Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը շարունակվում է:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մինչ հանրահավաքը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանրահավաքները շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ Ալիեւի առաջ ծնկած Փաշինյանը հեռանա. «Նիկոլ Փաշինյանն ուզում է քաղաքակրթական, քաղաքագիտական, բարոյական, պատմական շրջադարձ կատարել եւ պատմության մեջ լինել այն եզակի ղեկավարը, ով Հայաստանի պատության մեջ ամենախայտառակ պարտությունն արձանագրելով՝ շարունակի մնալ պաշտոնավարելու: Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա օր առաջ, րոպե առաջ, որովհետեւ նա այլեւս վտանգ է Հայաստանի անվտանգությանը»:
Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց Մովսես Հակոբյանի բացահայտումները՝ ասելով. «Այն, ինչ ասեց գեներալը, լիուլի բավարար է՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու համար»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ իրենց նախաձեռնած ցույցերը խաղաղ են լինելու, ու որքան էլ Փաշինյանը բռնաճնշումներ գործադրի, հաջողության չի հասնելու:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Փաշինյանը տարբեր օլիգարխների դիմակավորում է, որ վախեցնի, բայց իրենք դիմակավորված անձանց նկարները, տեսանյութերն ուղարկել են միջազգային կառույցներին. «Կան տեղեկություններ, որ այդ դիմակավորված անձինք կոնկրետ օլիգարխների թիկնապահների ջոկատներից էին: Ես կսպասեմ, որ ոստիկանապետը եւ ԱԱԾ-ն պատասխանեն: Տարբեր հրոսակների բաժանվում է հագուստ ու թող բացահայտեն, թե ովքեր էին սեւ դիմակավորված անձինք, ովքեր դաժանորեն ցրում էին խաղաղ երթերն ու ցույցերը ՀՀ-ում»:
Ավելի ուշ հանրահավաքի ժամանակ դիմակավորված անձանց անդրադարձավ նաեւ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը. «Դիմակավորված չինական անհայտ ծագման սամուրայներով լցրեց ոստիկանատները: Պարոնայք ոստիկաններ, սպաներ, դիմում եմ ձեզ, լա՞վ է, որ ձեր կողքին ձեր հետ գործ են անում ախրաննիկներ, հաստավզեր: Նրանց դեմքերը փակ են, ձեր դեմքը բաց է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ