Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Խաչատրյան. «Մարդիկ պետք է տեսնեն, որ Փաշինյանը չի կառչում աթոռից». «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 21,2020 09:22

Մինչ ՀՀ վարչապետն իրականացնում է կադրային փոփոխություններ՝ օրերս հրապարակած ճանապարհային քարտեզն իրագործելու համար, արդեն կարծիքներ են հնչում, որ նոր կադրերը մեծ սպասելիքներ չեն առաջացնում:

«Դրանք չեն ոգեւորում անձամբ ինձ: Այդ փոփոխություններով ոչինչ չի փոխվելու: Պետք է վարչապետին կից ինչ-որ մի խորհրդակցական կաբինետ ձեւավորվի: Այդ կաբինետը պետք է համալրվի ավելի ստեղծագործող, ավելի պատրաստված մարդկանցով, քան էսօր կան: Մենք պետք է իմանանաք՝ ովքեր են այդ մարդիկ, անհատները, որ մշակում են այդ ճանապարհային քարտեզը: Ի վերջո այդ հարցերը պետք է մշակվեն բանավեճերի արդյունքում»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Ըստ նրա՝ պատերազմից հետո նաեւ նոր բանակցող է պետք: Այդ առումով վստահ չէ, որ արտգործնախարար Արա Այվազյանը ճիշտ ընտրություն էր, չի ճանաչում նրան: Ինչ վերաբերում է անձամբ Փաշինյանին՝ Խաչատրյանը վստահ է՝ վարչապետն այս ընթացքում պետք է մի քանի քայլ իրականացնի, որից հետո հրաժարական տա, արտահերթ ընտրություններ նշանակի:

«Մինչ այդ պարտադիր պետք է սահմանադրական փոփոխությունները ավարտին հասցվեն: Ես մասնավորապես եկել եմ այն համոզման, որ խորհրդարանական կառավարման համակարգը մեզ համար վտանգավոր է, որովհետեւ դա ենթադրում է քաղաքական ուժերի իշխանություն, իսկ մենք չունենք կայացած քաղաքական ուժեր: Ուստի, պետք է հրաժարվել խորհրդարանական մոդելից: Բացի այդ, պետք է համաձայնության մթնոլորտ ձեւավորել»,- ընդգծեց Խաչատրյանը:

Վստահ է՝ առանց այդ մթնոլորտը ձեւավորելու հրաժարական տալու պարագայում ոչ միայն ընտրությունները արդար չեն լինի, այլեւ շատ արկածախնդիրներ կարող են օգտվել իրավիճակից եւ «վարի տալ այս երկիրը»:

Այդ առումով խոսելով Ազատության հրապարակում հավաքներ անցկացվող 16 ուժերի մասին՝ քաղաքագետը արձագանքեց. «Դրանք լուրջ չեն ինձ համար: Դրանք հեչ»:

Մանրամասնելով, թե ինչ նկատի ունի համաձայնության մթնոլորտ ասելով՝ Խաչատրյանը պատասխանեց. «Համաձայնության մթնոլորտն անհրաժեշտ է, որ ընտրություններ տեղի ունենան առանց խախտումների, առանց ընտրակաշառքների: Հասարկությունը պետք է իր վերաբերմունքն արտահայտի. միգուցե ուզում են, որ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, միգուցե այլ ուժերի մեջ այլընտրանք են տեսնում: Մարդիկ պետք է տեսնեն, որ Փաշինյանը չի կառչում աթոռից: Պետք է այլ ուժերը տեսնեն իրենց կշիռը: Մեզ պետք է այնպիսի խորհրդարան, որում վիճում են, սկզբունքային բանավեճեր են տեղի ունենում, հասարակական շերտերի տրամադրություններն են արտահայտում: Այս ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունը պետք է արթնանա նիրհից: Բոլորը իրենց հույսը դրել են վարչապետի համբավի վրա: Բայց այդպես չպետք է լինի: Ստանալ իշխանություն՝ չի նշանակում, որ ամենակարող ես»:

Վիգեն Խաչատրյանը վստահ է՝ եթե նույնիսկ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հեռանա՝ կարող է շարունակել օգտակար լինել մեր երկրին.

«Թող Փաշինյանը ստանձնի հակակառուպցիոն պայքարի պատասխանատվությունը: Իսրայելում բազմաթիվ վարչապետներ կան, որ հետո նախարար են աշխատում: Պետք չի ամեն ղեկավարի քշել: Նա պետք է մնա եւ իր փորձը ծառայեցնի: Ինքը լուրջ տեղ կարող է գրավել քաղաքական համակարգում, շատ բան կարող է անել Հայաստանի համար»,- հավելեց քաղաքագետը:

 

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30