Նոյեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը` ընդլայնված կազմով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, առաջիկա անելիքները և հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև ս.թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության: ՌԴ պաշտպանության նախարարն իրազեկել է այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին:
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները կարևորել են զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված ՌԴ միջգերատեսչական հումանիտար կենտրոնի աշխատանքը, որն ուղղված է փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրման հարցերին:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ստորագրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ:
ՀՀ ՊՆ