«Ստեփանակերտում հոգեբանորեն ապրել չեմ կարող, եթե ամեն օր Շուշիից լսելու եմ նամազի և մուղամի ձայն», «Մենք մեր երեխաներին խաղահրապարակներում ազատ թողնում էինք, որ խաղան, հիմա դա անել չեմ կարող: Ասում եք՝ ռուս խաղաղապահ զորք, խաղաղապահ զորքը չի հսկում ամեն ընտանիքի անվտանգությունը». այսպիսի և մի շարք այլ մտահոգություններ ունեն արցախցի կանայք, որոնց ասում են՝ վերադարձեք Արցախ ձեր ընտանիքներով և շարունակեք ապրել այնտեղ:
Մի տեսակ հակասական իրավիճակ է ստեղծվում՝ մի կողմից արցախցիների օբյեկտիվ վախերն ու մտահոգությունները, մյուս կողմից Հայաստանի և Արցախի ղեկավարության հորդորները արցախցիներին՝ վերադառնալ իրենց տներ:
Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակներում հոգեբան Եվա Օհանյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ինչպե՞ս պետք է օգնել, որպեսզի արցախցի ընտանիքները կարողանան հաղթահարել այս սթրեսը: Հոգեբանն այս օրերին աշխատում է արցախցի ընտանիքների հետ և կարծում է՝ հիմնական խնդիրն այն է, որ գործ ունենք խոցելի խավի հետ. «Հիմնականում կանայք են, երեխաներ, անչափահասներ, ծերեր: Խոցելի խավն է, որոնց հոգեկանը դեռ այնքան էլ ամուր չէ: Մարդիկ այնտեղ տարել են շատ մեծ սթրես, և շատ շատերի մոտ հիմա նկատվում են հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ: Բնականաբար, մարդը, որն այնտեղ տեսել է հրետակոծություն, գրադի ձայներ է լսել, տեսել ԱԹՍ-ներ, նույնիսկ իրենց տունն իրենց համար ասոցացվում է տրավմայի հետ, որն իրենք տեսել են հենց իրենց աչքերով»:
Կարդացեք նաև
Ըստ հոգեբանի՝ հիմնական պատճառը հենց սա է, որ արցախցիները վախենում են վերադառնալ: Ըստ նրա՝ ենթագիտակցաբար վախենում են, որ այդ ամենը նորից կարող է կրկնվել: Եվա Օհանյանի համոզմամբ՝ արցախցիները, վերադառնալով իրենց տներ, վերապրելու են բոլոր բացասական հույզերն ու ապրումները. «Մարդիկ վերադարձին այսքան շուտ հոգեբանորեն պատրաստ չէին: Ընդհանրապես հետտրավմատիկ սթրեսային խանգարումները մինչև երեք ամիս կարող են հետևանքներ թողնել մարդու հոգեկանի վրա, և դա նորմալ է: Մարդիկ պատրաստ չեն այդպիսի իրավիճակում ապրելուն»:
Հոգեբանը նաև կարծում է, որ Ստեփանակերտը չպետք է թողնել դատարկ, անպայման վերադառնալ է պետք, սակայն վերադարձողների հետ պետք է մասնագետներ աշխատեն: Նրա կարծիքով՝ լուծումը կլինի այն, որ կազմվի սոցիալական աշխատողների, հոգեբանների, բժիշկների նյարդաբանների խումբ, որոնք անվերջ այս մարդկանց հետ կաշխատեն: Հոգեբանը զգուշացնում է՝ արցախցի ընտանիքներին չի կարելի այդպես թողնել. «Հետտրամվատիկ սթրեսի հետևանքներ են լինելու թե′ երեխաների, թե′ ծերերի, թե′ կանանց մոտ: Եթե անհրաժեշտ է, որ իրենք հենց հիմա վերադառնան, ապա նրանց հետ անպայման պետք է աշխատի մասնագետների խումբ, նրանք հոգեբանական և էմոցիոնալ աջակցություն պիտի ստանան: Գրեթե ամենօրյա ռեժիմով աշխատանք պետք է տարվի նրանց հետ»:
Նշենք, որ ցավոք, համակարգված կերպով նման բան չի արվում, բայց հոգեբանը զգուշացնում է՝ դա չարվելու դեպքում արցախցի ընտանիքները հետագայում ավելի լուրջ խնդիրների առաջ են կանգնելու: Իհարկե, հիմա հոգատար և սրտացավ մարդիկ այդպիսի աջակցություն ցուցաբերում են, սակայն դա պետք է արվի համակարգված և պետական մակարդակով, որպեսզի արցախցի ընտանիքները կարողանան հաղթահարել սթրեսն ու հարմարվել իրենց կենսակերպին:
Իսկ սթրեսի հետևանքով կարող են երեխաների մոտ առաջանալ վարքային խնդիրներ. նրանք դառնում են անկառավարելի, կարող են ունենալ գիշերային անմիզապահություն, սարսափ երազներ, մղձավանջներ: Ծնողների նյարդային վիճակի մասին էլ ասաց. «Ծնողների նյարդերն էլ կարգին չեն, և ծնող-երեխա կոնֆլիկտներ կարող են առաջանալ, էլ չասեմ երեխաների մասին, որոնք գտնվում են ճգնաժամային տարիքում: Երբ նայեք արցախցի փոքրիկների նկարները, թե ինչեր են նրանք նկարում, կհասկանաք, որ առաջին հերթին հենց երեխաներին է պետք օգնություն ցուցաբերել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ