրամադրի դիզելային վառելիք, հացահատիկի սերմ և պարարտանյութեր:

«Ծանր փորձությունից հետո մենք պետք է շտկենք մեր մեջքը: Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու Ռուսաստանի Դաշնության գործուն աջակցությունը: Մեր լուսավոր ու երաշխավորված ապագան կառուցելու համար պետք է ուս-ուսի տված առաջ նայենք»,- եզրափակել է Ա. Հարությունյանը:

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30