Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության՝ նոյեմբերի 17-ի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի մասին
Վեց շաբաթ տևած թեժ մարտերից հետո և, չնայած Լեռնային Ղարաբաղի հայերի ուժեղ դիմադրությանը, Ռուսաստանի հովանու ներքո 2020թ. նոյեմբերի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը համահունչ էր ուժերի խիստ հարաբերակցությանը, որի ակնհայտ անհավասարակշռությունն առավելություն էր տալիս Թուրքիայի և նրա օժանդակ ուժերի կողմից զինվորականներով և զինտեխնիկայով աջակցություն ստացող Ադրբեջանին:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղան հաշվի առնել մի իրավիճակ, որը հայերին տանում էր հավանական պարտության և մարդկային շատ լուրջ կորուստների: Հայաստանի իշխանությունների կողմից այս դժվարին, բայց պատասխանատու որոշումը հիասթափության և զայրույթի զգացում առաջացրեց, որը ոչ մի կերպ չի կարող արդարացնել բռնության կոչերն ու նրանց հասցեին հնչող սպառնալիքները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանցի զինյալներն ակնհայտ կերպով խախտել են միջազգային մարդասիրական իրավունքը՝ գործածելով արգելված զենք և ռմբակոծելով քաղաքացիական բնակավայրեր ու հիվանդանոցներ, Սոցիալիստական կուսակցությունը կոչ է անում Մինսկի խմբի պատասխանատու երեք պետություններին դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ պահանջելով հնարավոր պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ անկախ միջազգային հետաքննություն:
Կարդացեք նաև
Նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրի կապակցությամբ Սոցիալիստական կուսակցությունը ցավում է, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը դուրս են մնացել գործընթացից, չնայած որ Ռուսաստանի հետ հավասարապես պատասխանատու են ԵԱՀԿ Մինսկի միջնորդության խմբի համար: Սոցիալիստական կուսակցությունը նկատի է առնում, որ այս համաձայնագրով առաջ բերված պայմանավորվածությունները բավարարում են հակամարտող երկու կողմերից միայն մեկին: Այն կայուն խաղաղության որևէ երաշխիք չի տալիս՝ հաշվի առնելով դրա կիրառման պայմանների անհավասարակշռությունը և Ռուսաստանին ու Թուրքիային ինչպես գործընկերներ, այնպես էլ մրցակիցներ դարձնող աշխարհառազմավարական հիմնախնդիրները:
Տևական լուծման սպասելիքով, Սոցիալիստական կուսակցությունն ակնկալում է, մասնավորապես, Ռուսաստանից, որ ստեղծված նոր իրավիճակում ապահովվի անհապաղ առաջնահերթության հարգումը, այն է՝ խաղաղ բնակչության պաշտպանությունը, տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձը կամ Լեռնային Ղարաբաղը և դրա հարակից տարածքները լքել ցանկացողների մեկնումը, ինչպես նաև գերիների և կալանավորների փոխանակում: Այս գործողությունների պատշաճ անցկացումն ապահովելու համար անհրաժեշտ է, որ միջազգային մարդասիրական կազմակերպություններին նույնպես երաշխավորված լինի ազատ և անխոչընդոտ մուտք: Հարկ է, որ ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի կամ ՄԱԿ-ի հովանու ներքո կազմակերպվի քաղաքացիական անձանց պաշտպանությանն ուղղված հատուկ դիտորդական առաքելության տեղակայում:
Դիվանագիտական առումով Սոցիալիստական կուսակցությունը Ֆրանսիային և Եվրամիությանը կոչ է անում ամերիկյան ապագա վարչակազմի հետ սահմանել ճանապարհային քարտեզ, որը կերաշխավորի կայուն խաղաղություն՝ բավարարելով Արցախի Հանրապետության էմանսիպացիայի արդարացի նկրտումները: Ռուսական ծրագիրը երկարաժամկետ առումով հեռանկարային չի կարող լինել: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերադարձը ողբերգական ապացույց է առ այն, որ սառեցված կարգավորում ստացած հակամարտությունը երկար սառեցված չի մնում: Այս հակամարտությունը մարտահրավեր է հյուսիսատլանտյան հարաբերությունների վերանայման, ինչպես նաև Եվրամիության՝ աշխարհաքաղաքական խոշոր դերակատար դառնալու հավակնությունների համար:
Այսպիսով, հանուն Ֆրանսիային և հայ ժողովրդին կապող դարավոր բարեկամության և համերաշխության՝
▪ նկատի առնելով, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը հաստատել են իրենց ներգրավվածությունը հաստատուն ժողովրդավարական ինստիտուտներ զարգացնելու հարցում՝ չնայած ավտորիտար ռեժիմներից բաղկացած տարածաշրջանի միջավայրին,
▪ հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կարգավորմանը հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով և կողմերից մեկին պարտադրված կապիտուլյացիայով, և որ միայն միջազգային արդարադատության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վրա հիմնված միջնորդությունը կարող է երաշխավորել կայուն խաղաղություն,
▪ կանխատեսելով, որ Ռուսաստանի և Թուրքիայի ներկայիս հարաբերությունները չեն երաշխավորում Հարավային Կովկասում իրավիճակի կայունացումը, մինչդեռ Ռուսաստանի հովանու ներքո ձեռք բերված հրադադարի համաձայնագրի պայմանները միայն կարճատև դադարի հնարավորություն են ընձեռնում և կրում մարտական գործողությունների վերսկսման վտանգ,
▪ ընդունելով, որ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն հայերով բնակեցված հող է, որն արհեստականորեն անջատվել է Հայաստանից ստալինյան դարաշրջանում՝ այնուամենայնիվ պահպանելով ինքնավար մարզի կարգավիճակը Ադրբեջանի Խորհրդային
Հանրապետության կազմում,
▪ նկատի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հայերի անկախության կամքը դրսևորվել է 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով,
▪ հիմք ընդունելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական դատարանի 2020 թ.-ի մայիսի 26-ի վճիռը, որով հաստատվում է Ադրբեջանում հայ բնակչության ազատ բնակության անհնարինությունը,
▪ նկատի առնելով, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած պատերազմի արդյունքում դիրքերի հաստատումն ուղղակիորեն վնաս է հասցնում հայ ժողովրդի անվտանգությանը, և որ հրադադարի համաձայնագրի պայմանները կարող են սպառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը:
Սոցիալիստական կուսակցությունն այսօրվա նիստի ընթացքում.
▪ գտնում է, որ Ֆրանսիան պետք է ծանրակշիռ դեր ունենա միջազգային ատյաններում և իր պետական գործընկերների նկատմամբ հակամարտության ապագա կարգավորման գործընթացում, որը լուծում չի գտնում նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրով,
▪ համարում է, որ հաշվի առնելով համատեքստը և աշխարհաքաղաքական նոր իրավիճակը, Ֆրանսիայի վերադարձը Մինսկի խմբի վարած միջնորդությանն այսուհետ հնարավոր կլինի միայն ուժեղ դիրքորոշման որդեգրմամբ,
▪ կոչ է անում Ֆրանսիային ճանաչել Արցախի Հանրապետությունը և աջակցել ցանկացած գործընթացին, որը կհանգեցնի նրա լիարժեք անկախության իրականացմանը,
▪ և սատարում է այս ուղին որդեգրած ցանկացած խորհրդարանական նախաձեռնություն: