Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեսրոպ Առաքելյանը շատ անգամ բոլոր իմաստներով ավելի նախընտրելի է, քան նախկին նախարարն էր, որը ոչ անցյալ ուներ, ոչ էլ մասնագիտություն». Գեւորգ Պետրոսյան

Նոյեմբեր 20,2020 21:01

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, կառավարության կազմում փոփոխություններ է անում՝ ՊՆ ԱԻՆ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նոր նախարարներ նշանակելով:

ԲՀԿ պատգամավոր, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանին Aravot.am-ը հարցրեց՝ որպես աշխատանքի իրավունքի մասնագետ, ի՞նչ կարծիք ունի սոցապնախարարի եւ առհասարակ կառավարության կազմում վերջին փոփոխությունների մասին: Նա պատասխանեց. «Մեսրոպ Առաքելյանը ինձ համար, որպես կերպար, դրական մարդ է, եթե չեմ սխալվում, տնտեսագետ է եւ որեւէ արգելք ես չեմ տեսնում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ավելին ասեմ՝ շատ անգամ բոլոր իմաստներով ավելի նախընտրելի է, քան նախկին նախարարն էր, որը ոչ անցյալ ուներ, ոչ էլ մասնագիտություն»:

Ըստ Գեւորգ Պետրոսյանի, Մեսրոպ Առաքելյանը կարող էր նշանակվել, բայց ոչ այս թիմի կազմում. «Ես պնդում եմ իմ քաղաքական ղեկավարի այն կարծիքը, որ այս կառավարությունն ամբողջությամբ պետք է հրաժարական տա: Բայց Նիկոլ Փաշինյանը, իր սովորության համաձայն, ընտրել է հատուկ երեւալու մարտավարություն: Բայց այդպես չի, եթե ամբողջ կազմը հրաժարական տա, Մեսրոպ Առաքելյանը էլի կարող էր զբաղեցնել որեւէ հաստիք կառավարությունում, բայց մեր խնդիրն այն է, որ ամենաառաջինը Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, որովհետեւ դա բացարձակապես չի բխում ՀՀ շահերից:

Նիկոլ Փաշինյանը քանի օր ավելի մնա ՀՀ ղեկին, դա ի վնաս երկրի է. «Նախարարներին փոխելով՝ ինքն իր գիծը չի փոխում, մնում է նույն ազգադավ անձնավորությունը: Ով ժողովրդի մեջքի ետեւում գործարք է կնքել, պետք է հրաժարական տա: Թե չէ ինքը կարող է տարբեր նախարարներ, վարչության պետեր փոխել, գերատեսչությունների ղեկավարներ, դրանից քաղաքականությունը չի փոխվում; Այստեղ քաղաքական փոփոխությունների խնդիր է: Մեսրոպ Առաքելյանին անձամբ ճանաչում եմ, շատ հարգում եմ, շատ պարկեշտ անձնավորություն է, բայց Մեսրոպ Առաքելյանի նշանակմամբ հարցեր չեն լուծվում: Կամ մի՞թե այսօր ամենաօրակարգային հարցը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին փոխելն էր: Մեր համար այսօր ամենակարեւորը մեր ազգային անվտանգությունն է, մեր զինվորների անվտանգությունը: Հարգելով Մեսրոպ Առաքելյանին, գնահատելով իր տնտեսագետի ունակությունները, վարքագիծը, ուրախ եմ, որ ինքը դառնա նախարար, հաստատ ավելի լավ նախարար կլինի, քան նախկինն էր, բայց հատվածական մոտեցումներով չպետք է մոտենալ: Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ ինքը հասարակության, ժողովրդի կողմի մերժված է այլեւս ու ինքը իր պաշտոնը պահելու համար մարդկանց չզոհաբերի, առաջինը ինքը պետք է հրաժարական տա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30