Լրահոս
Օրվա լրահոսը

«Կայունության խաթարմանը զուգահեռ՝ զինադադարը կդադարի, և մենք կընկնենք նոր պատերազմի մեջ, որին պատրաստ չենք». Նախագահ Արմեն Սարգսյան

Նոյեմբեր 20,2020 17:35

Նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցն «Առավոտին»

Արամ Աբրահամյան -Պարոն նախագահ, իսկ հիմա լուծումներ կա՞ն: Ճգնաժամ, ըստ երևույթին, կա: Ինչպիսի՞ լուծումներ եք Դուք տեսնում, և գուցե նաև հիշենք, որ 2018 թվականին նույնպես կար ճգնաժամ, և Դուք նույնպես նպաստեցիք, որ լինեն լուծումներ:

-Շատ լավ, շնորհակալ եմ հարցի համար: Այսօրվա ամենակարևոր ուղերձը մնում է նույնը, ուղերձ, խորհուրդ կամ ինչպես ուզում եք անվանեք, կարևոր չէ: Մենք ապրում ենք ժամանակներ, երբ որևէ ձևով չի կարելի թույլ տալ, որ մեր հանրային կարգուկանոնը և իրավիճակը, որտեղ ապրում ենք, դուրս գան որոշակի սահմաններից, և ունենանք ոչ միայն անհանդուրժողականություն, այլև ուղղակի իրար չլսենք, ատելության, վրիժառության կոչեր և նաև գործողություններ լինեն: Սա կարող է բերել ողջ հասարակության մեջ անհավասարակշռության և այնպիսի իրավիճակի, որը կարող է ի վերջո հասցնել նաև այսօրվա զինադադարի խախտմանը, որը անթույլատրելի է: Ով ինչ ուզում է մտածի այդ փաստաթղթի մասին՝ լավ է, վատ է, սա է, նա է, զինադադարի այս իրավիճակը մեզ համար է, մեր ժողովրդի համար է, որովհետև մենք պատրաստ չենք նոր պատերազմի, որովհետև հակառակորդը կամ թշնամին ուղղակի մեր կողքին են կանգնած: Հետևաբար, անկարգությունները, ընդհարումները, քաղաքական բևեռացումները, որոնք կարող են բերել ընդհարումների, մարդկային կյանքի կորստի և զոհերի, անթույլատրելի են:

Այս իմաստով շատ էական է իմ խոսքը, իմ խնդրանքը և իմ կոչը բոլոր իրավապահ մարմիններին. նրանց պարտականությունը կարգուկանոնը պահպանելն է, բայց պետք է հիշեն, որ իրենց դիմաց կանգնած մարդը, նույնիսկ անկարգապահ մարդը, հայ մարդ է: Ինձ համար բացարձակապես անընդունելի երևույթ է այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում: Եվ մի՞թե դա է մեր հարցերը լուծելու ճանապարհը:

Կամ ուրիշ դեպք. «Ադեկվատ» կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ դանակահարություն է եղել: Չի կարելի այդ ճանապարհով գնալ: Կարգ ու կանոնը պետք է իրենց տեղում լինեն, և այդտեղ իրավապահ մարմիններն իրենց անելիքն ունեն:

Հիմա վերադառնամ Ձեր բուն հարցին: Դուք ասացիք՝ ճգնաժամ: Որպեսզի փորձենք լուծումներ գտնել և դուրս գանք ճգնաժամից, առաջին քայլը հետևյալը պետք է լինի: Մենք պետք է ընդունենք, որ ճգնաժամ ունենք: Եթե չենք ընդունում, որ ճգնաժամ կա, ապա ճգնաժամի հետ կապված խնդիրների լուծման ճանապարհ դուրս չենք գալու: Հետևաբար, ճգնաժամը չի լուծվի, այլ՝ ավելի է խորանալու: Առաջին քայլը, որ պետք է անենք, պետք է ընդունենք, որ ճգնաժամ ունենք:

Ընդունել-չընդունելը կապված չէ մեկ կամ երկու երևույթի հետ: 2018-ին, որի մասին Դուք խոսեցիք, իրականում թվում էր, թե տնտեսական ճգնաժամ չկա, իրականում թվում էր, թե մեծ սոցիալական ճգնաժամ չկա, իրականում թվում էր՝ ղարաբաղյան մեծ ճգնաժամ չկա, որովհետև եղել էր 2016 թվականի պատերազմը, կորցրել էինք երիտասարդների և հողեր, բայց թվում էր, որ դա այն մասշտաբային ճգնաժամը չէ: Բայց կա՛ր ճգնաժամ, որովհետև ժողովուրդը փողոցում էր, ժողովուրդը ուրախ չէր հազար ու մի բանից՝ սկսած կոռուպցիայի դրսևորումներից, դատական համակարգից և այլն, չեմ ուզում վերադառնալ այդ օրվան:

Ճգնաժամը կամ դրա հիմնական չափանիշը, ընդհուպ մինչև 100 կամ 200 հազար մարդ փողոցում, դա ճգնաժամի, այսպես ասած երևույթներից մեկն է, բայց ոչ միակը: Այսինքն՝ կարող է փողոցում դու այսօր չունես հարյուր հազարավոր մարդիկ, որովհետև այսօր մեր հասարակությունը բավականին բևեռացված է, և գուցե մի հսկա զանգված, որ նախկինում պաշտպանում էր որևէ կուսակցության կամ գաղափարի, հիասթափություն ունի կամ գուցե հոգեբանական այնքան ծանր վիճակում է, որ ցանկություն չունեն փողոց դուրս գալու և այլն, պատճառները շատ են: Չենք կարող չափել՝ ճգնաժամ ունե՞նք, թե չէ՝ նայելով փողոց դուրս եկած մարդկանց թվին: Մենք այսօր համարյա Ղարաբաղը կորցրել ենք, հազարավոր երիտասարդ կյանքեր ենք կորցրել, ունենք հազարավոր վիրավորներ, Ղարաբաղից ունենք տասնյակ հազարավոր փախստականներ, հետևաբար, ունենք հումանիտար ճգնաժամ, աղետ: Այդ մարդկանց պետք է տեղավորել, դիմացը ձմեռ է, մարդիկ ամեն ինչ են կորցրել, տունը վառել են և եկել Հայաստան: Ունենք տնտեսական խորը ճգնաժամ, որն ավելի է խորացել կորոնավիրուսի պատճառով և այլն, և այլն: Չնկատել, որ սա ճգնաժամ է, կարծում եմ՝ ընդունելի չէ, համենայն դեպս, ինձ համար:

Չեմ հավատում, որ կա որևէ անձ կամ կուսակցություն կամ նույնիսկ կուսակցություններ միասին, որ այս ծանր վիճակից երկիրը միայնակ կարող են հանել և այդ պատասխանատվությունը վերցնել: Ով վերցրեց պատասխանատվությունը, դառնալու է մնացած բոլորի թիրախը, որովհետև խնդիրներն այնքան խորն են, որ չեմ բացառում, որ համարյա ամեն օր կառավարության դիմաց լինեն ցույցեր՝ մի անգամ՝ զոհվածների ընտանիքները, մի անգամ՝ սոցիալական դժվար պայմաններում ապրողները, մի անգամ՝ բանակից վերադարձած երիտասարդները, որ աշխատանք չունեն: Սա խորը ճգնաժամ է, որից պետք է դուրս գալ՝ պահպանելով մի քանի սկզբունք:

Նախ և առաջ, պետք է դուրս գանք բոլորս միասին: Երկրորդը՝ ամեն ինչ անենք, որ երկրի կայունությունը ոչ մի դեպքում չխաթարվի: Կայունության խաթարմանը զուգահեռ՝ զինադադարը կդադարի, և մենք կընկնենք նոր պատերազմի մեջ, որին պատրաստ չենք, և որին պատրաստ է մեր հակառակորդը: Այդ դեպքում նույնիսկ մեր ամենալավ բարեկամներին շատ դժվար է լինելու մեզ օգնել և պաշտպանել:

Արամ Աբրահամյան-Պարոն նախագահ, իսկ ինչո՞ւ էիք Դուք Ձեր ուղերձում նշում, որ ըստ Ձեզ, հարցի լուծումն արտահերթ ընտրություններն են:

– Եթե պարզ չէ, փորձեմ բացատրել: Ես նշել եմ երկու փաստ՝ մեկը արտահերթ ընտրություններն են, մյուսը՝ համաժողովրդական աջակցություն ստացած կամ ունեցող կառավարությունը: Փորձեմ երկուսն էլ բացատրել:

Ի վերջո, մենք խորհրդարանական պետություն ենք: Ցանկացած խորհրդարանական ժողովրդավար երկրներում, երբ կան ճգնաժամեր ( իսկ այդ ճգնաժամը կարող է լինել ազգային, ենթադրենք Իսպանիայի նման երկրում, երբ Կատալոնիան որոշում է գնալ ինքնավարության կամ շոտլանդացիները, կարող է լինել տնտեսական, քաղաքական, որը հետևանք է ռազմական գործողությունների), ցանկացած կառավարություն միշտ հետ է գնում դեպի ժողովուրդն ու խնդրում նորացված մանդատ:

Մեր վերջին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 1-1.5 տարի առաջ: Այն ժամանակվա և այսօրվա Հայաստանը շատ տարբեր են: Եթե իշխանություն ես, տրամաբանական է՝ հետ գնաս և առանց վախենալու նորից մանդատ վերցնես ժողովրդից: Այդ դեպքում քո քննադատներն ասելիք չեն ունենա, և դու նորից կունենաս այն մանդատը, որով դու ժողովուրդը ներկայացնող կառավարություն ես, կարող ես ժողովրդին առաջ տանել այս ճգնաժամային, դժվարագույն պայմաններում: Մի մոռացեք, որ այս զինադադարն ընդամենը հինգ տարվա է: Հինգ տարվա մեջ մեր երկիրը, մեր բանակը պետք է բոլորս ոտքի կանգնեցնենք: Ոչ ոք չի կարող ասել, թե 5 տարի հետո ինչ է լինելու:

Ես չեմ ասել, որ այդ ընտրությունը պետք է վաղն անենք: Իհարկե ոչ: Եթե այսօր էլ ընտրություններ անենք, զգացումների, զգացմունքների, նվաստացած, ջղայնացած մարդկանց ընտրություններ կլինեն, որոնք չեն արտահայտելու այն, ինչ իրական է: Բնական է՝ այդ ընտրությունները կարող է լինեն կես կամ մեկ տարի հետո, եթե, իհարկե, կովիդը հաղթահարենք, իսկ ես կարծում եմ՝ մեկ տարի հետո կհաղթահարենք: Բայց դրանց մասին հայտարարելը ճիշտ է, որպեսզի ժողովուրդն իմանա, որ, ի վերջո, մենք լսելու ենք իր ձայնը:

Ինչպե՞ս պետք է այս ընթացքում, մինչև նոր ընտրությունները կառավարվի: Շատ պարզ: Չկա մեկ ուժ, որ գա ու կարողանա միանձնյա այս ճգնաժամից հանել: Մեզ համար շատ էական է, որ այն կառավարությունը, որն աշխատում է, ամեն օր զբաղված չլինի իր հակառակորդներին պատասխանելով, ցույցերին հակացույց կազմակերպելով, ֆեյք լուրերի կամ ֆեյքերի պատասխանելով, այլ՝ զբաղված լինի առավոտից երեկո երկիրը վերականգնելով, ճգնաժամը հաղթահարելով: Այդ պատճառով, ինչպես ասացի, միակ լուծումն այն է, որ պետք է լինի ազգային համաձայնության կառավարություն:

Ի՞նչ է սա նշանակում: Սա չի նշանակում, որ բոլորը պետք է այնտեղ լինեն: Սա նշանակում է՝ պետք է լինեն նախ հիմնական քաղաքական ուժերը՝ սկսած իշխանությունից և ընդդիմությունից, հանրության ներկայացուցիչները, ովքեր այսպես կոչված լուռ մեծամասնությունն են, ովքեր այսօրվա մեր ամենաքաղաքականացված մարդիկ են, շրջանների ներկայացուցիչները, գործարարները պետք է մասնակցեն:

Նորից եմ ասում՝ Հայաստանի փրկության կոմիտեի մասին չեմ խոսում, չեմ խոսում Սահմանադրական ժողովի մասին: Ո՛չ: Մենք պետություն ենք, ունենք Սահմանադրություն՝ հավանեք թե՝ չէ: Եվ այս պետությունում կա ինստիտուտ, որը կոչվում է նախագահական ինստիտուտ, որը հենց այս պահերի համար է ստեղծված, որպեսզի լինի այն հարթակը, որտեղ մարդիկ հավաքվեն և գտնեն այն ընդհանուրը, որն իրենց բոլորին կապում է: Դրանից հետո այս կառավարությունը կլինի՞ կառավարություն, որտեղ բացի իշխող, խորհրդարանում ներկայացված կուսակցությունից կլինեն նաև այլ կուսակցություններ՝ խնդրեմ: Եթե կլինի որոշում, որ որևէ կուսակցություն չլինի, և լինի պրոֆեսիոնալների, տեխնոկրատ կառավարություն՝ խնդրեմ: Բայց այդ համաձայնությանը պետք է գալ ոչ թե փողոցում, այլ՝ սեղանի շուրջ: Ես չեմ ուզում, որ փոխանակ հավաքվենք սեղանի շուրջ և մեր խնդիրները լուծենք, քաղաքակիրթ մարդու նման հասնենք այն մեխանիզմներին, որ կարող են մեզ ճգնաժամից հանել, պետք է գնանք փողոցում այսօր հայհոյենք, վաղն իրար վրա քար նետենք և, Աստված չանի, որ մյուս օրը այն զինվորը, որին զենք են տվել հայրենիքը պաշտպանելու համար, այդ զենքն ուղղի հայրենիքի դեմ: Դա անթույլատրելի է:

Հետևաբար, իմ առաջարկը շատ պարզ է: Ես այն մարդն եմ, ով ի պաշտոնե պարտականություն ունի բոլորին կանչել սեղանի շուրջ: Հայտարարությունը, որն արել եմ, բնական է, ուղղված է բոլորին՝ և՛ կառավարությանը, և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, և՛ հանրային կառույցներին ու կազմակերպություններին: Այդ հայտարարությունը չի կարող ժամանակի իմաստով լինել անվերջ: Սակայն այն համապատասխանում է այսօրվա վիճակին: Եթե ես արձագանք ստանամ և՛ կառավարությունից, և՛ ընդդիմությունից, որ պատրաստ են այդպիսի երկխոսության, պատրաստ եմ նրանց ներկայացնել ժամանակային քարտեզ կոչվածը, որը, նախ և առաջ, իր մեջ պետք է ներառի այսպես կոչված ազգային-պետական արժեքների, գաղափարների համախումբ, այսօրվա և վաղվա տնտեսական, քաղաքական զարգացումների և իրավիճակների գնահատական, նոր դրանից հետո՝ ճանապարհային քարտեզը: Այսինքն, ինչպես պետք է դուրս գանք:

Դա լինելու է իմ կարծիքը՝ որպես ներդրում: Դա չի նշանակում, որ լինելու է վերջնական: Ես դա դնելու եմ ընդհանուր քննարկման: Եվ այդ ճանապարհային քարտեզը պետք է հստակ ասի՝ այս խնդիրն ինչպես ենք լուծելու, ո՞վ, ի՞նչ միջոցներով, ինչքա՞ն ժամանակում, ովքե՞ր են լինելու դրա պատասխանատուները: Երկու ընտրություն կա՝ կամ ընդունում ենք, որ ճգնաժամ կա, կամ ընդունում ենք, որ չկա: Եթե ընդունում ենք, որ ճգնաժամ չկա, ապա կառավարությունն առաջարկել է իր մոտեցումները՝ փոփոխություններ կլինեն կառավարությունում, և դրա արդյունքում կառավարությունը պետք է շարունակի իր գործունեությունը: Եվ եթե իմ առաջարկը չընդունվի, ես էլ պետք է շարունակեմ իմ ամենօրյա, բայց այս անգամ շատ ավելի ծանր աշխատանքը:

Այս օրերին ես բազմաթիվ սփյուռքահայ կառույցների, կազմակերպությունների, անհատների հետ եմ խոսել: Մարդիկ ծանր բեռի տակ են: Այս պահին շատ էական է, որ մենք պարտությունից հաղթանակ սարքենք: Սա շատ էական է, քանի որ մեզ դատելու են ոչ միայն մեր սերունդները, երեխաները, թոռները, նաև՝ միջազգային հանրությունը, որն ուշադիր նայում է մեզ: Եթե այս պետությունը, ժողովուրդը ձեռք ձեռքի տված կարողանան ամուր կանգնել ոտքերի վրա, վստահեցնում եմ ձեզ, ողջ աշխարհը մեզ հարգելու է: Ոչ միայն աշխարհը, այլև մենք ինքներս ենք մեզ հարգելու և կորցնելու ենք պարտության բարդույթը, որովհետև վստահ ենք լինելու, որ վաղը հաղթելու ենք: Դրա համար շատ էական է, որ մենք հաղթահարենք այսօր մեր դժվարությունը, մեր դժբախտությունը, մեր մասնատվածությունը և վերջապես որպես միասնական ժողովուրդ սկսենք կառուցել այն երկիրը, որն ուզում ենք, որը ոչ միայն լինի ամուր, հզոր… Հզոր լինելու համար պետք չէ անպայման մեծ լինել, պետք է լինել այն, ինչի մասին խոսում ենք՝ կազմակերպված, նվիրված, կառույցներով, ոչ թե անհատներով հզոր: Եվ, իհարկե, իմ պարտականությունը նույնն է, ինչ 2018 թվականին: Այո, 2018 թվականին ես նախագահի պարտականություն զգացի, որ պետք է իջնեմ հրապարակ՝ մի նպատակով՝ որ արյունահեղություն, ընդհարում չլինի, այլ՝ կողմերին բերեմ զրույցի, երկխոսության: Իսկ արդյունքը գիտենք, թե ինչ եղավ: Ես կարող եմ այսօրվա տեսակետից շնորհակալություն հայտնել և շարժման՝ հեղափոխության ղեկավարներին, և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ այն ժամանակվա կառավարությանը, մասնավորապես՝ Հանրապետության նախկին նախագահին՝ Սերժ Սարգսյանին, որն ուժ գտավ իր մեջ ընդունելու որոշում, որ թողնի վարչապետի պաշտոնը և հեռանա, որ հնարավորություն տրվի երկիրը նախ և առաջ անկայուն չսարքել:

Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այսօրվա վարչապետը վարչապետ էր մի երկրում, որտեղ ինքը չուներ բացարձակ մեծամասնություն, հակառակը, իր հակառակորդներն ունեին բացարձակ մեծամասնություն: Շարժման իրական քաղաքական ուժը խորհրդարանում է: Իրենք պետք է ամեն ինչ անեն, որ դրական ներդրում բերեն, ինչպես և խորհրդարանի մյուս անդամները:

Իմ պարտականությունն այս անցումն ապահովելն է, նաև իմ բոլոր հնարավոր միջոցներով նպաստելը, որ մենք մանավանդ տնտեսության ու ներդրումների ոլորտներում հաջողությունների հասնենք: Պատահական չէ, որ այս դժվար օրերին ես շատ կարճ ժամանակով գնացի Միացյալ Արաբական Էմիրություններ: Նախ և առաջ մեր արաբ բարեկամներին, ընդ որում այն բարեկամներն են, որոնք Եղեռնից հետո մեզ բոլորիս, մեր սփյուռքին տուն են տվել, մեկ անգամ ևս հաստատել, որ այս պատերազմը չի եղել, չի և երբեք էլ չի լինի կրոնական, որ մուսուլման, արաբ պետությունները մեր բարեկամներն են: Եվ ոչ միայն մեր բարեկամներն են, այլև մենք ակնկալում ենք նրանց աջակցությունը: Ես իրենցից՝ մի քանի մեծ երկրների ղեկավարներից հստակ հավաստիացում ստացա: Եթե մենք լինենք այն երկիրը, որը շարունակի զրույցը, որը ես ունեմ իրենց հետ, և այդ երկիրը լինի կայուն, իրենք պատրաստ են ներդրումներ անելու այստեղ:

Այսինքն, կա այս վիճակից դուրս գալու ճանապարհ, իսկապես կառուցելու մեր հզոր Հայաստանը: Բայց բոլորս միասին պետք է աշխատենք և կառուցենք այն պետությունը, որը հիմնված է ոչ թե անհատների, այլ համակարգերի վրա:

Հարցազրույցն ամբողջությամբ եւ տեսանյութը՝ ավելի ուշ Aravot.am կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30