Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ասել եմ իմ կարծիքը՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է». Բերման ենթարկված Վահագն Վարագյան

Նոյեմբեր 21,2020 14:08

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Վահագն Վարագյանը, որը բերման էր ենթարկվել Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկից, Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Մայթին ուղղակի կանգնած էի, բերման ենթարկեցին, որովհետեւ ասում էին՝ մայթին մի կանգնեք, չի կարելի մայթին կանգնել ու այդպես էլ չկարողացան հիմնավորել, թե ինչու չի կարելի մայթին կանգնել, այնուհետեւ բերման են ենթարկել Արաբկիրի ոստիկանության բաժին, 3 ժամից ավել պահել են բաժնում: Ասել են՝ կասկածվում եմ ռազմական դրության ժամանակ ցույցեր կազմակերպելու եւ մասնակցելու մեջ:

Ես ասել եմ իմ կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, եւ դավաճանական գործունեության հետեւանքով մենք կորցրել ենք մեր հայրենիքի մեծ մասը՝ մոտ 10000 քառակուսի կիլոմետր: Ես ոստիկանության բաժնում դա պնդել եմ, իրենք երեք ժամ պահելուց հետո ինձ տեղափոխել են Երեւանի քննչական վարչություն, ասելով, որ կձերբակալեն: Այնուհետեւ Երեւանի քննչական վարչությունում մի քանի սենյակներ պտտվելուց, ճշտվելուց եւ այլնից հետո ինձ ասել են, որ ազատ եմ՝ այդպես էլ չպարզաբանելով, թե այդ դեպքում ինչու են տեղափոխել այդտեղ: Բերման ենթարկելու հետ կապված ոչ ծանուցում տվեցին, որ էլ որեւէ այլ թուղթ, որպեսզի իմանամ, թե որն է խնդիրը նաեւ քննչական տեղափոխելու համար, այնուհետեւ դուրս եմ եկել»:

Հարցրինք, թե իր տպավորությամբ ինչ խնդիր են ուզում լուծել իշխանությունները մարդկանց բերման ենթարկելով, ձերբակալելով: «Քանի որ այս իշխանությունը վախկոտների մի խմբակ է, կարծում է, թե բերման ենթարկելով, ձերբակալություններով կարողանալու է կոնկրետ ինձ վախեցնել, այն դեպքում, որ իրենց դավաճանական գործունեության հետեւանքով հանձնել են այնպիսի տարածքներ, որտեղ անցած տասը տարիների ընթացքում ես նաեւ ուսանողների հետ կազմակերպել եմ տարաբնույթ միջոցառումներ, այդ տարածքները մեկ գրչի հարվածով դավաճան Նիկոլը հանձնում է, մենք 8000-ից ավելի ծառեր ենք տնկել, Քարվաճառի դպրոցի զարգացման համար բազմաթիվ անգամներ գրքեր ենք տարել (լուսանկարում), մենք այդ հողի հետ կապված ենք եղել, եւ ուսանողներին նաեւ դրանով ենք դաստիարակել:

Եվ այսօր այս վիժվածքների խմբակը մեկ գրչի հարվածով հանձնում է այդ հողերը։ Սա չի կարող ներվել եւ հանդուրժվել: Ես մինչեւ վերջ պայքարելու եմ, որպեսզի իրենք ոչ միայն հեռանան իրենց պաշտոններից, այլեւ օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվեն, չնայած պատմությունն իրենց գնահատականը տալու է, իրենք սերունդներով արդեն դավաճանների ընտանիքներ են, բայց օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են»,-ասաց Վահագն Վարագյանը:

Հարցրինք նաեւ, թե ինչպես է գնահատում ԵՊՀ գիտխորհրդի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի վերաբերյալ:

«Երեւանի պետական համալսարանն Արցախյան շարժման ժամանակ եղել է ակունքներում կանգնած առաջին կազմակերպությունը, կառույցը, 80-ականների վերջին եւ 90-ականներին համալսարանականները նահատակվել են Արցախի պաշտպանության եւ ազատագրման համար՝ Թաթուլը, Պետոն, Լեոնիդը, Դուշմանը… Եվ այսօր համալսարանի համար կրկնակի եւ եռակի ցավ է, որ իր զավակների, ուսանողների, դասախոսների ազատագրած հողերը այսպես դավաճանաբար հանձնվեցին, ԵՊՀ գիտխորհուրդը չէր կարող անտարբեր մնալ:

Ես Երեւանի պետական համալսարանի գիտխորհրդի այդ որոշմամբ առավել վստահ զգացի իմ համալսարանական լինելը, այդ որոշումով եւ կոչով, որ դավաճանների խմբակը հեռանա իշխանությունից, համալսարանը ցույց տվեց, որ իր ստեղծած արժեքների եւ պետության տերերից մեկն է եւ տիրոջ իրավունքով կարող է նման որոշում կայացնել: Ցավով եմ նշում, որ համալսարանում կան նաեւ մարդիկ, որոնք «դեմ» կամ «ձեռնպահ» են քվեարկել այդ որոշմանը, բայց վստահ եմ՝ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի»,- ասաց ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի պետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Արմեն Մինասյանի լուսանկարում՝ Վահագն Վարագյանը, Հրանտ Մելիք Շահնազարյանը, Տիգրան Աբրահամյանը եւ Միհրան Հակոբյանը Արաբկիրի ոստիկանությունում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30