«Վիտալի Բալասանյանն ինձ կների, բայց ես պետք է իր և Նիկոլ Փաշինյանի հանդիպման մանրամասները բացահայտեմ»,- երեկ TV5 հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:
Հիշեցնենք, պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 25-26-ին, Արցախի հերոս գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը Երևանում հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ հանդիպումը շատերին տարօրինակ թվաց, քանի որ, հայաստանյան հեղափոխությունից հետո, Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ քննադատներից էր: Հանդիպումից հետո Վիտալի Բալասանյանը հանդես եկավ մարտակոչով ՝ իր բոլոր զինակից ընկերներին կոչ անելով՝ գալ Արցախ, միանալ պայքարին:
Ըստ Արթուր Վանեցյանի, Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանին հարցրել է ո՞րն է ամենածանր ուղղությունը, որը մենք այսօր ունենք ռազմաճակատում: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ դա Շուշին է: «Վիտալի Բալասանյանը ասել է, որ իրեն հանձնարարվի Շուշիի պաշտպանությունը և եթե ինքը չհաջողի, դա Նիկոլ Փաշինյանին առիթ է, որ վեր կենա և հրապարակային ասի, որ Վիտալի Բալասանյանը չկարողացավ իրականացնել Շուշիի պաշտպանությունը և Շուշին ընկավ, նրան հռչակի դավաճան: Նիկոլ Փաշինյանը համաձայնել է և Վիտալի Բալասանյանին ասել է գնալ ու անցնել Շուշիի պաշտպանությանը: Սրանից հետո է Վիտալի Բալասանյանը մարտակոչ արել: Վիտալի Բալասանյանը մինչև վերջին օրն այդպես էլ չանցավ Շուշիի պաշտպանությանը, որովհետև Արցախում նրան ասացին, որ նման ցուցում չեն ստացել: Հիմա հարց է առաջանում. ինչո՞ւ Վիտալի Բալասանյանին չթույլատրեցին իրականացնել Շուշիի պաշտպանությունը: Մեկնաբանությունները թողնենք հանրությանը»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը:
Aravot.am-ը Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանից հետաքրքրվեց՝ համապատասխանո՞ւմ են Արթուր Վանեցյանի հայտարարություններն իրականությանը: Մանե Գեւորգյանի պատասխանն այսպիսին էր. «Մանրամասներ հաղորդել չեմ կարող, որովհետեւ հանդիպմանը ներկա չեմ գտնվել»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ