Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ նախկին տնօրենը զանգել ասել է՝ վարչապետը հանձնարարել է ինձ, որ Իջեւան տանեմ «ալֆա» ջոկատը, որ ժողովրդին ծեծեն». Վանեցյանը մանրամասներ է պատմում

Նոյեմբեր 21,2020 18:33

Այսօր Ազատության հրապարակում Ռուբեն Մխիթարյանը պատմության աղբանոցը նետեց իմքայլական մի շարք պատգամավորների՝ Մակունցին, Անդրանիկ Քոչարյանին, Լենա Նազարյանին, Հովհաննես Հովհաննիսյանին:

Հետո ելույթ ունեցավ երգչուհի, ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Նա ասաց, որ երբեք չի ասել ժողովրդին՝ խոնարհվում եմ ձեր առջեւ, այլ խոնարհումով ապրել է: Նա երգեց «Երազ իմ երկիր հայրենին» ու երգելուց հետո հայտարարեց. «Նիկոլը դավաճան է»:

Հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ասաց. «Ես չեմ ուզում նկատել ո՛չ ՌԴ-ի, ո՛չ այլ երկրի կողմից աջակցություն ՀՀ իշխանություններին: Մենք ինքնիշխան երկիր պետք է լինենք»:

Իսկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հավելեց. «Կարեւորը՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ժողովրդի կողմից աջակցություն ունենա: Ինքն այսօր, այս պահին այդ աջակցությունը չունի ու մեր պահանջի իմաստը կայանում է դրանում՝ նա րոպե առաջ պետք է հեռանա»:

Վանեցյանը այսօր բացահայտել էր Իջեւանի ծառահատումների դեպքերի ժամանակ իր, Փաշինյանի ու նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի զրույցը: Նա մանրամասներ պատմեց. «Ես աշխատանքային այցով գտնվում էի Արցախում: Զանգահարեց ինձ Վալերի Օսիպյանն ու ասաց՝ վիճակը Իջեւանում լարված է: Այնուհետեւ զանգահարեց իմ տեղակալը՝ Էդուարդ Մարտիրոսյանը, ով հետո դարձավ ԱԱԾ տնօրեն: Ասեց՝ վարչապետը հանձնարարել է ինձ, որ Իջեւան տանեմ «ա» վարչությունը, ժողովրդի մեջ հայտնի «ալֆա» ջոկատը, որ ժողովրդին ծեծեն:

Ասացի՝ հանկարծակի նման բան չանեք, որովհետեւ այդ վարչությունը նախատեսված է հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար: Նիկոլ Փաշինյանը զանգահարում էր ինձ, Օսիպյանին, ասում էր՝ սատկացրեք, սպանեք, արյան գետեր եմ ուզում տեսնել: Մեկնեցինք այնտեղ ու իմ ու Վալերի Օսիպյանի աշխատանքի արդյունքում, որ չտրվեցինք այդ ապօրինի հրամանին ու էմոցիաներին, չիրականացրեցինք միջոցառումը եւ կարողացանք առանց արյան գետերի կանխել իրականում այդ ապօրինի գործունեությունը, որն իրականացնում էին Իջեւանի եւ հարակից գյուղերի բնակիչները»:

Հարցին՝ ապացույցներ ունե՞ք՝ Վանեցյանը պատասխանեց, որ ապացույցն իր ու Օսիպյանի խոսքերն են: Մնացած ապօրինի հրամանների մասին խոստացավ խոսել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30