Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակշռողը, դարձյալ, ռուսական զորքն է, որը բոլորի զարմանքը շարժող արագությամբ եւ կարգապահությամբ արդեն տարածվել է մեջտեղից կիսված բուն Արցախում եւ մեր սահմանների վրա. «Ազգ»

Նոյեմբեր 21,2020 09:35

Պատմությունը կրկնվում է: Թերեւս ոչ նույնությամբ, թերեւս ասիմետրիկ, թերեւս սպիրալաձեւ, ինչպես ասում է գաղափարակից պատմաբան ընկերս, բայց կրկնվում է:

Դերերն ու դերակատարները փոխվում են, իրավիճակն ու պայմանները՝ նույնպես, բայց գալիս է մի պահ, մերկ եւ մերկապարանոց իրականության մի վիճակ, որը ժապավենի հետադարձ պտույտով մեզ բերում-կանգնեցնում է 100 տարի առաջ արձանագրված իրականությանը դեմ-հանդիման, փշուր-փշուր անելով այն առասպելը, թե հայի հետին խելքը, ինչպես վերջերս հիշեցնում էր ՀՀ հիմնադիր նախագահը, ամենեւին էլ լավը չէ, իմաստուն չէ:

101 տարի առաջ Զորավար Անդրանիկը զենք-զինամթերքը Ս. Էջմիածնին հանձնելով մեկնելուց առաջ օրվա իշխանություններին՝ հորդորում էր՝ մեզ չթշնամացնել վերջին ու միակ բարեկամի՝ Ռուսաստանի հետ, մինչդեռ իշխանությունները նայում էին հեռո՜ւն՝ դեպի Սեւր, չտեսնելու տալով իրենց քթի տակ ձեւավորվող Աթաթուրք-Լենին նոր տանդեմը, դեպի Ալեքսանդրապոլ ներխուժող թուրքական բանակները, հյուսիս-արեւելքից արշավող Կարմիր բանակի «փրկչական» առաջխաղացքը: Իրավիճակ, որը հետագայում, անկախ Հայաստանի վերջին վարչապետի եւ նրա ընկերների կողմից պիտի բնութագրվեր իբրեւ «թուրքական մուրճի ու ռուսական սալի միջեւ» կացություն, մինչ ուրիշներ, դեռեւս սփյուռքացող ամբոխներ, տարբեր երկրներում պիտի շարունակեին երգել նույն՝ հին երգը՝ «թե ինչպես կորավ հայ ազգի գահը»…

Այժմ, «գահը», այսինքն պետությունը, այսինքն պետական անկախությունը կորցնելու դատավճիռն է դրված սեղանին, ստորագրված երեք երկրների պետերի կողմից՝ Ռուսաստան, Ադրբեջան եւ… Հայաստան, բայց այնտեղ չկա գլխավոր դերակատարի ստորագրությունը՝ Թուրքիան, որի արյունոտ ձեռքերը լրիվ, կամ գրեթե լրիվ ազատ են ամբողջովին գաղութացնելու Ադրբեջանը, Կարսի տխրահռչակ պայմանագիրն անտեսելով զավթելու Նախիջեւանը, զորք կուտակելով այնտեղ, Մեղրիով իրեն համար ճանապարհ հարթելու դեպի Թուրանական երազի իրականացում, միաժամանակ կամք թելադրելու Հայաստանին:

Հակակշռողը, դարձյալ, ռուսական զորքն է, որը բոլորի զարմանքը շարժող արագությամբ եւ կարգապահությամբ արդեն տարածվել է մեջտեղից կիսված բուն Արցախում եւ մեր սահմանների վրա: Այդ զորքը եկել է մնալու. արդեն հոսպիտալներ է սարքում, սնունդ է մատակարարում ստեփանակերտցիներին, ուղեկցում Արցախ վերադարձողներին, նրանց քաղաքացիություն շնորհելու խոստում տալիս, պատրաստվում է վերջապես գործի դնել Իվանյան պողոտայի վրա գտնվող մեր սիրունիկ օդակայանը ու, ամենայն հավանականությամբ, շուտով կձեռնարկի նոր ճանապարհների կառուցմանը՝ թերեւս մինչեւ… Թաթարստան:

Անշուշտ արցախցին դժգոհ չէ «փրկչական» այդ միջամտությունից, ու, թերեւս, դեմ չի լինի նաեւ Արցախը ռուսական պրեֆեկտուրայի՝ հոգատարության վերածելու մտքին: Դեմ չենք կարող լինել նաեւ մենք, երբ միեւնույն սեղանին դրված է մեր 150 հազար ազգակիցների կյանքը:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30