ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ Փաշինյանը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին Մոսկվայում բանակցելու մանդատ չտվեց. «Նա ասել է՝ գնացեք, բայց ես ձեզ լիազորություն չեմ տալիս»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը հարցին՝ վստահության խնդի՞ր ուներ Փաշինյանը, թե՞ ինչ-որ մտահոգություն, ինչո՞ւ լիազորություն չի տվել՝ պատասխանեց. «Ընդհանրապես այն պահին, երբ երկիրը պատերազմում է ու անվանվում է Հայրենական պատերազմ, այլեւս բոլոր ուժերը պետք է օգտագործել: Ցավոք սրտի,մենք այդպես էլ այդ գիտակցությանը ամբողջ պատերազմի ընթացքում եւ մինչեւ այդ չէինք գալիս: Ինչքան ասում էինք՝ միասնականությունն է մեր անվտանգությունը, տեղ չէր հասնում: Ո՛չ պատերազմի ժամանակ, հաշվի առնելով եղած տեղեկությունները, որ ամեն օր ինչ-որ մեկը մի բաժին հրապարակում է, կամ տեղեկացնում է, եւ ոնց որ թե պատերազմից հետո էլ, երբ բոլորս հասկանում ենք, թե այս ճգնաժամից եւ պարտությունից, այս ջախջախված մոխիր վիճակից ոնց կարող ենք հառնել, էլի այդ գիտակցությունը չի գալիս, որ մենք իրավունք չունենք նույնիսկ մեկ ուժ կորցնելու: Այնպես որ վերաբերմունքս չափազանց բացասական է, որովհետեւ եթե տրվեր ցանկացածին այ մանդատը, ով պատրաստ էր իր ծառայությունները բերել, Լեւոն Զուրաբյանի ասելուց հետո հասկանում եմ, որ էլի են մարդիկ եղել, որոնք առաջարկել են իրենց ծառայությունները, դա այդպես էլ չի օգտագործվել, ապա պետք է գիտակցենք, որ այդ սխալ մոտեցմամբ այդ շանսերը չենք օգտագործել ու բերել է այ սրան: Դա հենց պառակտվածության խնդիրն է: Հիմա պատճառները չենք ասի՝ ինչն էր դրդել: Որեւէ մեկը այսօր չի կարող պնդել, որ եթե գնային, այլ պատկեր կունենայինք, բայց շանսի չօգտագործումը, բոլորին չներգրավելը, մոռանալը, եթե եղել են տարաձայնություններ այդ պահի համար, բայց հանուն ազգի, հանուն հայրենիքի չօգտագործելը մեծագույն սխալներից է»:
Թեւան Պողոսյանի խոսքով՝ ուզում է Քոչարյանը լիներ, ուզում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե ցանկացած մեկը, բոլոր շանսերը պետք է օգտագործեին. «Եթե մեկը ցանկանում է, որ մենք ազնիվ լինենք ապագայում պատմության մեջ, պետք է վերանանք այս խնդիրներից: Եղել է նաեւ երկրի համար շանս բացելու դուռ, որը, օրինակ, Նիկոլ Փաշինյանն է բերել, բայց դրանից հետո քաղաքականություն այնպես է գնացել, որ դռները փակել են ու հիմա էլ ամեն օր փակվում են: Մենք պետք է գիտակցության գանք, որ այլեւս ներքին թուրք չանվանենք ուրիշ հայի: Առավոտյան գրառում եմ գրել, նայում եմ, ներքեւը էլի գրած է՝ մինչեւ մեր ներքին թուրքին չսպանենք…Հասկանո՞ւմ եք, թշնամին իրական թուրքն է ու Ադրբեջանը, էլի մենք մոռանում ենք ով է մեր տղաների վրա կրակելը, էլի մենք ընկնում ենք իրար մեջ ինչ-որ խնդիրներ են բերում: Ես չունեմ հայ թշնամի, հենց խմբերի բաժանվում են, մի խումբը մյուսի համար դառնում է թշնամական ու դա էլ պառակտում է մտցնում: Սա պետք է վերացնենք մեր մեջ: Իսկ այն տեղեկության համար, որ ամեն օր նոր ձեւով բացվում է, միայն ցավ ենք ապրում: Փաստորեն պարզվում է, եղել են շանսեր ու եղել են մարդիկ պատրաստ իրենց ծառայությունը հանուն հայրենիքի, հանուն Հայրենական պատերազմի ժամանակ բերելու, ու այդ շանսերը չեն օգտագործվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ