Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն կասեցրել է ՄԻՊ-ի դիմումով վիճարկվող՝ Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում ՀՀ տարածքում գտնվող մարդկանց, ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիքի արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը

Նոյեմբեր 20,2020 19:40

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ Սահմանադրական դատարանը կասեցրել է իմ դիմումով վիճարկվող՝ Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում ՀՀ տարածքում գտնվող մարդկանց, ինչպես նաև ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիքի արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը։

Այսինքն՝ խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման այն արգելքներին, որոնցով, ըստ էության, թույլ չէր տրվում քննադատել որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի գործողություն, այդ թվում` ելույթներ, հրապարակումներ, որոնք կարող են վերաբերել ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանը:

Կարևոր եմ համարում Սահմանադրական դատարանի այս որոշումը, որը դեռ վերջնական չէ։ Դատարանը կասեցրել է այդ դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը:

Իմ դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է այս տարվա դեկտեմբերի 4-ին: Այդ որոշմամբ է նաև քննարկվելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն դրույթները, որոնք սահմանում են պատասխանատվություն ու տուգանքներ նշված արգելքները խախտելու համար:

Հատուկ արձանագրում եմ, որ դեռ նախագծային վիճակում, երբ այս նախագիծն ՀՀ կառավարությունն ուղարկել էր Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի, մեր եզրակացությունը եղել է բացասական, այդ թվում՝ հաշվի առնելով մարդկանց սահմանադրական իրավունքների սահմանափակումների հարցը:

Սահմանադրական դատարան Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած այս դիմումով ոչ թե բարձրացվել է ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումներն ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթները չեղարկելու կամ դրանք զրոյացնելու, այլ հստակ չափանիշներ ու գործող կանոնների կոնկրետության անհրաժեշտ աստիճան ապահովելու հարցը:

Իրազեկում․ ստորև Կառավարության այն որոշման դրույթներն են, որոնք վիճարկում եմ դատարանում ու որոնց գործողությունն այսօր դատարանը կասեցրել է.

– Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

– Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»։

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը կասեցրել է իմ դիմումով վիճարկվող՝ Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ...

Posted by Arman Tatoyan on 2020 թ. նոյեմբերի 20, ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30