Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Նահանգները տեսնում է, որ վրա է հասնում հումանիտար ճգնաժամ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

Նոյեմբեր 20,2020 14:10

ԱՄՆ արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի վերաբերյալ

Շնորհակալություն եմ հայտնում դեսպան Կասպրշիկին, դեսպան Պոպովին, դեսպան Վիսկոնտիին, պետքարտուղարի ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերին և փոխգնդապետ Մուստաֆարաջին։

Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք Համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին։ Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ և Բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավարին՝ տեղում տիրող իրավիճակի, վերջին զարգացումների և առաջընթացի վերաբերյալ նկատառումների մասին ժամանակին ու օբյեկտիվ թարմացում ներկայացնելու համար։

Միացյալ Նահանգներն անկեղծորեն ողջունեց բռնությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերված պայմանավորվածություն մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ և կարեւորում ենք այսօր ներկայացված հավելյալ տեղեկատվությունը՝ կապված այդ պայմանավորվածության փաստացի իրականացման հետ։

Մենք խրախուսում ենք, որ դուրս մնացած հարցերի լուծման ու հակամարտության տևական խաղաղ կարգավորման հասնելու նպատակով կողմերն աշխատեն Մինսկի խմբի համանախագահների հետ։

Երկարաժամկետ հեռանկարում որեւէ ռազմական լուծում այս հակամարտությունը չի կարող ունենալ․ վերջնական կարգավորման ցանկացած տարբերակ պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքների վրա, որոնք նախատեսում են ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն և իրավահավասարության ու ինքնորոշման իրավունք ազգերի համար։ Սրանք են սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն այս հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար։

Չնայած մարտական գործողությունները մեծապես կանգ են առել, սակայն հումանիտար իրավիճակը տեղում մնում է աղետալի։ Միացյալ Նահանգները տեսնում է, որ վրա է հասնում հումանիտար ճգնաժամ։ Հակամարտության գոտում պայմաններն առավել սրվում են կորոնավիրուսի գլոբալ համավարակի հետեւանքով, ինչն ակնհայտորեն սրացումներ կունենա, քանի որ առջևում ձմեռ է։ Մենք կողմերին հորդորում ենք սերտորեն աշխատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ պահվող անձանց ու աճյունների վերադարձը կազմակերպելու, ինչպես նաև հոկտեմբերի 29-ին Ժնեւում համաձայնեցված մյուս քայլերի շուրջ։ Միացյալ Նահանգները շոշափելի ներդրում է կատարում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ մյուս հասարակական կազմակերպությունների ջանքերին աջակցելու նպատակով հատկացնելով 5 միլիոն ԱՄՆ դոլար, և ես վստահ եմ, որ ամերիկացի կամավորներն ու աշխատակիցներն իրենց դերակատարումը կունենան հումանիտար ճգնաժամի այս իրավիճակը կարգավորելու գործում։

Շատ մեծ ու քայքայիչ է այս հակամարտության ազդեցությունը տարածաշրջանային կայունության ու բարեկեցության հարցում։ Միացյալ Նահանգներում մենք ուշադիր հետեւում ենք զարգացումներին։ Քանի որ բոլոր կողմերը ԵԱՀԿ անդամներ են եւ ընդունում են Եզրափակիչ ակտի սկզբունքները, մենք խրախուսում ենք, որ մասնակից երկու պետություններն օգտագործեն ԵԱՀԿ ռեսուրսները, որոնք կօգնեն ԵԱՀԿ սկզբունքների իրագործման ու ԵԱՀԿ առաջ ունեցած պարտավորությունների կատարման հարցերում։

Այս ձգձգված հակամարտության համար տեղի համայնքները շատ բարձր գին են վճարել, եւ մենք դա գիտակցում ենք։ Հիմա այն պահն է, երբ պետք է հասնել տևական խաղաղության հաստատման։ Վստահ ենք, որ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի գոտում տևական ու կայուն խաղաղության հասնելու հարցում կարող են օգնել կողմերին։

Դեսպան Ջեյմս Ս․ Գիլմոր III

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30