Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում հիմնական խնդիրը այն շրջանների բնակիչների մասով է, որոնց բնակավայրերը այլեւս մերը չեն, մարդիկ անընդհատ վարձով բնակարաններ են փնտրում. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 21,2020 09:45

Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմը Արցախում թեպետ ավարտվել է, հետեւանքները դեռ պահպանվում են: Մինչ օրս սակրավորները հայտնաբերել են ավելի քան 1000 չպայթած ռումբ: Իրականացվող աշխատանքների, ինչպես նաեւ Ստեփանակերտում տիրող իրավիճակի շուրջ զրուցել ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանի հետ:

– Պարոն Թադեւոսյան, ինչպիսի՞ իրավիճակ է այժմ Ստեփանակերտում:

– Ստեփանակերտցիները, որոնք պատերազմական գործողությունների ընթացքում տեղափոխվել էին Հայաստան, արդեն վերադառնում են իրենց օջախները: Այսօրվա դրությամբ վերադարձած քաղաքացիների թիվն անցնում է մի քանի հազարը, քաղաքում շարժ նկատվում է, հատկապես արեւային եղանակին ստեփանակերտցիները դուրս են գալիս փողոց՝ զբոսնելու: Մարտակերտցիներն իրենց տներն են վերադառնում, ստեփանակերտցիները՝ իրենց: Հիմնական խնդիրը այն շրջանների բնակիչների մասով է, որոնց բնակավայրերը այլեւս մերը չեն, մարդիկ անընդհատ վարձով բնակարաններ են փնտրում:

– Ահազանգեր են ստացվում բնակարաններ չգտնելու մասով, ինչպե՞ս է կազմակերպվում այս հարցը:

– Այո՛, սրան զուգահեռ, առանձին ճակատում՝ Արցախի ֆեսյբուքյան տիրույթում, շարունակում են բողոքներ ստացվել բնակարանների մասով: Շատերը բնակարան են կորցրել պատերազմի ընթացքում, բայց ցանկանում են վերադառնալ Արցախ: Այս առումով պետությունը առաջարկել է վարձով բնակարաններ գտնել, որի վարձը կփոխհատուցվի պետության կողմից: Այս պահին Ստեփանակերտում եւ բոլոր բնակավայրերում, որտեղ պատերազմական գործողություններ են տեղի ունեցել, ավերածությունների ու վնասների գույքագրում է կատարվում: Կարճ ժամանակում դրանք անպայման պետք է վերացվեն, պատերազմի հետքը պետք է իսպառ վերացվի, սա է այսօրվա առաջնային օրակարգը: Դրսում մնացած ընտանիքներ, միանշանակ, չունենք: Մենք թեկուզ ժամանակավոր, բայց տեղավորում ենք հանրակացարաններում, ազատ բնակարաններում, այլ տեղերում, մինչեւ որ հարցը կլուծվի:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ծառայողների, քաղաքաշինության նախարարության, ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակիցների հետ համատեղ ստեղծել են միջգերատեսչական հանձնաժողով, ձեւավորվել է աշխատանքային խումբ, որն էլ կատարում է գույքագրում ու չափագրում:

– Ի՞նչ փուլում են գտնվում Արցախում պայթած ու չփայթած ականների հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

– Այս պահին հետպատերազմական Արցախում սակրավորներն են առաջնագծում, քանի որ թշնամական կողմը թիրախավորել էր քաղաքացիական բնակչությանն ու բնակելի թաղամասերը, այնտեղ մինչ օրս առկա են կասետային ռումբեր: Տեսանելի վայրերում այդ աշխատանքները ամբողջությամբ ավարտված են, դրանք հայտնաբերվել ու վնասազերծվել են: Կարող ենք ասել, որ Ստեփանակերտը 90 տոկոսով մաքրված է պայթած ու չպայթած ռումբերից ու դրանց մնացորդներից, իսկ մյուս բնակավայրերում աշխատանքները ընթացքի մեջ են: Ներկայումս ՌԴ ԱԻՆ-ի հետ է ձեռք բերվել պայմանավորվածություն, որ ռուս փրկարարներն ու սակրավորները եւս ներգրավվեն այդ աշխատանքներում:

– Վիրավորների եւ զոհված զինծառայողների մարմինների դուրս բերման աշխատանքներն ի՞նչ փուլում են:

– Աշխատանքները շարունակվում են: Փրկարար ծառայողները, ոստիկանները, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից զինծառայողները Շուշիի տարածքում արդեն որոնողական աշխատանքները մինիմալի են հասցրել Կարմիր խաչի անմիջական մասնակցությամբ:

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30