Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեքենան պատրաստ պահեք, հենց գամ, գնալու ենք աղջիկ ուզելու»․ նահատակված 26-ամյա Ֆիրդուսի կիսատ մնացած երազանքները

Նոյեմբեր 20,2020 18:45

Ադրբեջանաթուրքական ահաբեկչության դեմ մղված պատերազմում նահատակվել է Շիրակի մարզի Արփենի համայնքի 26-ամյա բնակիչ Ֆիրդուս Հովսեփյանը։ Նա մոտ վեց տարի է՝ ծառայում էր ԱԱԾ զորքերում, դպրոցն ավարտելուց վեց օր անց մեկնել է բանակ, որից հետո էլ որոշել է հայրենիքին ծառայել իր աշխատանքով։

Ֆիրդուսը տան ավագ զավակն է, ունի  իրենից փոքր եղբայր ու քույր։  Նա 21 օր շարունակ մասնակցել է թեժ մարտերի։

Aravot.am-ի հետ զրույցում հերոսի քեռու դուստրը՝ Վարդիթեր Հովհաննիսյանը պատմեց, որ նա յուրահատուկ սեր ուներ շախմատի նկատմամբ, այս ոլորտում փայլում էր․ միշտ մասնակցել է մրցումների։ Բացի այդ, մասնակցել է նաև բասկետբոլի մրցումների, նույնիսկ մրցանակներ ունի։ Ըստ Վարդիթեր Հովհաննիսյանի, Ֆիրդուս Հովսեփյանը սպորտային կազմվածք ուներ, բայց ոչ մի տեղ չէր մարզվել։ Նա նաև շատ էր սիրում պարել, հարսանիքներին ոչ մի վայրկյան չէր նստում․ կենսախինդ, աշխատասեր, մեծահոգի, ճշմարտախոս, հավասարակշռված ու խաղաղասեր բնավորությամբ երիտասարդ էր։ Վարդիթեր Հովհաննիսյանի ասելով, եթե Ֆիրդուսը որևէ մեկի վիճաբանած լիներ, ամեն ինչ կաներ հաշտվելու։

«Մի աղջիկ կա, որին շատ էր հավանել, պատերազմից մի քանի օր առաջ հորաքրոջ հետ պայմանավորվել էր գնալ խնամախոսության, բայց ծառայության օրերն էին, չստացվեց, հետո, երբ պատերազմը սկսվեց, ասում էր՝ թող ավարտվի, մեքենան սարքին, պատրաստ պահեք՝ հենց գամ, գնանք ուզելու։

Դեպքը տեղի էր ունեցել Ջաբրայիլի հատվածում, 21 օր կռվի մեջ էր, հենց առաջին օրվանից իրենց տարել էին, երբ հետնահանջի հրաման է  եղել, իրենց մեքենան ռմբակոծել էին, այդ ժամանակ է մահացել։ Մեքենայի մեջ 22 հոգի են եղել, միայն երեքն են ողջ մնացել։

Վերջին անգամ իր մոր հետ խոսել էր դեպքից երկու օր առաջ՝ հոկտեմբերի 17-ի առավոտ։ Մայրն անհանգստացած հարցրել է՝ ինչպե՞ս ես, պատասխանել է՝ Արաքսի ափին կանգնած սուրճ եմ խմում, ինքը սուրճ խմել շատ էր սիրում․․․Ասել էր՝ շատ լավ ենք, մեզ ոչինչ չկան, հաստատ անփորձանք հետ ենք գալու։

Շատ աշխատասեր էր, երբ պապիս տանը մի գործ էր լինում, մյուսները հոգնում էին, իսկ ինքը հոգնել չուներ, մինչև գործն ավարտին չհասցներ, չէր նստի։ Ինքն այդ կարգի մարդ էր, որ ոչինչ կիսատ չէր թողնի։ Իր քաջությունը, գործն ավարտին հասցնելու բնավորությունը պատերազմի դաշտում էլ պետք եղավ․ իրենց ջոկատը շատ ուժեղ կռիվ է տվել։

Մեծ հավատք ուներ Աստծո նկատմամբ, անգամ փայտից խաչեր էր սարքում ու այնքան ուրախ անձ էր,  որ մեքենայի մեջ երաժշտությունը բարձրացնում էր՝ ասելով, թե երաժշտությունը մենակ չպիտի լսես, կողքի մարդիկ էլ թող լսեն։

Եղբայրը՝ Նարեկը, նրա զոհվելուց հետո միշտ ասում է՝ երբ մեռնենք, մեզ ոչ ոք չի հիշի, բայց  Ֆիրդուսի ու մեր մյուս բոլոր հերոսների անունները կհիշեն դարեդար»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30