Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս թյուրիմացությունը հետապնդելու է ինձ մինչեւ մեռնելս»

Նոյեմբեր 21,2020 12:00

Գրողները զղջացել են, քանի որ իրենց սխալ են հասկացել

Որոշ հեղինակներ ժամանակի ընթացքում սկսում են ատել իրենց գրքերը եւ այնտեղ պատկերված հերոսներին: Երբեմն դա պատահում է նույն գրքի վերահրատարակման ու լրացման ժամանակ, երբեմն էլ այն պատճառով, որ ճիշտ չի հասկացվում ընթերցողների կողմից, նաեւ հիասթափեցնում է գրաքննադատների արձագանքը:

Kulturolgia.ru-ն նշում է, որ դեպքեր են լինում նաեւ, երբ հաջողված վեպը դառնում է ագրեսիայի , մասսայական վախերի պատճառ եւ հեղինակները ցանկություն են ունենում ոչնչացնել իրենց իսկ հեղինակածը: Kulturolgia-ն առանձնացրել է այդպիսի մի քանի հեղինակի:

Անգլիացի գրող Յան Ֆլեմինգը այդպես է մտածել իր ստեղծած հերոսի Ջեմս Բոնդի մասին: Նա Բոնդի մասին գրել է 12 վեպ եւ 2 մանկական կարճ ստեղծագործություն, Բոնդի կերպարն էլ 1962 թ.-ից ի վեր օգտագործվել է ֆիլմարտադրության մեջ։

«Ինձ չի զարմացնում, որ հասուն լսարանի համար գրված իմ թրիլերները կարդացել են նաեւ դպրոցականները, իսկ երիտասարդությունը Ջեյմս Բոնդին հերոս է համարում: Մինչդեռ նա ոչ թե հերոս էր, այլ ընդամենը պրոֆեսիոնալ»,-գրել է ամենահայտնի գործակալի գրական «հայրը»:

Իր բազմամյա պատմության ընթացքում «Գործակալ 007»-ը ոչ միայն հսկայական շահույթ բերեց հեղինակին եւ ֆիլմարտադրողներին, այլեւ հասցրեց ձանձրացնել: Ֆլեմինգը նույնպես չէր գերագնահատում իր հերոսին: Նա գրել է, որ չի պատկերացրել գրքի հակառակ ազդեցությունը մարդկանց վրա, ցանկություն է հայտնել, որ Բոնդի մասին պատմությունները այլեւս չվերահրատարակվեն:

Անգլիացի գրող գրականագետ, կոմպոզիտոր Էնթոնի Բյորջեսը երկար տարիներ զբաղվել է Շեքսպիրի եւ Ջոյսի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությամբ, սակայն հայտնի է դարձել իր սկանդալային «Լարովի նարինջ» վեպով: Այս գործի հիման վրա ռեժիսոր Սթենլի Կուբրիկը ֆիլմ է նկարել, որը բազմաթիվ հեղինակավոր մրցանակների է արժանացել: Բյորջեսը համոզված էր, որ սատիրիկ այս անտիուտոպիան հանրության կողմից սխալ է ընկալվել: «Մենք տառապում ենք հայտնի մարդկանց վարկաբեկելու ցանկությամբ: Գրքից, որն ինձ հայտնի դարձրեց, ես պատրաստ եմ հրաժարվել: Այն դարձել է հումք մի ֆիլմի համար, որը հանուն փողի փառաբանում է սեքսն ու բռնությունը… Այս թյուրիմացությունը հետապնդելու է ինձ մինչեւ մեռնելս»,- ասել է Բյորջեսը:

Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը Ռիչարդ Բահման ծածկանունով հրատարակել է իր «Զայրույթ» պատմվածը, որի հիմքում պատմություն է դեռահասի մասին, որը զենքով եկել է դպրոց եւ փորձում է այդ կերպ լուծել իր խնդիրները: Գիրքը հրատարակվեց 1977-ին, սակայն այդպես էլ հիթ չդարձավ, բայց դրանից հետո 80-ականներին ամերիկյան մի շարք դպրոցներում կրակոցների ձայներ լսվեցին:

Հետագայում գրողը խնդրել է իր ժողովածուն հրատարակելիս դուրս թողնել այդ պատմվածքը, ու տարբեր առիթներով զղջալով հայտնել, որ իր գիրքը չէր կարող մարդկանց մարդասպան դարձնել, ովքեր նման քայլի են դիմել, արդեն իսկ «կոտրված» են եղել ճակատագրի կողմից ու հնարավոր է գրքում իրենց հոգեհարազատ բան են գտել:

Ամերիկացի գրող եւ սցենարիստ Փիթեր Բենչլին 1974-ին ստեղծեց իր միակ ստեղծագործությունը՝ «Ծնոտները», որը հետագայում կուլտային որակվեց, 1975 թ. Սթիվեն Սփիլբերգը այդ գործի հիման վրա ֆիլմ նկարեց, որը 3 Օսկար ստացավ: Միլիոնավոր տիրաժներով տպագրված պատմվածքն ու աղմուկ հանած ֆիլմը բերեցին նրան, որ մարդիկ սկսեցին սարսափել շնաձկներից ու նրանց համարել վտանգավոր հրեշներ: Բենչլին հետագայում շատ զղջում էր, որ այդ «ջինը» բաց է թողել շշից: Նա տարիներ շարունակ փորձում էր համոզել մարդկանց, որ շնաձկները սարսափելի էակներ չեն, եւ ինչպես շատ այլ հեղինակների ստեղծագործությունների հերոսներ, ընդամենը հեղինակի մտքի գեղարվեստական արգասիքն են:

Պատրաստեց
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30