Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղ կարպետի» տնօրեն․ «Ամաչում եմ խոսել մեր մասնավոր ընկերության ունեցվածքի կորստի մասին, քանի որ Շուշիով ազգովի այնքան բան կորցրեցինք»

Նոյեմբեր 20,2020 22:20

Երեւանում 2018 թվականից գործող «Արցախյան» տաղավարն այս օրերին ավելի մարդաշատ է, երկու տարվա ընթացքում, ինչպես աշխատակիցներն են ասում, այսքան այցելու չէր եղել։ Շուշիի անկումից հետո «Ղարաբաղ կարպետի» գորգերի, կարպետների, մետաքսյա շարֆերի ու սփռոցների պահանջարկն աճել է։

Այսօր Ստեփանակերտի պահեստից ուղիղ այս տաղավար են հասել «Ղարաբաղ կարպետի» որոշ գորգեր ու կարպետներ։ Տաղավարում աշխատող տիկին Սվետան, տիկին Հասմիկը, Ելենան, Սեւակը՝ ընկերության տնօրենը, խառն են, գերզբաղված, գորգերն են դասավորում, մատյանում գրանցում, հետո ցուցատախտակին կախում, այդ ընթացքում հաճախորդներին սպասարկում։ Ու այս խառը պահին տիկին Հասմիկի որդին զանգեց, լավ լուր հայտնեց, ռազմաճակատից տուն է վերադառնում։ Կամավոր էր գնացել պատերազմի առաջին օրերից։


Գորգերը, սփռոցներն ու շարֆերն այնքան գունեղ ու գեղեցիկ են, որ այցելուները չեն կողմնորոշվում՝ որը գնեն, դժվար է ընտրություն անել, բայց պարտադիր մի բան գնում են։

Արցախցի գորգագործներն էին գալիս տաղավար՝ աշխատավարձ ստանալու։ Արտադրանքի՝ Երեւանում կազմակերպված վաճառքից ընկերությունը աշխատակիցների սեպտեմբեր ամսվա աշխատավարձերն է սկսել վճարել, ու չնայած հոկտեմբերին չեն աշխատել, որոշակի փոխհատուցում կստանան։

Գորգագործները գալիս էին տաղավար, բոլորն իրար կարոտած, գրկախառնվում էին, ուրախանում, լաց լինում։ Ստեփանակերտցի մի կին գորգերի միջից գտավ իր գործածը, ցույց տվեց, պատմեց՝ մի գիծը մի քիչ ծուռ է ստացվել, հաշվարկն է սխալ արել, եւ որպեսզի սիմետրիկ լինի՝ մյուս գծերն էլ նույն թեքությամբ արել։ Սիրուն էր ստացվել։ Երկար չմնաց, մի քիչ զրուցեց ու շտապեց իրերը հավաքելու, վաղը պիտի վերադառնա Ստեփանակերտ։

Ասում է՝ իր բնակարանն անվնաս է մնացել․ «Երեւի վերջին մարդն եմ եղել, որ դուրս եմ եկել։ Էն էլ չէի ուզում, զոռով են հանել»։

«Ղարաբաղ կարպետի» արտադրությունը բացառապես ձեռքի աշխատանք է, բնական հումքից, դրանք հայկական հին զարդանախշերով են՝ Վիշապագորգ, Արծվագորգ, Խնձորեսկ, Դիզակ, Աստղազարդ, Գարդման, Գանձակ, Շուշի, Իշխանատուն, Տիգրանակերտ եւ այլն:

Ընկերությունն իր գործունեությունը սկսել է Շուշիում, այստեղ է առաջին արտադրամասը բացվել, ու սա ամենակայացած արտադրամասն էր։ Արցախի հինգ շրջաններում էլ մասնաճյուղեր էին բացել։
Շուշիում մնաց ամեն ինչ։ ԸՆկերության տնօրեն Սեւակ Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ արտադրամասի գույքը, դազգահները, հումքը, չվերամշակված գորգերը, ամեն ինչ մնաց այնտեղ․ «32 դազգահ ենք թողել Շուշիում, մի դազգահի վրա գորգ կար՝ մոտ 10 հազար դոլար էր գինը։ Մենք Շուշիում արտասահմանից պատվերներ ունեինք, եւ գրեթե ավարտին էինք հասցնում աշխատանքները, պատվերները Ռուսաստանից էին, Նորվեգիայից, Շվեյցարիայից, Ավստիայից, Նոր տարվա շեմին պիտի ուղարկեինք։ Չկարողացանք»։

Վնասի չափերի մասին պարոն Խաչատրյանը չի խոսում, ասում է․ «Երբ Շուշին ընկավ, մենք բոլորս ցնցվեցինք, Շուշիով ազգովի այնքան բան կորցրեցինք, որ ես նույնիսկ ամաչում եմ խոսել մեր մասնավոր ընկերության ունեցվածքի կորստի մասին»։ Դե, ժամանակ էլ չեն ունեցել հաշվարկելու։ Պարոն Խաչատրյանն ասում է՝ երբ Ստեփանակերտը հրետակոծվում էր օրը մի քանի անգամ, մտածում էր՝ պահեստի ապրանքը Շուշի տեղափոխել, քանի որ բերդաքաղաքն անառիկ էր, ու ամենաանվտանգ տեղն էր այն ժամանակ։ Լավ է, չտեղափոխեց։

Գորգերը զեղչով են վաճառում, հասույթից աշխատավարձերի մեծ մասը վճարել են, բայց պետք է ավելի շատ վաճառեն, որպեսզի մյուս մասին էլ վճարել։ Վաճառքի հասույթից մի մաս էլ ուղղվելու է զինծառայողների հիմնադրամին, այդպես աշխատակիցներն իրենց երախտագիտությունը կհայտնեն զինվորներին։

Սեւակ Խաչատրյանն ասում է՝ չվերամշակված տասը գորգ սեպտեմբերին հասցրել են բերել Երեւան, վերամշակելու են ու վաճառեն ցուցահանդես-աճուրդով, փորձելու են այդ գումարով ընկերությունը վերականգնել։ Դժվար կլինի, տնօրենն ասում է՝ մարդկային ռեսուրսների խնդիր ունեն, գորգագործերն ու այլ մասնագետները Արցախից տեղահանվել են, Հայաստանի տարբեր մարզերում են, երեսուն շուշեցիներ բնակավայրն են կորցրել, պարզ էլ չէ՝ երբ ու որտեղ կվերադառնան։ Դեռ պետք է այս մարդկանց կեցավայրի հարցը լուծվի, որպեսզի ընկերությունն էլ հասկանա՝ ունի՞ հնարավորություն նույն թափով աշխատանքները սկսելու։ Ընկերության 14 աշխատակցի ընտանիքներում կան զոհեր, վիրավորներ, անհայտ կորածներ, Մատաղիսում զոհվել է ընկերության երկարամյա աշխատակիցը՝ Արսեն Մարտիրոսյանը։

«Գորգերը մեր ազգային նյութական եւ ոչ նյութական մշակութային հարուստ ժառանգությունն են, պարտավոր ենք տեր կանգնել։ Թշնամին այս տարիների ընթացքում գողացել է հայկական մշակույթը, այդ թվում՝ հայկական գորգագործությունը։ Մինչեւ այս պատերազմն էլ, մեր արցախյան գորգանախշերը ներկայացնում են որպես ադրբեջանական։ Այս թեմայով հիմա առանձին պայքար է գնում։ Մենք գործ ունենք բարբարոսների հետ։ Ինձ մի իրավաբան է դիմել, ուզում է որպես կամավոր օգնել, որ դիմենք ՄԻԵԴ ՝ ընկերության գերեվարված սեփականության հարցով։ Ես թերահավատ եմ, քաջատեղյակ լինելով թշնամու ձեռագրին, վստահ եմ, որ այնտեղ հիմա ոչինչ չի մնացել։ Բայց մենք չենք հանձվելու, մեր աշխատանքը վերականգնելու ենք»։

Արտադրության պետը՝ Հասմիկ Մխիթարյանը ութ տարի առաջ է Հայաստանից տեղափոխվել Արցախ, ընկերությունից հրավիրել էին մի քանի ամսով, բայց երկար մնաց․ «Արցախը շատ եմ սիրել, զգացել եմ, որ իմ կարիքը կար, անելիք ունեմ, ազգանվեր գործ է, մնացի։ Շատ բան կար սովորեցնելու, Սումախը նոր էինք սկսել սովորացնել, բայց․․․ Հիմա մեծ ցավ եմ ապրում, որ այսպես ստացվեց։ Մեր գորգագործերն են գալիս, լացում են, մի կողմից բոլորին հանգստացնում ենք, մյուս կողմից՝ վաճառքով զբաղվում։ Շուշիից երեսուն գորգագործ ունենք, հիմա նրանք, կներեք, թափառական են դարձել։ Այս ի՞նչ կատարվեց։ Այսօր էլ մայր ու աղջիկ էին եկել, նրանց արդեն հյուրանոցից հանում են, չգիտեն՝ ինչ անել։ Սա անասելի ցավ է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30