Լրահոս
Օրվա լրահոսը

Կռվել է մինչև վերջ և անմահացել՝ նռնակը գրպանում բացած. Շուշիում նահատակված Իլյա Հակոբյանի պատմությունը

Նոյեմբեր 21,2020 13:20

Ծնունդով Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից է Արցախյան նորօրյա գոյապայքարի հերոսներից Իլյա Հակոբյանը։

Բարի, կամեցող, լավատես, համառ, հաստատակամ, խելացի ու նպատակասլաց. ճանաչողներն այսպես են բնութագրում մերօրյա հերոսին։

– Նա բարության անկրկնելի կերպար էր, չնայած ինձնից փոքր էր 15 տարով, բայց իմ թև ու թիկունքն էր։ Մինչև հիմա սպասում եմ նրա զանգին, հավերժական կարոտով սպասում եմ…,- մեր զրույցում ասում է հերոսի քույրը` Հասմիկը։

2017-2018 թթ. Իլյան սովորել է Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Մեկ ամսվա մեջ ճանաչվել է լավագույն զինվոր-մարզիկ։ Սպորտ շատ էր սիրում։ Դպրոցում և վարժարանում ուսանելու տարիներին ակտիվ մասնակցել է մարզական տարբեր մրցույթների՝ զբաղեցնելով առաջնակարգ տեղեր և արժանանալով ոսկե և արծաթե մեդալների ու պատվոգրերի։

Հիշողությունները շատ են, կարոտը` անչափելի։ Եվ հենց այդ կարոտի անսահմանության մեջ է Հասմիկը խոսում եղբոր մասին։

– 6 ամսականից Իլյային գիրկս եմ առել ու քնեցրել, երբեմն ծնողական ժողովներին եմ մասնակցել, բոլոր մրցույթներին ներկայացել և նրա հետ կիսել բոլոր հաղթանակներն ու հաջողությունները։ Մենք մի անբաժանելի սիրով ենք կապված եղել, ու այդ կապը միշտ լինելու է, որովհետև ես մինչև կյանքիս վերջը զգալու եմ եղբորս ֆիզիկական ուժը, մեջքը, ներկայությունն ու ձայնը,-ասում է Հասմիկը։

Անշահախնդիր ու բոլորին օգնող տղա էր Իլյան։ Առանձնահատուկ վերաբերմունք ուներ տնային ծաղիկների նկատմամբ։ Նաև բակի վարդերն էր խնամում։ Հասկանում էր ապրելու և սիրելու իմաստը։

Իլյան ամենաթեժ մարտերին է մասնակցել։ Չնայած Հադրութում է ծառայել, բայց մասնակցել է Մարտունու և Շուշիի մարտերին։ Պատերազմի առաջին օրերին վաշտի կեսը զոհվել է, վիրավոր ու զոհված ընկերներին ինքն ու իր ընկերներն են հանել մարտադաշտից։

Աստված 45 օր իր ամենազոր աջի տակ պինդ պահել է Իլյային ու վերջին օրն էլ անմահացել է նա։ Վերջին անգամ Շուշիում էր։ Քույրը պատմում է, որ նոյեմբերի 6-ի երեկոյան զանգել և խոսել է, նաև հոր հետ էլ է խոսել առաջին անգամ պատերազմի ժամանակ։

-Կարծես բոլորիս հրաժեշտ է տվել,-արցունքները զսպելով ասում է քույրը։

Հասմիկը պատմում է, որ դպրոցական հասակում Իլյան խնայդրամարկղ ուներ, իսկ երբ նոր աշխատանք էր փնտում, Իլյան իր հավաքած 6000 դրամ գումարը տվել է նրան և ասել` «յոլա կգնաս, մինչև…»։

Տան հոգսը միշտ նրա վրա էր՝ իր ուժեղության և կամքի դրսևորմամբ։

-Նոյեմբերի 7-ից չկարողացանք կապվել նրա հետ։ Ընկերների խոսքով՝ Իլյան վիրավորվել էր… մի շաբաթ բոլոր հիվանդանոցներում փնտրել ենք, այնինչ իմ հերոսը վիրավոր կռվել է իր 30 մարտական և ծառայակից ընկերների հետ, կռվել է մինչև վերջ և անմահացել՝ նռնակը գրպանում բացած,- ասում է Հասմիկը։

18 գարուն ապրեց Իլյան, ու բոլորիս սրտում ամենամեծ ցավն այն է, որ Շուշին էլ մերը չէ, որտեղ արյուն են թափել հերոսները, այդ թվում նաև ինքը` Իլյան։

Ես հերոսի քույր եմ, բայց ցավով եմ ապրում, որովհետև իմ հերոսի նման արժանապատիվ ապրելու իրավունք չունեն, քանզի Շուշիում՝ իմ հերոսի արյամբ սրբագործված քաղաքում ես մոմ վառելու հնարավորություն չեմ ունենա։

Քույրը ցավով է նշում, որ իրենց տունն էլ է դարձել թշնամու հրետակոծության թիրախ և ավերվել է, բայց վստահ ասում է, որ պետք է վերակառուցեն տունը՝ Իլյայի տունը, որովհետև այդտեղ հերոս եղբայրն է ծնվել ու մեծացել։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30