Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 9-ի համաձայնության մանրամասները միջազգային մամուլը հրապարակել էր դեռ ամսի 7-ին. Արմեն Վարդանյան

Նոյեմբեր 20,2020 21:25

Քաղաքագետ, ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով, համաձայնության տեքստը, որը նոյեմբերի 9-ի գիշերը ստորագրեցին Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը,  մոտավորապես նոյեմբերի 7-ին համաձայնեցված է եղել. «Որովհետև ամսի 8-ի առավոտյան միջազգային լրատվական հեղինակավոր կայքերից մեկը, հղում անելով Թուրքիայի իր աղբյուրներին, գրել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը մոտ են համաձայնագրին և ամբողջությամբ գրել էր, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ հայտարարությունը, այդ թվում նաև այն դրվագը, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի տարածքով՝ Նախիջևանի միջոցով, կարող են միմյանց հետ ցամաքային կապ ունենալ: Ակնհայտ է, որ առնվազն երկու օր առաջ տեքստը համաձայնեցված է եղել»:

Նոյեմբերի 19-ին, մամուլի ասուլիսում, անդրադառնալով այս համաձայնության առիթով Վաշինգտոնից եւ Փարիզից հնչող դժգոհություններին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ մյուս համանախագահների դիրքորոշումները՝ կրակի անհապաղ դադարեցման եւ բանակցային գործընթացով հարցի կարգավորման մասին, իրենց ազդեցությունն ունեցել են, քանի որ նրանք ազդեցություններ ունեն տարածաշրջանի երկրների վրա եւ թեեւ այդ պահին ֆորմալ ձեւակերպումներ չեն եղել, բայց ազդեցությունները, Լավրովին, ակնհայտ են:

Նրա գնահատմամբ, համանախագահ երկրները մեծ քաղաքական դեր են խաղացել, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հսկայական ջանքերը ի վերջո արդյունք ունենան: Ամերիկյան եւ ֆրանսիացի գործընկերների հետ իր շփումներում, նաեւ՝ նախագահ Պուտինի՝ ԱՄՆ եւ Ֆրանսիայի իր գործընկերների հետ շփումներում, Սերգեյ Լավրովն ասում է՝ ակնհայտ է վիրավորված ինքնասիրությունը. «Ես փորձում եմ բացատրել, որ մարդիկ չսպանվեին, որ տեղահանվածների եւ փախստականների թիվը չավելանար եւ երբ խոսքը րոպեների մասին էր, որոնցից յուրաքանչյուրից մարդկային կյանքեր էին կախված՝ զանգահարել Վաշինգտոն կամ Փարիզ՝ հարցնելու համար՝ կո՞ղմ են այս կամ այն ձեւակերպման հետ, նման հավակնություններ առաջ բերել՝ դա բարոյական չէ»:

«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան հայտնվել են խաղից դուրս վիճակում և փորձելու են վերադառնալ խաղի մեջ: Ակնհայտ է, որ Վաշինգտոնը և Փարիզը դժգոհ են այս իրավիճակից: Այս առումով իրենք էլ իրենց հերթին են ճնշումներ գործադրելու հատկապես Ռուսաստանի վրա»,- ասում է մեր զրուցակիցը՝ վկայակոչելով վերջին օրերին, ֆրանսիացիներն ու ամերիկացիները հանդիպումները Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարության հետ, որոնց ժամանակ փորձում են ինչ-որ բաների հասնել: Մեր զրուցակիցը հիշեցնում է նաեւ Ֆրանսիայի նախագահի այն հայտարարությունը, որ պետք է հաշվի առներ նաև Հայաստանի շահերը, բայց նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ դրանք հաշվի առնված չեն:

Հարցին՝ կա՞ գործնական հնարավորություն՝ համաձայնագրում Հայաստանի շահերը հաշվի առնելու, մեր զրուցակիցը պատասխանեց, որ քաղաքականության մեջ անհնարին բան չկա եւ մանրամասները կարելի է բանակցել այնպես, որ ասենք ժամանակավոր սահմանի այն հատվածներում, որտեղ կան հայկական հուշարձաններ, տարածքներ, գոնե ներառվեն մեր սահմանի մեջ: Այդ համաձայնագրով գծված ժամանակավոր սահմանները, ըստ մեր զրուցակցի, ընդհանուր առմամբ, կարող են փոխվել միայն ռազմական ճանապարհով, քանի որ Ադրբեջանը, երբ պարտված կողմ էր, նույնիսկ այդ ժամանակ բավական կոշտ դիրքորոշում էր որդեգրել, հիմա՝ առավել եւս կկոշտացնի իր մոտեցումները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30