Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի պետական համալսարանի գիտխորհուրդը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը

Նոյեմբեր 20,2020 17:53

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով, մեր պետականության և ազգի համար ճակատագրական այս պահին հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը հանդես է գալիս իշխանություններին և հասարակությանն ուղղված կոչ-հայտարարությամբ.

– 1994 թ. Ադրբեջանի հանդեպ Հայկական զինված ուժերի արձանագրած հաղթանակը ճանապարհ բացեց արցախահայության ինքնորոշման արդար իրավունքի համար: Սակայն այդ հաղթանակը մեր հասարակության մեջ առաջացրեց անպարտելիության զգացում` երբեմն պատճառ դառնալով իրատեսության դիրքերից նահանջի: Հայաստանում լիարժեք և ամբողջական չիրականացվեցին պատերազմի մեջ գտնվող պետության համար անհրաժեշտ գործողություններ. տնտեսության, գիտության, կրթության, ռազմական արդյունաբերության և այլ ոլորտներում չգրանցվեցին ցանկալի արդյունքներ: Այս ամենի հետևանքները առավել ցայտուն դրսևորվեցին 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ։

– Վերջին տարիներին պետական կառավարման պատասխանատու ոլորտներում ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաների ընդգրկումը, պետականության համար կարևոր հարցերում ոչ մասնագիտական մոտեցումները, պետական քաղաքականության մշակման տարերայնությունն անթույլատրելի և, երբեմն, անդառնալի հետևանքների պատճառ դարձան։

– Նոյեմբերի 9-ին խիստ գաղտնիության պայմաններում և հասարակության սպասելիքներին հակադիր ստորագրված եռակողմ հայտարարությունը հասարակության շրջանում առաջացրեց խորը ճգնաժամ, խիստ լարված մթնոլորտ, իսկ դրա հետևանքով օրըստօրե խորացող անջրպետները և երկպառակությունները կարող են կործանարար լինել պատերազմի արհավիրքի հետ բախված մեր պետականության համար, մանավանդ որ թուրք-ադրբեջանական սպառնալիքը շարունակում է պահպանվել և աճելու միտում ունի։

– Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումը ոչ միայն չեն նպաստում լարվածության թուլացմանը, այլև էլ ավելի են բորբոքում կրքերն ու շիկացնում ներքաղաքական մթնոլորտը։

Այս ամենի հետևանքով մեր պետականության ճակատագիրը և ապագան էականորեն վտանգված են, ուստի Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը պահանջում է.

– Վարչապետի և կառավարության հրաժարականը:

– Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության կազմավորում` բաղկացած բացառապես պրոֆեսիոնալներից, համապատասխան ոլորտների մասնագետներից։ Այդ կառավարության խնդիրը պետք է լինի իրավիճակի կայունացում երկրի ներսում և հայկական շահի վրա հիմնված արտաքին քաղաքականության իրականացում, ինչպես նաև ողջամիտ ժամկետում ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպում:

Դիմում ենք նաև Ազգային ժողովի պատգամավորներին և հորդորում հավատարիմ լինել բացառապես պետականության համար գերակայություն ներկայացնող շահերին, անել հնարավորը երկիրը ցնցումներից զերծ պահելու համար:

Միևնույն ժամանակ կոչով դիմում ենք հանրությանը համախմբվել պետականության գաղափարի շուրջ՝ կտրականապես մերժելով երկպառակության, անջրպետների խորացման ցանկացած փորձ։

Այս վճռորոշ և ճակատագրական պահին հասարակության բոլոր շերտերի, պրոֆեսիոնալ և կարող ուժերի, պետական ինստիտուտների, քաղաքական կուսակցությունների ջանքերը պետք է ուղղված լինեն միասնականության վերահաստատմանը՝ հանուն Հայաստանի և Արցախի։

Երևանի պետական համալսարան

ԵՊՀ գիտխորհուրդը 48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների համադրությամբ ընդունեց հայտարարություն, համաձայն որի՝ պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը, այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնել է ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30