Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ավելի ուշ դուք նոր կհասկանաք, թե Ֆրունզիկ Մկրտչյանը սեւ թուղթն ինչի է այդպես ուտում». Մհեր Մկրտչյանը զարմացած է՝ երբ ուղեվարձը թանկացրին, աստղերը տաքսի էին վարում, հիմա օքե՞յ է

Նոյեմբեր 21,2020 16:12

«Հեռուստաեթերներում հաղորդավարներն աչքերն արցունքոտ հազիվ էին կարողանում արտասանել անունները: Երիտասարդ աշխատողներ են աշխատում, ասացի՝ երեխեք, ավելի ուշ դուք նոր կհասկանաք, թե Ֆրունզիկ Մկրտչյանը էդ սեւ թուղթն ինչի է այդպես ուտում: Հիմա ապրում եք այդ սեւ թուղթն ուտելու պրոցեսը, հիմա տաք են դեռ:

Հիմա այս շենքում աշխատող, ստեղծագործող արվեստագետները, որ ամբողջ պատերազմի ընթացքում իրենց գործը թողած՝ ցանց էին գործում, ամիսներ հետո կանդրադառնան, որ Նիկոլ Փաշինյանը իրենցից, մեզանից ոչ միայն հայրենիք գողացավ, ոչ միայն արժանապատվություն գողացավ, այլ նույն արվեստագետներից խլեց առաջիկա տասնամյակներին ոգեշնչման աղբյուրը: Եթե Ալբերտ Մկրտչյանը ֆիլմ էր նկարում սեւ թուղթ ուտելու մասին, բայց վերջում ասում էին՝ հաղթանակ, այսօր Նիկոլ Փաշինյանը Ալբերտ Մկրտչյանից եւ մյուս արվեստագետներից խլեց այդ հաղթանակ ասելու հպարտությունն ու զգացմունքն էլ»,- այսօր Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը:

Ելույթ ունեցավ նաեւ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը: Նա ասաց, որ բոլորը շատ լավ հասկանում են՝ ինչ է կատարվել, իսկ ինքը չի հասկանում մեկ բան՝ ինչո՞ւ այս «դավաճանություններից» հետո հավաքվել է ընդամենը մեկ հրապարակ. «Երբ տրանսպորտը 100 դրամով բարձրացրեցին, մի աղմուկ էր, աստղերն անգամ տաքսի էին վարում, իսկ հիմա լա՞վ է ամեն ինչ, բոլորը երջանի՞կ են, գո՞հ են, OK, հարց չկա»:

Մկրտչյանն ասաց, որ մարդիկ հանրահավաքի չգալը պատճառաբանում են, թե այդ կուսակցություններին չեն վստահում, բայց իր կյանքում էլ այնպես է, որ մատների վրա կարող է հաշվել, թե ում է վստահում. «Ժողովուրդ, ամբողջ հարցը նրանում է, որ իրենք են հիմա բողոքում, իրենք են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հավաքեք, գնացեք Մասիվ, ուրիշ տեղ, դուք արեք, գամ ձեր կողքը կանգնեմ: Սա իմ համար քաղաքական հարց չի, ես քաղաքական մարդ չեմ, իմ գործը կինո նկարելն է, սցենարներ գրելն է, սա իմ համար արժանապատվության հարց է:

Ու անկախ նրանից, թե հիմա այստեղ քանի մարդ է հավաքվել, ես գալու եմ ամեն անգամ՝ մի նպատակով, որ վաղը իմ ազգանունից չամաչեմ: Ես անկեղծ եմ ինձ հետ նրանում, որ համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը վտանգ է, ես ազնիվ եմ ինձ հետ՝ ինքը վտանգ է մեր երկրի համար, պետականության համար, մեր եւ մեր երեխաների վաղվա օրվա համար եւ իհարկե, ինքը պետք է հեռանա: Նիկոլին հաջողվեց մի բան՝ ստեղծել պառակտված, իրարից զզվող, ատելությամբ սնվող ազգ: Բրավո, հաջողվեց: Բայց ես համոզված եմ, որ այս ատելությամբ լցված վիճակի մեջ, իրարից զզվելու վիճակի մեջ մենք ոչ մի հաղթանակի չենք հասնի: Սա շատ վտանգավոր բան է»:

Վերջում նա հորդորեց ոստիկաններին. «Տղե՛րք, Երեւանի փողոցներում Ռեմբո մի՛ խաղացեք, երեխեքի դեմ Ռեմբո մի՛ խաղացեք, որովհետեւ շատերդ երիտասարդ եք, երեւի չեք հասցրել համաշխարհային պատմությունը լավ ուսումնասիրել: Վաղը կամ մի օր հենց դուք շատ խեղճացած բացատրություններ եք գրելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30