Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյանը՝ ՄՈԳՈ-ում աշխատելու և ստանձնած պարտավորությունների մասին․ Լիարժեք գիտակցում եմ, թե ինչ խնդիրներ կան, անկախ նրանից, թե նախկինում որտեղ ինչ աշխատանքով եմ զբաղվել․ «Հրապարակ»

Նոյեմբեր 21,2020 11:10

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դեռ պաշտոնից չազատված՝ արդեն հայտնի էր նրան փոխարինողի անունը՝ Մեսրոպ Առաքելյան։ Մի քանի ժամից հաստատվեց նրա հրամանը։ Առաքելյանն «Իմ քայլը» դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցության անդամ է եւ ՄՈԳՈ վարկային վատահամբավ կազմակերպության տնօրենը։

ՄՈԳՈ-ի տրամադրած բարձր տոկոսադրույքներով վարկերի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ են հայտնվել սոցիալապես ծանր վիճակում, մենք բազմաթիվ հրապարակումներ ենք ունեցել այդ թեմայով։ Հիմա այս հակասոցիալական կազմակերպության տնօրենը նշանակվելու է սոցիալական հարցերի նախարար։

Մենք Առաքելյանի հետ զրուցել ենք նշանակումից րոպեներ անց։

– Դուք շարունակելո՞ւ եք ղեկավարել ՄՈԳՈ վարկային կազմակերպությունը։

– Չէ, դուրս եմ գալիս, որովհետեւ օրենքը թույլ չի տալիս, մինչ այդ ես հասարակական հիմունքներով էի։

– Ի դեպ, Ձեզ ու ՄՈԳՈ-ին քննադատում էին, որ շատ քաղաքացիներ ուղղակի հարստահարվել են այդ վարկային կազմակերպության տրամադրած վարկերի պատճառով։

– Ես այդտեղ աշխատել եմ տնօրեն այնպես, ինչպես աշխատել եմ դրանից առաջ, օրինակ, «Արդշինինվեստբանկում» կամ «ՎՏԲ-Հայաստան» բանկում։ Ես սեփականատեր չեմ եւ աշխատել եմ այնպես, ինչպես շարունակել եմ՝ 15 տարուց ավելի բանկային կարիերան։

– Բայց փաստացի ղեկավարել եք մի կառույց, որի արդյունքում, ըստ էության, ավելացել է Ձեր՝ որպես արդեն նախարարի, շահառուների թիվը։

– Չէ, դե հիմա տենց եթե ասենք․․․ Մաքսիմում նաեւ ընկերությունում, որտեղ աշխատել եմ, հաշվի ենք առել սոցիալական պատասխանատվությունը, բազմաթիվ քաղաքացիների վարկեր ներվել են, գրաֆիկներ են տրվել, փորձել ենք նաեւ անհատական լուծումներ տալ։ Չեմ բացառում, որ, իհարկե, դժգոհողներ եղել են։

– Բայց անտրամաբանական բարձր տոկոսադրույքներով վարկային պայմաններ են եղել՝ ընդհուպ 50-60 տոկոս։

– Այո, եղել են բարձր, սակայն հիմա շուկայում նման տոկոսներ շատ կան, բայց եղել են մարդիկ, որ, հիմա թիվ չասեմ, բայց զգալի մասը դժգոհ չի եղել, որովհետեւ այդ մասին նաեւ ավելի ծանր, բարձր տոկոսներով իրենց բեռը փոխարինել են ավելի երկարաժամկետ լուծումներով, հետեւաբար, նորից եմ ասում, անհատական, իհարկե, հնարավոր է, որ 100, 200 հոգի դժգոհ լինեն, չեմ բացառում։ Փորձել ենք առավելագույնս նաեւ էնպես անել, որ մարդիկ գիտակցեն, որ վարկ են վերցնում։

– Ի՞նչ եք կարծում, մի մարդ, ով ղեկավարել է վարկային կազմակերպություն, որը սոցիալական խնդիրներ է առաջացրել բազմաթիվ քաղաքացիների համար, կարո՞ղ է որպես սոցիալական հարցերի նախարար աշխատել՝ սոցիալական խնդիրներ լուծել։

– Առաջին ձեւակերպման հետ թույլ տվեք չհամաձայնել, որ այդ վարկերի պատճառով մարդիկ սոցիալական խնդիրների մեջ են հայտնվել, որովհետեւ, էլի եմ ասում, իհարկե, անհատապես մարդիկ տարբեր իրավիճակների արդյունքում կարող է վարկի պատճառով իրենց բարեկեցությունը վատանալ եւ լավանալ։ Հիմա այդ մասը դնենք մի կողմ։ Ես պատրա՞ստ եմ ստանձնել այդ պատասխանատվությունը, թե՞ ոչ․ այո, պատրաստ եմ ստանձնել։ Լիարժեք գիտակցում եմ, թե ինչ խնդիրներ կան, անկախ նրանից, թե նախկինում որտեղ ինչ աշխատանքով եմ զբաղվել։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30