Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք ներկայացնել մեր մոտեցումները տնտեսական, էներգետիկ, հումանիտար փոխգործակցության ասպեկտներով»․ Սերգեյ Լավրով

Նոյեմբեր 21,2020 13:49

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի կառավարական պատվիրակությանը` Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսեյ Նովակը, Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Դաշնային անվտանգության ծառայության 5-րդ ծառայության ղեկավար Սերգեյ Բեսեդան, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, Ֆինանսների նախարարի տեղակալ Թիմուր Մաքսիմովը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով ՌԴ կառավարական պատվիրակությանը` վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Սերգեյ Վիկտորի, հարգելի գործընկերներ, ջերմորեն ողջունում եմ ձեզ Երևանում: Ցանկանում եմ ընդգծել, որ շատ բարձր ենք գնահատում ձեր ներկայությունը մեր երկրում: Դա շատ կարևոր է մեզ համար ոչ միայն շարունակելու, այլ նաև հաշվի առնելով ընթացիկ իրավիճակի յուրահատկությունը` ամրապնդելու մեր կապերը, փոխգործակցությունը, որպեսզի հաղթահարենք այն իրավիճակը, որը ստեղծվել է մեր երկրում և ընդհանրապես տարածաշրջանում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսաստանցի գործընկերներին այն աջակցության համար, որը նրանք ցուցաբերել են ոչ միայն ռազմական ճգնաժամի, այլ նաև կորոնավիրուսի ընթացքում: Կարծում եմ` բոլորս այս ժամանակահատվածում, հատկապես վերջին ամիսների ընթացքում զգացել ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը և այն բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները, որոնք մեր երկրների միջև ավանդաբար առկա են:

Մենք ունենք քննարկման բավականին մեծ օրակարգ, վստահ եմ` կգանք բավականին շատ հարցերի լուծման ոչ միայն ընթացիկ, այլ նաև ռազմավարական բնույթի, որովհետև մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է` հաշվի առնելով հայտնի հանգամանքներն ու իրադարձությունները: Կարծում եմ` մենք պետք է նորովի դիտարկենք մեր ռազմավարական տեսլականը մոտակա և ռազմավարական ապագայի համատեքստում: Կարծում եմ, այս առումով մենք ունենք ընդհանուր հայացքներ և ծրագրեր ու այսօրվա բանակցությունների ընթացքում պետք է դրանք հստակեցնենք: Շնորհակալ եմ»:

Իր հերթին, Սերգեյ Լավրովը հավելել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, հարգելի գործընկերներ, առաջին հերթին ցանկանում եմ Ձեզ փոխանցել նախագահ Պուտինի, կառավարության նախագահ Միշուստինի ջերմ ողջույններն ու լավագույն մաղթանքները: Մենք այստեղ ենք գտնվում Վլադիմիր Վլադիմիրիի որոշմամբ, Դուք նրա հետ քննարկել եք մեր այսօրվա հանդիպումների օրակարգը, նաև այդ մասին խոսել եք Միխայիլ Միշուստինի հետ:

Մենք շահագրգռված ենք, որպեսզի ինչպես Դուք նշեցիք հարգելի Նիկոլ Վովայի, դիտարկենք մեր հարաբերությունների ողջ համալիրն այն բանից հետո, այն իրավիճակում, երբ նոյեմբերի 9-ին ձգձգվող բանակցություններից հետո ընդունվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երեք առաջնորդների հայտարարությունը, որը վերջ դրեց արյունահեղությանը և իրավիճակի կայունացման հնարավորություն ստեղծեց իր բոլոր համատեքստերում, այդ թվում` հումանիտար:

Գիտեք, որ մեր խաղաղապահներն ակտիվորեն զբաղվում են այդ պայմանավորվածության իրականացման ուղղությամբ, այդ թվում` հումանիտար աջակցության ցուցաբերման: Մենք այսօր կքննարկենք նաև հարցեր, որոնք կապված են հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ստեղծման հետ: Այն ևս նոր կառույց է, ամբողջությամբ աշխատելու է քաղաքացիների կարիքների, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: Կդիտարկենք նաև մեր տնտեսական փոխգործակցության ընթացիկ հարցերը, էներգետիկայի ոլորտում փոխգործակցությունը` համաձայն ծրագրի, որը մեր հայ գործընկերները պատրաստել են մեզ համար:

Նաև ընդգծեմ, որ մենք ակտիվորեն աշխատում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ՄԱԿ-ի կառույցների հետ, ինչպիսիք են` փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունը: Բոլոր այս կազմակերպությունների, նրանց ղեկավարների հետ կապ ենք հաստատել, և այսօր էլ պատրաստ ենք մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես օպտիմալ կերպով կազմակերպենք նրանց ներդրումն այն հարցերի շուրջ, որոնք անհրաժեշտ է այսօր դիտարկել և կարգավորել:

Մենք շնորհակալ ենք Երևանում ավանդական ջերմ ընդունելության համար, և վերահաստատում ենք մեր աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին: Իմ գործընկերները Ձեր թույլտվությամբ պատրաստ են ներկայացնել մեր մոտեցումները տնտեսական, էներգետիկ, հումանիտար փոխգործակցության ասպեկտներով, այդ թվում` մեր ընդհանուր ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում»:

Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ոլորտներում մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների, կոնորավիրուսի դեմ պայքարի և այլ ուղղություններով համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող ուղիղ հումանիտար աջակցությանը, ինչպես նաև պատերազմի հետևանքով դիերի և գերիների փոխանակման, հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերին: Ընդգծվել է դրանց հետևողականության կարևորությունը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանման գործում Թուրքիայի դերին` Սերգեյ Լավրովը շեշտել է, որ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը գործելու է բացառապես հեռավար կերպով: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և դրա կայունացման շուրջ համագործակցության վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Արցախում բնականոն կյանքի վերսկսումը և արցախցիների` հայրենի բնակավայրեր վերադառնալու հանգամանքը և նշել, որ ՀՀ կառավարությունն Արցախի կառավարության հետ իրականացնելու է ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման հետևողական ծրագրեր:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Շարունակում ենք մեզ ներկայացնել հակամարտության կողմ՝այդ դեպքում ինչու? Ռուսաստանը իր դաշնակցային պարտավորությունները չկատարեց:Թե? հաճելի է այդպիսի մարդկանց հետ նստել-վերկենալը՝գյուղում կասեն մեր Նիկոլը ուր է հասել….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30