Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան է եկել պայուսակում ունենալով ոչ թե իր տան, այլ մշակութային կենտրոնի բանալին ու կնիքը

Նոյեմբեր 21,2020 12:30

Շուշիի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի տնօրեն Լաուրա Հովսեփյանը հույս ունի, որ Շուշին դարձյալ «կվերադառնա»

«Առավոտը» հյուրընկալել էր Շուշիի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի տնօրեն Լաուրա Հովսեփյանին։ Հանդիպման սկզբում` «ինչպե՞ս եք» ավանդական հարցին տիկինը ժպտալով՝ արցախցուն բնորոշ պատասխան տվեց. «Լավ ենք, պինդ ենք, եկել ենք ասենք, որ չվախենաք, պինդ կացեք»։

Թեեւ մեզ հետաքրքրում էր Շուշիի՝ հայոց արվեստների եւ արհեստների օրրանին վերաբերող ամեն ինչ, բայց մեր զրուցակիցը խոսքը սկսեց արցախյան գոյամարտից, նշելով, որ այդ գոյամարտը նախեւառաջ սկսվել էր գաղափարական ճակատում։

Հիշեցրեց, որ 1980-ականների վերջին մեր գրողները ստիպված էին կռվել երկու ճակատով՝ նախ ադրբեջանցիների դեմ, որոնք սովորել էին ստեր փչել ռադիոյով, հեռուստատեսությամբ, մամուլում, ապա կենտրոնական հեռուստատեսության «Վրեմյա» լրատվական ծրագրի դեմ, որտեղից միտումնավոր ճնշումներ էին գործադրվում Արցախի եւ ընդհանրապես հայ մտավորականության վրա՝ անվանելով նրան ծայրահեղականներ։ Հիշեցրեց, որ այդ ծանր օրերին Արցախի գրողների ջոկատը մենակ չէր. աշխարհով մեկ հնչեցին Սախարովի, Դուդինի, Օսկոլսկու, Բախշիի, Կապուտիկյանի, Բալայանի, Հովհաննիսյանի, Էմինի, Դավթյանի, Պետրոսյանի եւ մյուսների ձայները։ Թուրքերն, իրենց սովորության համաձայն, փորձում էին ամեն ինչ ծածկել ստով ու կեղծիքով, ինչը նրանց չփրկեց, քանի որ մեր մտավորականներն իրենց հեղինակավոր ձայնը միացրին ռուս նշանավոր գիտնականներին, գրողներին եւ մյուսներին։

Ադրբեջանցիներին ոչինչ չէր մնում, քան Արցախի հարյուր հազարավոր հայերին վախեցնել յոթ միլիոն թուրքով։
«Սկսեցին ջարդեր կազմակերպել Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում… Այս ամենի արդյունքը եղավ այն, որ Արցախի հետ կորցրին նաեւ յոթ շրջանները, որոնք փաստորեն պատմական Արցախն էին՝ իր դարավոր վանքերով, խաչքարերով, հայերեն վիմագիր արձանագրություններով։ Ազատագրվեց նաեւ բերդաքաղաքս՝ Շուշին, երկինք մխրճված եկեղեցիների խաչերով ու գմբեթներով, Մուրացանի, Վաղարշյանի, Լեոյի եւ շատ ուրիշ երեւելիների ծննդավայր Շուշիս։ Մի բան էլ. Արցախի գրողները, մտավորականությունը ժխտեցին այն հայտնի ասացվածքը, թե երբ որոտում են հրանոթները, մուսաները լռում են։ Գիտեք՝ Արցախում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարված է Շուշիի ազատագրման եւ հաղթանակի օր…»,- հիշեցրեց տիկին Հովսեփյանը։

Անդրադառնալով սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմին՝ ասաց. «Այդ պատերազմը չես համեմատի այն պատերազմի հետ։ Պատերազմի սկսվելու հենց հաջորդ օրը սկսեցինք մտածել երեխաների անվտանգության մասին։ Ախր դա ավտոմատի կռիվ չէր, երկնքից կրակը թափվում էր կարկուտի պես։ Որոշում կայացվեց կանանց ու երեխաներին տեղափոխել Հայաստան։ Շուշին ռմբակոծելու օրը ես իմ գործընկերների հետ մշակույթի կենտրոնում էինք, անձամբ ես Հայաստան եմ եկել հոկտեմբերի 27-ին։ Եկա ընդամենը թոռանս տեսնելու եւ անմիջապես վերադառնալու նպատակով, բայց տեղեկացանք, որ կանանց, երեխաներին, մեծահասակներին տարհանել են եւ կռիվը անասելի թեժացել է։ Գիտե՞ք, դեռ չենք հավատում, որ այդքան տարածքներ են տրվել թշնամուն, բայց մյուս կողմից հաստատ գիտենք, որ դա ժամանակավոր երեւույթ է։ Կարճ ասեմ՝ 30 տարի Շուշին մնաց, չէ՞ հայերին։ 30 տարի հետո, եթե ոչ ավելի շուտ, Շուշին դարձյալ կլինի մերը։ Իսկ գիտե՞ք ինչու. որովհետեւ ի սկզբանե բերդաքաղաքը Աստծո կողմից է տրված եղել հայերիս»։

Դիտարկմանը՝ ձեր օրինակով երեւում է, որ արցախցին ուժեղ է հոգով ու ոգով, նաեւ լավատեսությամբ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ապուպապերս Արցախից են։ Ձեր ասածը ունի մեկ բացատրություն. մենք՝ արցախցիներս, ժայռերի մեջ ենք ծլել, աճել, մեծացել ու երբեք չենք խառնվել այլ ցեղերի»։ Հարցին, թե հիմա ի՞նչ է լինելու Շուշիի թանգարանների, իր ղեկավարած մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի ցուցանմուշների ու այլ արժեքների հետ, տիկին Հովսեփյանը պատասխանեց. «Մեր Շուշին, իմ Շուշին, որ գտնվում է ամենագեղեցիկ կիրճերից մեկի եզրին, վաստակել է հայոց աշխարհի մշակութային կենտրոնի տիտղոսը։ Մեր պատմության թանգարանն ունի հարուստ հավաքածու, որտեղ կգտնեք մոխիրներից բազմաթիվ անգամ վերածնված քաղաքի հարուստ ու հետաքրքիր պատմությունը ներկայացնող իրեր ու առարկաներ։ Կերպարվեստի պետական թանգարանում հանգրվանել են Սարյանի, Մինասի, Կալենցի եւ այլ արվեստագետների աշխատանքներ։ Այստեղ հանգրվանել են նաեւ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Լիտվայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Լեհաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ այլ երկրների արվեստագետների ստեղծագործություններ։ Գրիգորի Գաբրիելյանցի անվան պետական երկրաբանական թանգարանում էլ ցուցադրվում են Արցախից հայտնաբերված տարբեր երկրաբանական գտածոներ եւ այլն»։ Թե ինչու է խոսում ներկա ժամանակով, տիկին Լաուրան դարձյալ կրկնեց. «Ասացի, չէ՞, որ 30 տարի հետո, եթե ոչ շուտ, Շուշին դարձյալ կլինի հայերինս»։

Ինչ վերաբերում է իր ղեկավարած կենտրոնին, նախ նշեց, որ 1992թ. Շուշիի ազատագրումից անմիջապես հետո սկսեց գործել մշակույթի տունը, որը 2011թ. ընդարձակելով իր գործառույթը, դարձավ մշակույթի եւ երիտասարդության կենտրոն. «Կենտրոնում գործում է պարախումբ, ազգային նվագարանների համույթ, ունենք ռեժիսոր, մեթոդիստ։ Մեր նպատակը երիտասարդության հանգիստն ու ժամանցը կազմակերպելն էր։ Ասեմ, որ դեռեւս 1993թ. Շուշիում իր գործունեությունը սկսեց «Պլը Պուղի» տիկնիկային թատրոնը, 94 թվին արդեն ունեինք Սոս Սարգսյանի անվան մանկական դրամատիկական թատրոն (մեր զրուցակիցը եղել է այդ թատրոնի հիմնադիր տնօրենը), Երվանդ Մանարյանի անվան տիկնիկային թատրոն, դրամատիկական թատրոն։ Նշածս բոլոր թատրոնները թատերախմբեր էին, որոնց 2000թ. տրվեց պետական կարգավիճակ, իսկ 2007թ. դրանք միավորվեցին եւ ստեղծվեց Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը։ Մենք իսկապես հավուր պատշաճի կազմակերպում էինք մեր երեխաների, երիտասարդների ազատ ժամանցը։ Շուշեցի երեխաները շատ խելացի են եւ նպատակասլաց։ Նրանցից շատերը սովորել եւ ավարտել են Երեւանի պարարվեստի քոլեջը, կոնսերվատորիան, թատերական ինստիտուտը… Մեր երեխաները մոխիրներից են դուրս ելել, բայց հետո զարդարել շատ հեղինակավոր բեմեր»,- հայտնեց մեր զրուցակիցը։ Հավելեց նաեւ, թե Շուշիում գործում էին Մուրացանի, Աբովյանի անունները կրող դպրոցները եւ Դանիել Ղազարյանի անվան երաժշտական միջնակարգ դպրոցը։ «Ունեինք արվեստի դպրոց՝ դաշնամուրի, ջութակի, դուդուկի եւ այլ դասարաններով։ Շուշիի «Վարանդա» երգչախմբի անունը վաղուց դուրս է եկել Արցախի սահմաններից։ Ախր ո՞ր մեկն ասեմ…

Ռեալական ուսումնարանի բակում ընդամենը մի քանի տարի առաջ Երեւանի օպերային թատրոնը հանդես եկավ բացօթյա ներկայացմամբ։ Մշտապես Հայաստանից հյուրախաղերով ժամանում էին անվանի արվեստագետներ…»։ Իսկ թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Շուշիի մշակույթի օջախների հավաքածուներին, Լաուրա Հովսեփյանն ասաց, թե այս պահին ոչինչ չգիտի, հետո էլ հավելեց, թե ինքը Հայաստան է եկել՝ պայուսակում ունենալով ոչ թե իր տան, այլ մշակութային կենտրոնի բանալին ու կնիքը. «Կուզենայի ինչ գնով էլ լինի ձեռք բերել համակարգիչը, որտեղ արձանագրված է կենտրոնի ողջ պատմությունը, մի քանի տասնյակի հասնող տեսաժապավենները, ի վերջո՝ իմ ընտանեկան ալբոմը, որ թոռներիս ներկայացնեի ծնողներիս, զոհված եղբորս, հարազատներիս, բարեկամներիս լուսանկարները։ Չգիտեմ ինչ ասեմ այս պահին։ Արցախցու կապվածությունը իր հողի հետ շատ ամուր է։ Արցախի ամեն քարը պատմություն է, սրբություն։ Դարեր շարունակ արյուն է թափվել դրանց համար։ Մեկ-երկու օրից կվերադառնամ ու տեղում կկողմնորոշվեմ ինչ անել»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30