Ի թիվս այլոց, բերման ենթարկվածների թվում է եղել քաղաքագետ Արմեն Մինասյանը, որին հինգ ու կես ժամ պահելուց հետո բաց են թողել: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մինասյանն ասաց, որ ինքը բերման է ենթարկվել Սիրահարների այգու մուտքի մոտից:
«Ինձ համար անհասկանալի էին ինձ բերման ենթարկելու հանգամանքները: Ես այդ տեղանքում ընդամենը եղել եմ 30 վայրկյան, հրահանգ է եղել, որ չպիտի կանգնեք: Հարցրել եմ՝ ինչու, ասել են՝ թե չէ բերման կենթարկենք: Ասել եմ՝ ենթարկեք, ու տարել են»:
Նրա խոսքով, բերման ենթարկելու վերաբերյալ զեկուցագիր չի եղել. «Զեկուցագիր չի եղել բերման ենթարկելու, հետո ինչ-որ զեկուցագիր է եղել, դրա հիման վրա արձանագրություն է կազմվել եւ մեղսագրվել է ապօրինի հավաք կազմակերպման կասկած: Քանի որ ժամանակը կգա, արձանագրությունը կլինի ձեռքի տակ, այնտեղ հատ-հատ կնշենք, թե ինչն է սխալ, քանի որ դրանք բոլորն արձանագրված են:
Կարդացեք նաև
Իրականում ոստիկանների հետ կապված որեւէ խնդիր չկա, մարդիկ հրահանգ են կատարում, ակնհայտ երեւում էր, առանց զեկուցագրի փորձում էին պարզել, թե ինչ պետք է անել: Վերջում ուղղակի բերման ենթարկելով, հինգ ու կես ժամ լրանալուց հետո բաց են թողել: Շարունակությունն ինչ կլինի, չգիտեմ: Ոչինչ չեն տեղեկացրել, ոնց հասկանում եմ՝ քրեական գործ է հարուցված՝ այդ դրվագով բոլորին անցկացնում են»:
Aravot.am-ի հարցին՝ իր տպավորությամբ մարդկանց բերման ենթարկելով ինչ խնդիր է փորձում լուծել իշխանությունը, Արմեն Մինասյանը պատասխանեց. «Իշխանությունը փորձում է լուծել ընդամենը մի խնդիր՝ փակել մարդկանց բերանը… Ի՞նչ խնդիր է լուծում պատերազմից 15 օր անց, երբ խաղաղապահներ են շարված, եւ ռազմական դրություն է, մարդկանց ազատ տեղաշարժի, խոսքի ազատության սահմանափակումը ի՞նչ խնդիր է լուծում…Փակել մարդկանց բերանը, չթողել տնից դուրս գան»:
Քաղաքագետը հավելեց. «Կան խնդիրներ, որոնց լուծմանը անձամբ ես հասնելու եմ՝ անկախ ցանկացած սահմանափակումից»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ոստիկանության բաժանմունքում Արմեն Մինասյանի (աջ կողմում) լուսանկարը՝ «Ադեկվադի» ֆեյսբուքյան էջից