Լրահոս
Օրվա լրահոսը

«Մատաղիսի մոտ տարել, տղաներին անտեր թողել էին, կողքից էլ ասել էին՝ այդ ո՞ւր եք գնում, հողը ծախված է». Գագիկ Մելքոնյանը՝ դավաճանության մասին

Նոյեմբեր 20,2020 16:42

«Մեր բանակը թե′ առաջին, թե′ վերջին գծում, թե′ թիկունքում պատրաստ չէր պատերազմի»,- «Արարատ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ազատամարտիկ Գագիկ Մելքոնյանը:

Ըստ նրա՝ պատերազմի առաջին օրվանից զինվորների շրջանում սկսվել է խուճապային իրավիճակը. «Առաջին օրը սկսեցին ռմբակոծել մեր բոլոր այն կետերը, որտեղ զինվորներն էին: Այդտեղից զինվորների մեջ սկսեց խուճապային վիճակը, եղան զոհվածներ: Հրամանատարներ կային, որոնք կարողացան այդ վիճակից դուրս գալ, կազմակերպել, իսկ հրամանատարներ կային, որ խուճապն ավելի սրեցին»:

Նա նշեց՝ պատերազմի երկրորդ օրվանից, երբ սկսվեց մոբռեզերվների տեղափոխումը ճակատային մաս, շատ անկազմակերպ վիճակ էր. «Այստեղից կազմակերպում էին, ջոկատներ ուղարկում տվյալ զորամասի ենթակայության տակ, նրանց հագցնում էին համազգեստ, զինում էին և ուղարկում առաջնագծի զորամաս: Սակայն նրանց ընդունող չկար: Երկրորդ օրը գնացինք այնտեղ, տեսանք՝ հազարից ավելի զորահավաքը, որ կատարվել էր, ուղարկել էին այնտեղ, բայց չկար հրամանատար: Ամենքի մոտ զենք, զինամթերք կար, բայց անտերություն էր, մինչդեռ զորամասը պիտի ընդուներ, զինկոմիսարիատները վաշտի, ջոկի, դասակի հրամանատարներ պիտի նշանակեին, նոր ուղարկեին: Դրա պատճառով էս տղերքը օրերով անտառներով թափառելով՝ հուսալքված հետ էին գալիս, այստեղից գնացողին ասում էին՝ անտերություն է: Ու այստեղ էլ սկսեց այդ քաոսը»:

Ըստ Գագիկ Մելքոնյանի՝ կազմակերպվածության բացակայությանը գումարվում էին նաև այն խոսակցությունները զորքում, թե հողերը ծախված են և այլն:

Նա նշեց՝ իրենք իրենց հատվածում ամեն ինչ արել են, որ կարգուկանոն մտցնեն, կամավորները հերթափոխող արդեն գնում էին ծառայության: Նա ասաց՝ արդեն պետք է ջոկատներ գային, որ Շուշիում երկու կողմերից փակեին, որ ադրբեջանական զինվորներին թողնեին մեջտեղում, սակայն այդ ուժերը չեղան. դրա համար էլ Շուշին մնաց իրենց:

Խոսելով դավաճանության մասին՝ Գագիկ Մելքոնյանն ասաց. «Առաջին դավաճանությունն այն էր, որ զորքերի մեջ գնաց քարոզը, թե հողը ծախված է, ո՞ւմ համար եք կռվում: Երկրորդ-երրորդ օրերին արդեն ամբողջ ճակատով գնում էին այդ խոսակցությունները: Հիմա որ զինվորները վերադառնան, կարող են անուն ազգանուններով ասել, թե ովքեր էին այդ խոսակցությունները տարածողները: Այդ օրերին մի քանի սպաներ ձերբակալվեցին: Թալիշն էլ դրա զոհը դարձավ: Մատաղիսի մոտ տարել, տղաներին անտեր թողել էին, կողքից էլ ասել էին՝ այդ ո՞ւր եք գնում, հողը ծախված է: Մյուս դավաճանությունն այն էր, որ մենք՝ պատերազմի մեջ, շատերն այստեղից իշխանափոխության կոչեր էին անում: Ես հարցազրույց տվեցի, ասացի՝ եկեք, մեր կողքին կանգնեք, վերջացնենք այս գործը, հետո հրաժարականի պահանջ դրեք: Պարզ էր, որ աթոռակռվի էին դուրս եկել. առիթն ուզում էին օգտագործել, իշխանափոխություն անել: Բա դավաճանություն չէ, ի՞նչ է, երբ պատերազմի մեջ ես, քո թիկունքում նմանատիպ բաներ են կատարվում: Հանուն իրենց պաշտոնի նրանք ամեն ինչի կգնան: Մենք այդքան գերիներ, դիակներ ունենք, որ դեռ չենք բերել հուղարկավորել, գոնե այնքան պիտի մարդ լինեին, որ համբերեին, այս ամենը վերջանար, մեր զոհերին բերեինք, հուղարկավորեինք, հետո իշխանափոխություն պահանջեին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30