Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու տող. «Այսօր Հայաստանը նույն վտանգի առաջ է կանգնած, բայց ամենահզոր ու նենգավոր թշնամին մեր մեջ է»

Նոյեմբեր 21,2020 00:53

Ներողություն եմ խնդրում, որ այս խոսքերս գրում եմ «տաք դոշակիս վրան պառկած»,  այլ ոչ թե մեր եղբայրների հետ կռվի դաշտում, որ առյուծի պես մարտնչում էին տասնապատիկ գերազանցող թշնամու դեմ: Փառք ու պատիվ մեր քաջորդի մարտիկներին, որ զոհվեցին հանուն Հայրենիքի: Խորին ցավակցություն բոլոր մայրերին, որ կորցրին իրենց արդար զավակներին:

Խելացի մարդը փորձ կքաղի կյանքի դառը դասերից: Այս օրերի իրադրությունը ևս մեկ անգամ ապացույց արեց, որ որոշ հայերի համար մեր ամբողջ պատմության ամենասոսկալի էջերը դաս չեն եղել: Ամբողջ աշխարհով մեկ գոռում ենք, որ թուրքը ոճրագործ է ու չի ճանաչի մեծ եղեռնը: Մեղա՛ քեզ Տեր, մեղա՛, քանիցս հայի գլխին թափելու են հերթական փորձանքներ, մինչև ինքը հայը ճանաչի ու դատապարտի իր մեջ դարերով նստած արատները: Վերջերս ևս մեկ անգամ անդրադարձա մեծն Մովսես Խորենացու «Հայոց  պատմությանը»: Ազնիվ խոսք՝ առանց զզվանքի չկարողացա հասնել ավարտին: Ինչքան ձախողություն, ինչքան շահասիրություն, ինչքան դավաճանություն ու եղբայրասպանություն: Դրանից հետո էլ դժգոհում ենք, որ մեզ չեն հարգում:

Հայրենիք, հարազատներ ու հարևաններ չեն ընտրում: Ւնչը Աստված տվեց՝ այն ստացանք: Իսկական ցավը մեր մեջ է, և մինչև  մենք ինքներս մեր մեջ չդատապարտենք ու չբուժվենք մեր աղետներից, միշտ հաղթված ենք լինելու: Եվս մեկ անգամ համեմատեցեք Հայաստանի քարտեզը Տիգրան Մեծի օրոք և այսօրվանը: Ո՞վ էինք և ի՞նչ դարձանք: Սա, ախր, իր պատճառն ունի: «Կացինը անտառ մտած, ձախ ու աջ ջարդուփշուր է անում, և ծառերի մեջ շշուկ անցավ՝ կացինի բռնակը մերոնցից է…»:

Հերիք եղավ, բոլ եղավ մեր նվնվոցը: Մեր անցյալի լուսապայծառ նկարներով հարբած, գայլի առաջ անկարող գառ չպիտի լինենք, այլ առյուծի ուժ պետք է ստանանք մեր համախմբվածությամբ: Այո՛, ունենք Անդրանիկ Օզանյան: Բայց ունենք նաև Պետրոս Գետադարձ:

Նորից եմ կրկնում՝ մինչև մենք մեր միջից դուրս չշպրտենք արծաթասիրությունն ու շահասիրությունը և նման բոլոր աղտերը, (մնացածները չեմ ուզում վերհիշել, թող ամեն հայ ինքը իր մեջ ճանաչի իր ցավերը, այլ ոչ թե եղբորը, կամ կողքինինը, կամ հարևանինը:

Հազարապատիկ ափսոսում եմ, որ պատմությունից դասեր չառնելուց, իրադրությունը նորից ցույց տվեց  մեր բացասական և թույլ կողմերը: Եթե մենք այսօր ճիշտ եզրակացություններ չանենք, պատմությունը չի խնայի ու բնաջինջ կանի աշխարհի երեսից իսպառ: Հասարակությունը արդարների ու մեղավորների բաժանելը անչափ վնասակար է, մանավանդ այս օրերին: Ժամանակն է համախմբվելու և առաջին հերթին ՝ գտնելու միայն ու միայն իր մեջ քողարկված բոլոր արատները և արմատախիլ անելու մինչև վերջինը. ծնկի գալ և Աստծու առաջ ներողություն խնդրել հերոսաբար զոհված մարտիկներից ու ծնողներից զրկված մանուկներից. մաքրվել բոլոր մեղքերից ու ախտերից, ոտքի կանգնել ու անառիկ ամրոց դառնալ  կյանքի յուրաքանչյուր փորձանքների դեմ:

Փոխարեն «հազար ու մեկ եկեղեցու»՝ սարքել ենք հազար ու մեկ կուսակցություն: Ինչի՞ համար՝ միայն անձնակա՞ն շահի համար, թե ազգի՞ անվտանգության համար: Ամո՛թ, հազար ամո՛թ: Ազատ, անկախ, միացյալ, ծաղկած Հայրենիք – սա է հայի գլխավոր նպատակը: Մնացածը՝ շահասիրություն է: Ունեցեք ոսկի, բայց ոչ թե ինքնահարստացման համար: Ոսկին ինքնանպատակ չպիտի դառնա, այլ պիտի լինի արարելու և պաշտպանվելու միջոց:

Դարեր առաջ Ավարայրի դաշտում դրված էր հայի բնաջնջման հարցը ներքին թշնամուց: Այսօր Հայաստանը նույն վտանգի առաջ է կանգնած, բայց ամենահզոր ու նենգավոր թշնամին մեր մեջ է: Իրավիճակը հաղթահարելու հնարը մեկն է՝ ճանաչել ամենքս իր մեջ թաքնված արդարները: Հակառակ դեպքում, մեր գերաններով լիքը կուրացած աչքերով, ի ուրախություն թշնամուն,  մահվան կդատապարտենք միմյանց:

Պետք է խոստովանել, որ մենք հրեշտակներ չենք, և միայն կոխ տալով մեր եսասիրության կոկորդին և հարգանք ու սեր տարածելով շուրջներս, կկարողանանք համախմբվել: Ճիշտը, ազնվականությունը, հարգանքը, համարձակությունը, աշխատասիրությունը կամ սուտը, խաբեությունը, դավաճանությունը, վախկոտությունը, չարությունը, եսասիրությունը, ընտրեցեք՝ որո՞նք են ձեր առաքինությունները: Աստծու առաջ խոստովանեք: Ընտրելով վերջինները՝ կզրկվեք «ՀԱՅԿԱԶՈՒՆ» կոչումից և կդառնաք աշխարհի փոշի: Արդարությունը ընտրելիս՝ Ոգին բարձր պահելով և հաղթահարելով բոլոր խոչընդոտները, միասին պատվավոր տեղ կզբաղեցնեք արժանապատիվ ժողովուրդների շարքում։

Ղեւոնդ Հայբարյան

Ռոստովի մարզ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30