Ռուսաստանի խաղաղապահ ուժերը շարունակում են իրականացնել իրենց առջեւ դրած պարտավորությունը՝ ապահովելով հրադադարի ռեժիմը: Այսօր այս մասին ճեպազրույցում ասաց Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նա ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Նրա խոսքով, հրադադարի ռեժիմը պահպանվում է հակամարտության ամբողջ գծով եւ ռուս խաղաղապահներն իրենց պատասխանատվության տակ գտնվող 23 հենակետերում՝ հյուսիսային եւ հարավային ուղղություններում 24-ժամյա հսկողություն են իրականացնում:
Ասաց նաեւ, որ Ստեփանակերտում ստեղծվել է հումանիտար կենտրոն: Ռուս զինծառայողների առաջին խումբը ժամանել է Հայաստան եւ անցել է աշխատանքի Ստեփանակերտում: ՌԴ ՊՆ ներկայացուցիչը նաեւ ասաց, որ շարունակվում են խաղաղ բնակչության վերադարձը Լեռնային Ղարաբաղ, որոնք մինչ այդ լքել էին իրենց բնակավայրերը պատերազմական գործողությունների պատճառով:
«Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահները ապահովել են 4400-ից ավել բնակիչների վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Ռուս խաղաղապահները առավելագույն աջակցություն են ցուցաբերում տեղական իշխանություններին՝ խաղաղ կյանքը վերականգնելու համար»,-ասաց ՌԴ պաշտոնյան: Ըստ նրա, խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն աջակցում են ճանապարհային երթեւեկության, էլեկտրամատակարարման եւ բնակելի տների վերականգնմանը: Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ սնունդ եւ անհրաժեշտ իրեր է մատակարարվել հեռավոր բնակության վայրեր:
Կարդացեք նաև
Ասաց նաեւ, որ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է զոհվածների դիերի փոխանակման գործընթացը, որն իրականացվում է ռուս խաղաղապահների եւ միջազգային Կարմիր խաչի ջանքերով:
Ռուս խաղաղապահներն այս ընթացքում ապահովել են նաեւ Շուշիից ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժը դեպի Ֆիզուլի:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ