Աշխարհը տրանսֆորմացիայի է ենթարկվում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված սահմանները վերափոխվում են: Երրորդ համաշխարհային պատերազմն անխուսափելիորեն թակում է մեր դուռը, իսկ մենք աթոռակռվով ենք զբաղված: Մեր պարտությունն արցախյան պատերազմում բացի իր ցավալի արդյունքներից բացահայտեց հայերիս գլխավոր սպառնալիքը և դա թուրքը չէ, այլ այն, որ Հայաստանի քաղաքական համակարգն իշխանավորից մինչև վերջին ընդդիմադիրը փտախտով են տառապում: Ֆեյսբուքյան զինվորները պատրաստ չեն հանուն հայրենիքի մարտնչելու իրական կյանքում, ավելին՝ նրանք խոչընդոտում են Մոնթեների և Վազգենների ի հայտ գալուն լինելով: Աջ ու ձախ ցեխ են նետում մեկ մեկու վրա՝ բոլորին իրենց հավասարեցնելու նպատակով:
Ում է ատում այն մարդը, որին մշտապես նսեմացրել են, իրեն նսեմացնողին՝ կասեն շատերը և կսխալվեն, նա ատում է նրան, ով իր պես չի քծնել, պահել է իր «ես»-ը և ունի ինքնասիրություն, քանզի նսեմացածն այլ ճանապարհ չի տեսնում, քան վրեժխնդիր լինել բոլորից, իսկ նա, ով ունի արժանապատվություն, պահել է այն նախկինում և պահպանում է ներկայումս, ուստի իրեն բարձր է դասում, չի քծնում, «Աստվածների» պայքարում բանակների բաժանվածներին չի միանում, այլ հստակ իր գաղափարները պահպանելով կանգնած է անսասան ճշմարտության դիրքերում, ինչը նյարդայնացնում է լևոնականներին, քոչարյանականներին, սարգսյանականներին և փաշինյանականներին:
Այո, հեղափոխությունից հետո վրեժի մոլուցքով տառապող շատ խղճուկներ եկան իշխանության և նրանք արարելու փոխարեն ընտրեցին գահից ցած ընկած ազգադավներին տրորելու ճանապարհը, սակայն ոչ թե նրանցից ձերբազատվելու, այլ նրանց պես հարստանալու նպատակով և համակարգային կոռուպցիան, գաղտնի հափշտակությունը դարձրին բացահայտ՝ անվանելով այն պարգևավճարներ: Այսօր նախկին և ներկա իշխանավորները հակամարտող կողմերի մեջ մեղավորներ են փնտրում և ցեխ շպրտում միմյանց վրա՝ չցանկանալով տեսնել իրական վնասը, չհասկանալով, որ պատերազմը դեռ չի ավարտվել: Նորընծա իշխանավոր երեխաները մտածելով, որ իրենք ամեն ինչ գիտեն, իսկ դա լոկ համացանցից օգտվելու տարրական գիտելիքներն ու մի երկու անգլերեն բառ հասկանալն է, իրենց անփորձությամբ դռներ բացելու փոխարեն փորձեցին իրենց գլուխները պատերին խփելով նոր ճանապարհներ բացել և պետք չէ զարմանալ, որ երեխան կոտրեց իր գլուխը և հիմա չընդունելով իր մեղքը մի մութ անկյունում իրենց խոստացած «Ելքը» չգտնելով կուչ է եկել և լաց է լինում, իր փորձին ու էությանը բնորոշ այլ ճանապարհ չտեսնելով: Ճիշտ հասկացեք ինձ, ես դեմ չեմ երիտասարդությանը, ես սիրում եմ երեխաներին, սակայն երբ ի վիճակի չեմ վարել իմ մեքենան, այն իմ անչափահաս երեխային չեմ վստահում, փորձում եմ այլ փորձառու վարորդ գտնել, որպեսզի անփորձանք տեղ հասնեմ:
Աշխարհն այսօր վերափոխվում է, պատրաստվում է պատերազմի, մենք ցավալի պարտություն ենք կրել ճակատամարտում, սակայն քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել, դեռևս չենք պարտվել: Բայց, քանի որ մոռանալով արտաքին թշնամուն, հույսներս դրել ենք արտաքին ուժերի վրա, մտածելով, որ նրանք մեզ կպաշտպանեն և զբաղված ենք արտաքին գզվռտոցներով, չի բացառվում, որ ավելի ցավալի հարվածները դեռ առջևում են: Աշխարհն այսօր բնական ռեսուրսների համար է պայքարում, նա մեզանով զբաղվելու ժամանակ չունի միգուցե կարեկցանք կա դեպի Հայաստանը, սակայն ոչ ավելին:
Կարդացեք նաև
Ուշքի արի՛, Հայաստա՛ն, վաղն արդեն ուշ է լինելու: Սփոփի՛ր որքան կարող ես որդի կորցրած ընտանիքներիդ, տեր կանգնի իրենց տները կորցրած զավակներիդ, այլապես Եվրոպան և Ռուսաստանը կտանեն նրանց ու իրենց երկրի ներսում կբալանսավորեն հավատքի տատանումը: Քո որդիները կդառնան նրանց զինվորները, ինչպես եղել է պատմության ընթացքում, երբ Անդրանիկին թույլ չեն տվել կռվել թշնամու դեմ հանուն հայրենիքի՝ նա այլ երկրի պաշտպանության համար է դուրս եկել կռվի նույն թշնամու դեմ:
Ի տարբերություն մեզ Թուրքիան հասկանալով իրողությունը հանդես է գալիս նոր ձգտումներով, ցանկանալով իր տեղը գտնել գերտերությունների շարքում: Արաբական աշխարհը, Եվրոպան, ԱՄՆ-ը, Չինաստանը և իհարկե Թուրքիան ունեն իրենց նկրտումները, սակայն բացի վերջինիցս մյուս կողմերը դեռևս թաքցնում են իրենց նպատակները: Այն, որ վերջին Արցախյան պատերազմը համաշխարհային սպասվելիք աղետի հետախուզական բախումն էր, կարծում եմ հասկանում են շատերը: Այն առաջինը չէր, նմանատիպ հետախուզական հարձակումներ ԱՄՆ-ի պատվերով Թուրքիան իրականացրել է Սիրիայում, Լիբանանում, Իրանում, հարվածել և փախել է, ստուգել է Հունաստանի ու Եվրամիության դիրքերը ու շարունակում է փոքր կտորներ փախցնել Ռուսաստանից: Մեր ողբերգությունը դարձած պատերազմը ոչ այլ ինչ է, քան ուժերի վերադասավորում: Ալիևը ստացավ իր փոքրիկ հաղթանակը, սակայն խաղասեղանին է դրված ավելին քան ադրբեջանա-հայաստանյան հակամարտությունը` ՆԱՏՕ-ն մոտենում է Ռուսաստանի սահմաններին և վերջիններս դա քաջ գիտակցում են: Ռուսական կովկասը, որը նման է փխրուն ապակու, պահպանվում էր քրիստոնյա Հայաստանի միջոցով և ռուս-ադրբեջանական ձևական բարեկամությամբ: Ռուսաստանն Արցախ է մտել ոչ թե խաղաղապահ գործունեություն իրականացնելու, այլ կորցրած Ադրբեջանի միջոցով Թուրքիայի հարվածներն իր սահմաններին կանխելու նպատակով: Հայաստանը նորից ու նորից կրկնվող պատմական իրադարձություններում խաղաքարտ է գերտերությունների համար:
Այլևս Ռուսաստանը շրջափակված է և դրա մասին են խոսում Բելառուսում, Ուկրաինայում և Մերձավոր Ասիայում տեղի ունեցող իրադարձությունները: Իրականում ԱՄՆ-ն Ռուսաստանը փլուզելու նպատակով օգտագործում է Թուրքիային որպես հետախույզի, իսկ մենք գտնվում ենք այդ հարձակման ուղղություններից մեկում: Դեռ փաստ չէ, որ Ռուսաստանն առաջին հարվածը կստանա հենց մեր աշխարհամասից, սակայն նրանից կտորներ պոկելու ցանկությունն արդեն իսկ իրողություն է դարձել: Վախենում է արդյոք Ռուսաստանը Թուրքիայից, կարծում եմ, որ եթե հարցը լոկ թուրքերով սահմանափակվեր ոչ: Միայն թուրքական գործոնը Պուտինի համար վտանգ չէ, քանի որ ադրբեջանական ուղղությամբ Թուրքիայի հարձակումները հնարավոր է կանխել արհեստական այդ պետության մեջ քաղաքացիական պատերազմ հրահրելով և մոտ երեք-չորս փոքրիկ Արցախներ Ադրբեջանի տարածքում ստեղծելով, սակայն հարվածը միայն մեկ ուղղությամբ չէ: ԱՄՆ-ը կարող է նույնիսկ զոհաբերել Թուրքիային, նա ունի գերխնդիր՝ Ռուսաստանի մասնատում և Չինաստանի էկոնոմիկայի թուլացում: Դա է այն գրավականը, որ կարող է երկարաձգել իր դոմինանտությունն աշխարհում:
Այսօր Ռուսաստանի Դաշնությունը չունի գեթ մեկ ապահով սահման, նույնիսկ Չինաստանի հետ սահմանն այսօր ռուսների համար անառիկ չէ, քանզի նրանք հասկանում են, որ վաղուց արդեն իր սահմանների մեջ չտեղավորվող Չինաստանը հարմար պահի կգնա գործարքի ԱՄՆ-ի հետ իր փայաբաժինը Ռուսաստանից պոկելու համար: Կարծում եմ հենց սա էր պատճառը, որ Պուտինն իր վերջին ելույթով ուսը դեմ տվեց Փաշինյանին բառացի ասելով Հայաստանում գործող ռուսամետ ուժերին, որ Հայաստանում իշխանափոխության համար նրանց տրված պայքարի ժամանակը սպառվել է, այժմ ժամանակն է երկիրը միավորելու և իր համար պլացդարմ դառնալու նպատակով: Այո մենք խաղաքարտ ենք ռուսների և ԱՄՆ-ի համար, հակառակ դեպքում ինչպես բացատրել երկու թշնամի երկրների՝ Իսրայելի և Թուրքիայի համատեղ աշխատանքն ի շահ Ադրբեջանի: Եվ որքան էլ ցավալի կամ ցանկալի լինի այս իրողությունը Հայաստանում գործունեություն ծավալող քաղաքական ուժերի համար, քանի որ նրանց մեջ գրեթե բացակայում են հայամետները և երկրի ներսում նրանք անտեսելով աշխարհաքաղաքական վտանգները աթոռակռվի են բռնվել, մոռանալով կամ իրենց տգիտության պատճառով չհասկանալով վերոգրյալը, մենք պետք է պատրաստ լինենք նոր պատերազմի: Մեզ պետք է հուսահատությունից հանել մեր ժողովրդին, միավորել հայրենիքը և սփյուռքը, զինվորներ ունենալ բոլոր երկրներում: Այո, սփյուռքն այսօր առավել քան հարկավոր է մեր երկրին, այն մեր դիվանագիտական և հետախուզական բանակն է, որ սփռված է ամբողջ աշխարհում, սակայն մատնված է անտերության և առաջադրանքներ չստանալով հայրենիքից փորձում է ինքնակազմակերպվել, սակայն չունենալով համակարգված ճանապարհ և նպատակ մատնված է հիասթափության:
Մի խոսքով պետք է ընդունել, որ, ցավոք, պատերազմը դեռ չի ավարտվել, ավաղ առաջին ճակատամարտը մենք տանուլ ենք տվել, սակայն առջևում ավելի դաժան մարտեր են սպասվում և մեզանից է կախված վաղը հաղթողների, թե պարտվողների բանակում կհայտնվի մեր երկիրը: Նմանվենք Իսրայելին կամ կործանվենք՝ այլ ճանապարհ մեր աշխարհագրական դիրքը և ներկայիս իրականությունը մեզ չի թողել: Այսպիսով համոզված եմ, որ պետք չէ ոչ չափից ավելի ընկճվել, ոչ էլ ոգևորվել, հարկավոր է մնալ իրականության դաշտում, միավորվել, զինվել և երկրի ղեկավարումը հանձնել միայն ինքնասիրություն, փորձ, որոշում կայացնելու ընդունակություն ունեցող մարդկանց, նրանց չաստվածացնել և չաղտոտել, լինել ընդհանուր մեխանիզմի մասնիկ, այլ ոչ ոչխար ենթակա և գործել ի շահ Հայաստանի՝ համագործակցելով բոլորի հետ, ովքեր իրենց շահերի բերումով կարող են մեզ օգնել: Այսօր այդ երկիրը Ռուսաստանն է, իսկ ինչ կլինի վաղը կյանքը ցույց կտա:
Եկեք անկեղծ լինենք, պատմությունը գիտի դեպքեր, երբ Ռուսաստանը փրկության ձեռք է մեկնել մեզ, սակայն հայտնի են նաև փաստեր, երբ նա իր շահերից ելնելով անտեսել է Հայաստանը, ուստի մենք պետք է հենվենք մեր դաշնակիցների վրա, սակայն կանգուն մնանք սեփական ոտքերի հաշվին:
Հ.Գ. Իսկ ումն է Արցախը դեռ պարզ չի, հուսամ, որ մենք կունենանք այնքան խելք և կամք, որ ի վերջո իրականություն դառնան այն խոսքերը, որ տեղին ու անտեղի հնչել են տարբեր շուրթերից` «Արցախը Հայաստան է և վերջ»:
Ժիրայր Հակոբյան