«Մովսես Հակոբյանը մի պահ մոռացել է, որ ինքը եղել է Պաշտպանության բանակի նախարար, չի արել այդ գործողությունները, եղել է գլխավոր շտաբի պետ՝ ապրիլյան դեպքերից հետո նշանակվեց, ինչո՞ւ պահանջներ չդրեց 2016-2017-ին, ինչո՞ւ չասաց՝ մեր բանակին սա է պետք, նա է պետք, մեզ ՀՕՊ միջոցներ են պետք. չէ՞ որ 2016-ին տեսանք դրանց ԱԹՍ-ները»,- անդրադառնալով ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի քննադատություններին «Արարատ» մամուլի ակումբում նրան այսպես հակադարձեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ազատամարտիկ Գագիկ Մելքոնյանը:
Նա կարծիք հայտնեց՝ եթե Մովսես Հակոբյանն այդ ժամանակ մտածեր հակաօդային պաշտպանական միջոցներ բերել, այդ ժամանակ նրան կասեինք՝ «մոլոդեց», բայց չի արել:
Գագիկ Մելքոնյանը շարունակեց. «Ինքը ռազմական տեսուչն էր, ստուգում էր բանակի բոլոր զորամասերը, բոլոր վարչությունները, բա ինքն այսքան թերություն է ասում, մի օր դա չի՞ ստուգել, որևէ ստորաբաժանման անբավարար գնահատական դրե՞լ է, թե՞ ոչ»:
Գագիկ Մելքոնյանի համար անընդունելի է այն, որ երբ աշխատանքից ազատվել է, նոր է սկսել խոսել. «Երբ գործից ազատեցին, նո՞ր Մովսես Հակոբյանի լեզուն բացվեց: Բաներ կա, որ ճիշտ է ասում, բայց ես էլ ասում եմ՝ իսկ ինքն ի՞նչ է արել այդ թերությունների վերացման համար»:
Կարդացեք նաև
Գագիկ Մելքոնյանի կարծիքով՝ եթե պատերազմում ենք, ո՞նց կարելի է Երևանում նստել, թող վեր կենար, գնար իր տարածաշրջան՝ Մարտունի, հրամանատարին խորհուրդ տար: Նրա համոզմամբ՝ հիմա բոլորն էլ կարողանում են քննադատել, բայց ոչ մեկ իր մեղքի բաժինը չի վերցնում իր վրա:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ