Այստեղ հասնում են ոչ թե մի քանի քայլ հետո, այլ ժամեր քայլելուց հետո, որովհետև որքան հեռու, այնքան բարձր ու հեքիաթային է Մռավի լեռնաշղթան, որտեղ անսասան կանգնած են հերոս տղաները։
Իմ հարցին, թե այդ ցրտին ո՞նց են դիմանում, պատասխանը սպասված էր. «Հայրենիք ենք պաշտպանում, ցուրտը խոչընդոտ չի կարող հանդիսանալ, քանզի մենք գիտենք թե ինչի համար ենք այստեղ կանգնել ու մինչև երբ…»:
Զրուցեցի Սամվել Միրզախանյանի հետ։ Պատմեց անցած օրերի մասին, անկեղծացավ, որ ինքն էլ չէր սպասում նման օրերի, որ Մռավի բարձունքում կանցկացնի, ու հպարտորեն նշում է, որ լեռնաշղթան գերբնական ուժ է հաղորդել իրեն և չնայած մի շարք դժվարությունների՝ հաջողվեց ողջ և առողջ տուն վերադառնալ:
Նա արցախյան «Հաթերք ֆուդ» բրենդի հիմնադիրն է։ Նրա խոսքով` այս ընթացքում էլ է գործել «Հաթերք ֆուդը», բայց գործունեության առանցքում բանակն ու զինվորներն էին։
Կարդացեք նաև
«Ամեն ինչ մեր զինվորի համար» կարգախոսով աշխատեցին։ Սամվելի խոսքով՝ իր բիզնեսն էլ է մեծ վնասներ կրել պատերազմի ժամանակ, սակայն դրանից իր մեջ վճռականությունն ավելի է շատացել, չի հուսահատվել:
Ճերմակ լեռնագագաթին եռագույնը հպարտորեն ծածանող տղաները մինչև հիմա չեն համակերպվում, որ Արցախի տարածքները զիջել են, բայց և վստահորեն պնդում են, որ քանի իրենք ողջ են՝ իրենց ոգին էլ անպարտ է։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ