Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնացել են, ընկել են մսաղացի տակ. հոկտեմբերի 21-ից ոչ մեկից ոչ մի լուր չունենք». անհետ կորածների հարազատները՝ Վաղարշապատում գտնվող N զորամասի դիմաց

Նոյեմբեր 21,2020 14:49

«Մենք մեր էրեխեքին ենք պահանջում», «Մենք ուզում ենք մեր հարցերի պատասխանը ստանալ, թե որտեղ են մեր էրեխեքը», «Հարկ չեն համարում գոնե դուռը բացել՝ ասել՝ էրեխեքը կա՞ն, թե՞ չկան», այսպիսի մտահոգություններ հայտնեցին Վաղարշապատում գտնվող N զորամասի հսկիչ անցագրային կետի դիմաց հավաքված նույն զորամասի զինծառայողների ընտանիքների անդամները:

Նրանք ցանկանում են պատասխան ստանալ հոկտեմբերի 21-ին Կովսականի (Զանգելանի) հատվածում մարտական գործողությունների հետևանքով նույն զորամասի՝ անհետ կորած զինծառայողների վերաբերյալ։ Սակայն նրանց արդեն մեկ ամիս է՝ ոչ մի պատասխան չի տրվում. ամեն հանդիպման ասում են՝ սպասենք երկու օր: Նրանք վիրավորված են, որ անգամ հարկ չեն համարում իրենց առաջ դուռ բացել և պատասխանել հարցերին:

Հարազատներից մեկը վրդովված պատմեց. «Ինձ Վալերի Քոչարյանն ասաց՝ հարգելի′ս, ես կարող էի Ձեզ ուղղակի ասել, գնացեք այն գնդապետի, գեներալի մոտ, ով հրաման է տվել: Ես կարող էի ձեր հարցերին էլ չպատասխանել: Ես նրան հարցրի, բայց զինվորը կցված է որևէ գեներալի՞, այն դեպքում, երբ հույս կա, որ այդ էրեխեքից մեկը ողջ է: Ես նրանց դա ասում եմ ամսի 11-ին, ոչ մեկն էլ ոչ մի բան չի անում: 21 օր հետո իմ ամուսնու հեռախոսը եղել է ակտիվ՝ երկու հեռախոսահամարն էլ, մեզ պատասխանում են՝ դե, իրենք դուրս կգան: Իրենց ի՞նչ կա. իրենք ճաշում են, նախաճաշում, տաք անկյունում նստում»:

Անհետ կորած զինծառայողների հարազատների պահանջն է՝ ասեն, թե ուր են իրենց հարազատները: Նրանք անհանգիստ են՝ հոկտեմբերի 20-21-ից ոչ մի լուր չունեն: Անհետ կորածների հարազատներից մեկն ասաց. «Մեր գլխի տակ փափուկ բարձր դրեցին, ասացին՝ ռադարների տակ են, կապ չկա, մի քանի օր սպասենք: Ու այսպես օրեր շարունակ: Բայց հետո հասկացանք, որ իրենք ուղղակի գնացել են, ընկել են մսաղացի տակ: Ամսի 21-ից հետո ոչ մեկից ոչ մի լուր չունենք: Ասուն են՝ ամեն ինչ լավ կլինի, երկու օր էլ սպասեք: Մենք ուզում ենք, որ պետական այրերը մեզ ասեն, թե ուր են մեր երեխաները, ուզում ենք ելք գտնել: Էդ տարածքից չեն կարող հանել, բա ո՞նց անենք, մնա՞ն, սովը մի կողմից, ցուրտը՝ մյուս: 34 հոգի են»:

Մայոր Արմեն Բադեյանը կինը մտահոգություն հայտնեց՝ զինծառայողները եղել են առանց զրահաբաճկոն ու շարունակեց. «Առանց որևէ պաշտպանական միջոցների, գնացել են 120 փամփուշով այն զրահատեխնիկայի դեմ, որոնք բերել են Ադրբեջանի զինծառայողները: Ամեն օր մեզ ասում են՝ երկու օր սպասեք, ծնողներին չեն ընդունում, հարցերին չեն պատասխանում, բոլորի նկատմամբ վատ վերաբերմունք են ցուցաբերում»:

Այս անգամ էլ այնքան չպատասխանեցին ծնողների հարցերին, դուռը չբացեցին, հարազատներից մեկը վրդովված պատուհանից մտավ զորամաս:

Հավաքվածներից մի կին վրդովված ասաց՝ Արսեն Աբգարյանն ու նաև Վալերիկ Քոչարյանը Կապանից ինձ հետ կապ են հաստատել ու ասել՝ մենք անզոր ենք, մենք սպասում ենք հրամանի: Մեզ հորդորեցին դիմել ՊՆ նախարարություն, Կարմիր խաչին:

Մայոր Արմեն Բադեյանի կինը մտահոգություն հայտնեց, թե հրամանատարներն առանց քերծվածքի եկել, հասել են տեղ, իսկ բազմաթիվ 18-20 տարեկան զինվորներ զոհվել են: Իր ամուսնու մասին ասաց. «Ինձ պատմել են, որ ամուսինս մինչև վերջ թուրք զինյալների հետ կռվել է: Նրանք իմ ամուսնու վրա են աշխատել. իմացել են, թե նա է հրամանատարը: Ով այդ ժամանակ եղել է իմ ամուսնու կողքին, չեն վերադարձել: Իրենք համարվում են անհետ կորած»:

Շուրջ մեկուկես ժամ զորամասի դիմած սպասելուց հետո անհետ կորածների հարազատին մոտեցավ զորամասի պատասխանատուներից Հ. Ադամյանը: Նա վստահեցրեց՝ ամեն ինչն էլ պիտի պարզվի, և ոչ ոք իրավունք չունի վատ վերաբերվել հարազատներին: Նա հարազատներին հրավիրեց զորամաս, սակայն խնդրեց զորամասի տարածքում տեսանկարահանումներ չանել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30