Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախցի տիկին Ալվարդը հուսով է. «Պուտինն այդ հողերը չի տա»

Նոյեմբեր 21,2020 14:26

Ալվարդ Առուստամյանը Վանաձոր է եկել Ստեփանակերտից: Շատերի պես, ինքն էլ ամուսնու ու թոռան հետ հաստատվել է Վանաձորի մանկատանը: Երկար ժամանակ են ապաստարանում ապրել, փորձել են հնարավորինս չլքել քաղաքը, սակայն կրակոցների տակ վախով ապրելն այլեւս անհնար է դարձել, եւ որոշել են իրենք եւս գալ Հայաստան:

Արցախյան ազատամարտը տեսած կնոջ համար այս պատերազմն այլ է, այս անգամ թուրքն ավելի վտանգավոր է եղել. «Այս պատերազմը նման չէր 90-ականներին, սա ոնց որ առաջվա ցեղասպանության 90 տոկոսն արեցին: Եթե չկանգնեցնեին պատերազմը, ուրեմն այդ 10 տոկոսն էլ կանեին եւ վերջ: Սրանց միտքն էդ էր»,- ասում է 60-ամյա կինն ու հավելում, որ վախով են ապրել այս օրերին, եւ դեռ շատ երկար տարիներ կպահանջվի այդ վախը հաղթահարելու ու ցավի հետ զուհագեռ ապրելու համար:

Իսկ հիմա ոչնչից չի վախենում. «Հիմա շատ մարդիկ ասում են, որ գնաք, Շուշիում ու մյուս վայրերում թուրքերն են, բայց ես չեմ վախենում: Մեր տղաներն այնտեղ այդ հողերի համար զոհվեցին: Որ մենք չգնանք, բա էդ հողերում ո՞վ ապրի»:

Տիկին Ալվարդը հուսով է, որ հայտնի փաստաթղթով Ադրբեջանին անցնող Արցախի տարածքները կրկին Հայաստանինն են լինելու. «Հույս ունեմ, որ Պուտինն այդ հողերը չի տա… Չեմ հավատում, որ հողերը տվել ենք: Դաժե եթե տվել ենք, չեմ հավատում… կվերցնենք, մեր տվածը հետ կվերցնենք»:

Իսկ մինչ այդ, տիկին Ալվարդի ընտանիքը նույնպես պատրաստվում է առաջիկա խմբի հետ Արցախ վերադառնալուն: Հիշում է, առաջին օրերին իրենք էլ դժվարությամբ են հաստատվել: Անծանոթ վայրում անծանոթ մարդկանց հետ ապրելն այդքան էլ հեշտ չի եղել: Սակայն շուտով ոչ միայն մտերմացել են, այլեւ ամբողջ խմբին կերակրելու պատասխանատվությունն իր վրա է վերցնել: Այժմ խոհանոցից դուրս չի գալիս, ոչ միայն ճաշն է եփում, այլեւ հաց թխում, թթու պատրաստում ու սեղան գցում. «Ճիշտն ասած՝ ես շատ մարդու համար ճաշ սարքած չկամ, բայց որոշեցի դա անել: Հիմա ես եմ անում: Ժողովուրդը միասնական է, մի ընտանիքի նման ապրում ենք»,-եզրափակեց զրուցակիցս:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30