Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամ ջան, ի՞նչ հանգիստ, ես պետք եմ Արցախին»․ անմահացած Ալեն Բեգլարյան

Նոյեմբեր 21,2020 11:29

Կապանցի Ալեն Բեգլարյանը դեռ մանկուց է սիրել զինվոր լինել։ Խաղալիքների մեծ մասը կամ զենքեր էին, կամ էլ ռազմական մեքենաներ։ Ծնողներին ստիպում էր որ իրեն «սալդատի շորեր հագցնեն»։

Ասում էր մեծանամ՝ անպայման զինվոր եմ դառնալու։ Դպրոցում սովորելու տարիներին էլ դարձավ պատանի երկրապահ։

Սպորտով էր զբաղվում, ավտոմեքենաների նկատմամբ սեր ուներ։ «Չարաճճի, աշխույժ, բարի տղա էր»,–պատմում է Ալենի եղբոր կինը՝ Աստղիկ Ոսկանյանը։ 13 տարեկան էր Ալենը, երբ Աստղիկն ամուսնացավ եղբոր՝ Ռաֆիկի հետ։

«Ես եղբայր չունեմ, Ալենը դարձավ իմ եղբայրը, կիսվում էի հետը՝ ամեն ինչով, ինքն էլ ինձ էր վստահում իր գաղտնիքները։ Դարձա նրա քույրիկը, ինքն էլ իմ եղբայրը»,–ասում է Աստղիկը։

Ալենը Մատաղիսում է ծառայել, 2020թ․ հուլիսին է զորացրվել։ Ծառայության ընթացքում որպես խիզախ ու պարտաճանաչ՝ համարվել է զորամասի լավագույն զինծառայողներից մեկը։

Զորամասի հրամանատարությունը Ալենի ծնողներին շնորհակալագիր է ուղարկել։

Նաեւ արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի։ Սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի երրորդ օրը ներկայացավ զինկոմիսարիատ, բայց մերժեցին։ Պատճառաբանությունը՝ զորացրվելուց մեկ տարի չի անցել ։ «Իսկ երբ վարչապետը կոչ արեց զինծառայությունը նոր ավարտածներին հավաքվել՝ ուրախացավ։ Ժամանակ չկորցնելով իջավ զինկոմիսարիատ»,–ասաց Աստղիկը։

Զինկոմիսարիատում, այս անգամ էլ ասացին, որ պիտի սպասի։ Մի քիչ բարկացած վերադարձավ տուն: Մայրը, տնեցիները փորձեցին սփոփել՝ ասելով, որ դեռ երկու ամիս է, ինչ զորացրվել է, նրան հանգիստ է պետք։

«Ասաց՝ մամ ջան, ի՞նչ հանգիստ, ես պետք եմ Արցախին, էնդեղ եմ ծառայել, ամեն մի թուփն ու քարը գիտեմ։ Իմ նմանների կարիքը կա Արցախում»,–հիշում է Աստղիկը։ Նույնիսկ եղբայրն ասաց, եթե պետք լինի ինքը կգնա կռվելու, թող Ալենը մնա տանը։

«Չէ՛ Ռաֆո, ո՞նց կլինի, դու ամուսնացած, երկու երեխա ունես, բա որ մի բան լինի։ Ես դեռ մենակ, ես կգնամ»,–հակաճառեց ավագ եղբորը։

Պատերազմական իրավիճակը գնալով սրվում էր։ Պաշտոնյաներն ամեն օր կամավորագրվելու կոչեր էին անում։ Ալեն Բեգլարյանն էլ կամավորագրվեց։ Անպայման Արցախ էր ուզում գնալ, բայց իրենց ջոկատին կցագրեցին սահմանամերձ Դավիթբեկ գյուղի ինքնապաշտպանությանը։ Հերթափոխով էր։ Տունն էր գալիս ու նորից գնում հերթափոխի: Ներքուստ մտահոգ էր, բայց արտաքուստ ցույց չէր տալիս։ Նույնիսկ Աստղիկի հետ չէր կիսվում, թե ինչ է կատարվում։

«Ասում էր՝ կներես, ռազմական գաղտնիք է, բայց լավ է լինելու, դրանք չեն մտնի մեր հողերը»,–հիշում է Աստղիկը։

Նոյեմբերի 8-ին հերթափոխի էր, տնից առավոտը գնաց Դավիթբեկ ու այդ օրն էլ զոհվեց 20-ամյա Ալեն Բեգլարյանը։ Թշնամու արկը հարվածել էր նրանց խրամատին։

Ալենի ավագ եղբայրը երկու տղա ունի՝ 6-ամյա Արթուրը եւ 2 տարեկան Ալենը։ «Փոքր տղաս երբ ծնվեց, ամուսինս ու մեծ տղաս որոշեցին Ալեն անվանակոչել։ Հիմա տանը Ալեն ունենք։ Ալեն Բեգլարյան»,–մեր զրույցը եզրափակեց Աստղիկը։

Կմեծանան Ալեն Բեգլարյանի եղբոր որդիները, ավելի շատ բան կիմանան իրենց անմահացած հերոս հորեղբոր մասին ու գուցե տարիներ անց հետ բերեն մեր կորսված հողերը։ Ու այդ ժամ այցելելով Բաղաբուրջի հուշահամալիրում ամփոփված հորեղբոր շիրիմին՝ կասեն․ « Հոպար ջան, կիսատ թողած գործդ ավարտեցինք․․»։

Եվ ոչ միայն իրենց հորեղբոր, այլ հուշահամալիրում ամփոփված բոլոր հերոսների գործը․․․․․

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30