Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վիտալի Բալասանյան. Տկար և ապաշնորհ քաղաքական գործիչների կողմից վարած հակահայ քաղաքականության արդյունքում Ասկերանի և մյուս պաշտպանական շրջանների գնդերը թողեցին իրենց մարտական հենակետերը:

Նոյեմբեր 20,2020 16:30

Արցախի հերոս, «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան գրառումը

Երբևիցե չեմ դառնացել
Երբևիցե չեմ վիրավորվել
Երբևիցե ձեզ չեմ լքել
Սիրելի´ ժողովուրդ, թանկագի´ն եղբայրներ և քույրեր, թեժ կռիվների բովով անցած իմ զինակիցներ…

Այսօր ինձ համար շատ ծանր օր է: 1988 թվականի փետրվարին իմ կողմից արձակված առաջին փամփուշտն իմ ժողովրդի անվտանգության համար էր: Այնուհետև իմ անմիջական նախաձեռնությամբ, զրոյական վիճակից, շնորհիվ և ի փառս իմ ժողովրդի, մենք կարողացանք ստեղծել կանոնավոր զորք, այն է՝ Ասկերանի պաշտպանական շրջանը՝ գունդը: Իմ հրամանատարությամբ մեր գունդը մասնակցել է Արցախի Հանրապետության պաշտպանության բազմաթիվ մարտական գործողությունների՝ տարբեր ճակատներում բեկումներ մտցնելով:

Այո´, մենք լռեցրեցինք Աղդամի տարածքում գտնվող բոլոր կրակակետերը և այն ազատագրեցինք: 1991–1994 թթ. 3000 անձնակազմ ունեցող գունդը, բացի իր հիմնական պաշտպանական հատվածից մասնակցել է նաև Մարտակերտի, Քարվաճառի, Լաչինի, Հորադիզի ուղղություններում ազատագրական պայքարին: Այդ ընթացքում կորցրեցինք մեր լավագույն 292 մարտիկներին, ունեցանք երկու անհայտ կորած և վիրավորվեցին 475 մարտիկներ, որոնց մեծ մասը ապաքինվելով վերադարձան շարքեր: 27 տարի շարունակ Ասկերանի պաշտպանական շրջանը փառքով կատարեց իր առջև դրված բոլոր խնդիրները: Նույնը՝ 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին՝ Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում:

Այսօր շատ դառնացած ու վիրավորված եմ, քանզի տկար և ապաշնորհ քաղաքական գործիչների կողմից վարած հակահայ քաղաքականության արդյունքում Ասկերանի և մյուս պաշտպանական շրջանների գնդերը թողեցին իրենց մարտական հենակետերը:
Պատասխան եք տալու միանշանակ…
Սակայն դու չե´ս պարտվել, Հայ Զինվոր, լսու´մ ես, դու հաղթել ես…

Սիրելի´ հայրենակիցներ, ես երբեք չեմ լքել ձեզ ու չեմ լքելու: Իմ Արցախն ու իմ ղարաբաղցիներն իմ սրբությունն են: Շարունակելու եմ իմ պայքարը, մենք իրավունք չունենք պարտվելու և հիշեք՝ հաղթելու ենք:

Շնորհակալություն եմ հայտնում այն հարյուրավոր իմ մարտական ընկերներին, որոնք անսալով իմ կոչին ոտքի ելան, զենք վերցրին: Կոչ եմ անում ձեզ, պահենք և պաշտպանենք մեր սուրբ երկիրը, քանզի դա մեր յուրաքանչյուրի սրբազան պարտքն է: Ես համոզված եմ, որ եթե մենք համախմբվենք, դեն նետենք վախն ու հուսահատությունը, շատ կարճ ժամանակում հաղթելու ենք:

Իմ խոնարհումը բոլոր նահատակված մեր մարտիկների ընտանիքներին, բոլոր վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Աստված մեզ բոլորիս պահապան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30