Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրաբար, Թուրքիան իր զորքերի մի մասը Իգդիրից կմտցնի Նախիջեւանի տարածք». թուրքագետ

Նոյեմբեր 21,2020 18:11

Տելեգրամյան ալիքներից հայկական սոցցանցային տիրույթում հայտնվում են տեղեկություններ այն մասին, որ Թուրքիան Իգդիրի հատվածից Հայաստանի հետ սահմանին զորք եւ սպառազինություն է կուտակում, եւ որ Ադրբեջանի կազմի մեջ մտնող Նախիջեւանի ինքնավար հանրապետության հատվածից եւս թուրքական զորամիավորումների կուտակումներ կան:

«Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, թուրքագետ Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ այս առնչությամբ, բացի տելեգրամյան ալիքների հաղորդածից, այլ տեղեկություններ այս պահին չկան:

«Այն, որ կուտակումներ կան, դա միանշանակ է: Վերջին տասը օրում դրանք թռիչքներով էլ են արձանագրվել՝ Թուրքիայի կողմից Իգդիրի հատվածում: Ենթադրում եմ, որ մի մասը, ամենայն հավանականությամբ, Նախիջեւանի տարածք կմտցնեն: Սա ենթադրություն է, ոչ թե վստահություն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տարոն Հովհաննիսյանը:

«Այն, որ Ադրբեջանի տարածք Թուրքիան զինված ուժեր մտցնելու է, դա միանշանակ է: Որոշումը կայացված է Թուրքիայի նախագահի առաջարկով՝ խորհրդարանում: Այսօր էլ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ ցամաքային զորքերի վերջին պատրաստություններն են ընթանում: Բայց թե կոնկրետ Ադրբեջանի տարածքում որտեղ դրանք կտեղակայվեն, արդյոք Նախիջեւանում Թուրքիան կունենա՞ կայազոր, թե ոչ, չեմ կարող այս պահին ասել»,-նշեց Տարոն Հովհաննիսյանը:

Նա հիշեցրեց, որ ըստ թուրքական կողմի հայտարարությունների՝ Ադրբեջան զորք փոխադրելու նպատակը ստեղծված իրավիճակում Ադրբեջանին օգնելու, վերջինիս հրադադարի պահպանման ռեժիմը վերահսկելուն օգնելու համար է. «Միանշանակ, Թուրքիայի կողմից Ադրբեջան զինված ուժեր մտցնելը կապված է այս պատերազմի արդյունքների հետ եւ դրանից բխող հետեւանքների հետ: Հասկանալի է, որ այս իրավիճակում է որոշումը կայացվել, իսկ թե թուրքական ստորաբաժանումը որտեղ կտեղակայվի, ինչ կազմով եւ ինչ տեխնիկայով, այս պահին տեղեկություն չկա»:

Մեր զրուցակիցը միաժամանակ շեշտեց՝ պարտադիր չէ Իգդիրի հատվածում թուրքական զորքը կուտակել, որպեսզի այդտեղից հետո տեղափոխել, պայմանական ասած, Բաքու. «Բայց Իգդիրի հատվածում կարող են կուտակել, եթե զորքեր են ուզում մտցնել Նախիջեւանի տարածք»:

Հավելենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այսօր հայտարարել է՝ Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստությունը եւ արդեն կարող են ուղեւորվել Ադրբեջան: Սրանից առաջ Թուրքիայի խորհրդարանը վավերացրել էր երկրի նախագահի՝ Ադրբեջան ցամաքային զորքեր ուղարկելու մասին հրամանագիրը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս փաստը, նշել էր, որ այն Թուրքիայի ներքին գործն է. «Բանն այն է, որ Ադրբեջանի տարածքում մշտադիտարկման կենտրոն է լինելու, որտեղ էլ պետք է ուղարկվեն թուրք զինվորականները: Դա գործողությունն է, որը Թուրքիայի ներքին գործընթաց է՝ նախատեսված այդ երկրի օրենսդրությամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30