Արցախյան պատերազմի արդյունքում ստորագրված փաստաթղթով ոմանց կողմից շրջանառության մեջ դրված կարծիքով, հիմք է դրվելու տարածաշրջանային հաղորդակցություններին Հայաստանի ինտեգրմանը: Սակայն իրողություններն այլ են: Պատերազմից հետո ձեւավորվել են նոր աշխարհաքաղաքական իրողություններ: Ինչպիսին են լինելու մեր կապը, հաղորդակցության նոր մարտահրավերները, Փաշինյանի հայտարարած նախիջեւանյան միջանցքը, տնտեսական-իրավական հեռանկարները:
«Առավոտի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը:
Արցախյան պատերազմի արդյունքում ձեւավորված նոր աշխարհաքաղաքական իրողությունները տարածաշրջանում, իհարկե, չեն բերելու Հայաստանի ինտեգրմանը տրանսպորտային-լոգիստիկ ու էներգետիկ միջանցքներին: Ավելին՝ Հայաստանի տրանսպորտային ու էներգետիկ բլոկադան շարունակվելու է՝ ստանալով նոր ծավալներ ու նոր բովանդակություն: Ու այդ իմաստով Փաշինյանի հայտարարությունները նոր միջանցքների ձեւավորման, մասնավորապես՝ Նախիջեւանի տարածքով Իրանի հետ երկաթուղային կապ հաստատելու մասին ոչ այլ ինչ են, քան տնտեսական առասպելագործություն: Նախ՝ նման ենթակառուցվածքային մեգանախագծեր կյանքի կոչելու համար անհրաժեշտ են քաղաքական հիմքեր, անհրաժեշտ է վստահություն, որը, վստահեցնում եմ, ներկայումս որեւէ մեկը չունի Հայաստանի նկատմամբ: Ու այդ վստահությունը վերականգնելու համար անհրաժեշտ է տարիների աշխատանք:
Միամտություն կլինի կարծել, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Իրանը կգնա Հայաստանի հետ նոր միջանցքի ձեւավորման ճանապարհով: Որքանով էլ պետական քարոզչական մեքենան մեզ փորձում է համոզել, որ հայ-իրանական հարաբերություններում ամեն բան նորմալ է, մենք իրականում հետեւում ենք այդ հարաբերությունների նպատակային սնանկացման պրոցեսին, ինչը պրագմատիկորեն գնահատում են նաեւ Իրանում: Ի վերջո, եթե կար նպատակ դիվերսիֆիկացնելու Իրանի հետ հաղորդակցությունները, ապա ինչու՞ որեւէ գործնական քայլ չարվեց Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու նախագծին նոր լիցք հաղորդելու համար: Ինչու՞ ամբողջական ծավալով չգործարկվեց Մեղրիի ազատ տնտեսական գոտին: Ինչու՞ միջպետական օրակարգից վերջնականապես դուրս բերվեց Մեղրիի ՀԷԿ-ի նախագիծը, իսկ պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ Երեւանը պետք է ինքը միջոցներ փնտրի այդ նախագծի համար: Ինչու՞ այդքան անթույլատրելի դանդաղ տեմպերով են ընթանում Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի՝ Իրան-Հայաստան երրորդ օդային գծի կառուցման աշխատանքները, էլ չեմ խոսում Հայաստան-Վրաստան գծի մասին: Սրանք բոլորը հարցեր են, որոնք եւ կազմում են հայ-իրանական միջպետական օրակարգի հիմքը ու դրանց ձախողման պարագայում խոսել նոր նախագիծ օրակարգ բերելու մասին պարզապես անիմաստ է:
Կարդացեք նաև
Վերադառնալով Փաշինյանի հայտարարած նախիջեւանյան միջանցքի հարցին՝ հիշեցնեմ, որ Նախիջեւանը Անկարայի գեոռազմավարական ազդեցության կարեւոր հենակետերից է, ինչի մասին է վկայում նաեւ Իգդիր-Նախիջեւան երկաթուղու կառուցման նախագիծը, ինչպես նաեւ նույն լոգիստիկայով Թուրքիայից Նախիջեւան գազամուղի կառուցման մասին պայմանավորվածությունը: Վերջինիս նպատակն է նվազեցնել Նախիջեւանի էներգետիկ կախվածությունը Իրանից: Ստեղծված իրավիճակում բարդ է պատկերացնել, որ թուրքական գեոռազմավարության ֆորպոստը՝ Նախիջեւանը, կարող է տարանցման գոտի դառնալ հայ-իրանական հաղորդակցությունների համար:
Ոմանց մոտ կա պատրանք, որ Արցախյան պատերազմի արդյունքում ստորագրված փաստաթղթով հիմք է ստեղծվում տարածաշրջանային հաղորդակցություններին Հայաստանի ինտեգրման համար: Մինչդեռ ակնհայտ է, որ տարածաշրջանային հիմնական ենթակառուցվածքային նախագծերի լոգիստիկ լուծումներն այլեւս տրված են: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Հարավային գազային միջանցքը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին չեն վերակառուցվելու, դրանք այլեւս աշխարհատնտեսական միավորներ են, որոնք շրջանցում են Հայաստանը: Եթե նման պատրանքներ ունեցողների հույսը Անդրկասպյան գազամուղն է, որը պետք է թուրքմենական գազը հասցնի եվրոպական շուկա, ապա նախ՝ այն դժվար թե կյանքի կոչվի տեսանելի ապագայում՝ հաշվի առնելով դրա վերաբերյալ Թեհրանի ու Մոսկվայի դիրքորոշումը, իսկ եթե կյանքի էլ կոչվի, ապա կստանա նույն լոգիստիկ լուծումը, այսինքն՝ կանցնի Վրաստանով, որի էներգատրանսպորտային համակարգում Թուրքիայի ու Անկարայի ազդեցությունն աճում է շատ արագ տեմպերով: Այս ամենը չգնահատելը վկայում է աշխարհատնտեսական մտածողության բացակայության մասին:
Միաժամանակ պետք է հասկանալ, որ Հայաստանի հիպոթետիկ մասնակցությունը տարածաշրջանի էներգատրանսպորտային հաղորդակցություններին կնշանակի նրա համար անվտանգության բարձիկի ձեւավորում՝ նոր ենթակառուցվածքային նախագծերում ներգրավված օտարերկրյա կապիտալի տեսքով: Իսկ նման բարձիկի առկայությունը նախ եւ առաջ հակասում է թուրք-ադրբեջանական տարածաշրջանային գեոռազմավարությանը, որի գերնպատակներից է Հայաստանի տնտեսական պարալիզացումը: Արցախյան պատերազմի արդյունքները էապես նպաստում են այդ պարալիզացմանը: Նախ՝ Հայաստանն այլեւս չունի վստահելի ու կանխատեսելի գործընկերոջ կարգավիճակ, ուստի, այն չի կարող գրավիչ լինել միջազգային կապիտալի համար: Մյուս կողմից, տնտեսապես պարալիզացված է մնալու նաեւ այն, ինչ մնացել է Արցախից: Եթե խոսենք, օրինակ, էներգետիկ բաղադրիչի շուրջ, ապա խնդիրն այստեղ ոչ այնքան Արցախի էներգետիկ համակարգին՝ ՀԷԿ-երին, ցանցերին ու գազամուղներին հասցված վնասն է, որքան Առաջաձոր-Քարվաճառ-Զոդ 110 կՎ էլեկտրահաղորդման գծի ապագա նպատակահարմարության հարցը: Արցախը 2018 թ.-ին կարողացավ հասնել ինքնաբավ էներգետիկ համակարգի ու արդեն սկսել էր էլեկտրաէներգիա արտահանել Հայաստան, ինչը մեծ ձեռքբերում էր էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից, իսկ էներգետիկան առնվազն վերջին տարիներին դարձել էր Արցախի տնտեսական կայունության առանցքը: Պարզ է, որ այս տիրույթում եւս մեծ ու միաժամանակ բացասական փոխակերպումների փուլ ենք թեւակոխել:
«Առավոտ» օրաթերթ
20.11.2020