Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը Ռուսաստանի կառավարության պատվիրակության հետ աշխատանքային այցով այսօր գտնվում էր Հայաստանում, կրկին անդրադառնալով եռակողմ փաստաթղթին, նշեց, որ հանդիպման ընթացքում հատուկ հրավիրել են միջազգային հանրության ուշադրությունը:
Ըստ նրա, կարեւոր է միջազգային հանրության միավորումը, որպեսզի կյանքի կոչեն նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունը:
«Այստեղ արդեն ակտիվ աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, մենք հետաքրքրված ենք, որ համապատասխան նախաձեռնություն ցուցաբերի նաեւ ՄԱԿ-ը: Ստացել ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի արձագանքը»:
Պարոն Լավրովն ասաց, որ արդեն կա Փախստականների միջազգային կոմիտեի նախագահի ուղերձը, աշխատում են ՄԱԿ-մանկական հիմնադրամի հետ: ՅՈՒՆԵՍԿՕ-ին էլ կոչ են արել ջանքեր գործադրել առկա կոնվենցիաներով պահպանել մշակութային, կրոնական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը, որն, ըստ Սերգեյ Լավրովի, շատ կարեւոր ներդրում է այդ հնագույն տարածաշրջանում միջէթնիկ հարաբերությունների, համաձայնությունների համար:
Կարդացեք նաև
Նա հույս հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այստեղ ավելի մեծ ակտիվություն կցուցաբերի, քան եղել է Սիրիայում՝ չնայած բազմաթիվ դիմումների՝ պահպանել մշակութային հուշարձանները՝ Հալեպում եւ Պալմիրայում:
Պարոն Լավրովը նաեւ հայտնեց, որ հայկական կողմի հետ հանդիպման ընթացքում հայաստանյան ղեկավարությունը հաստատել է իր պատրաստակամությունը խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ