Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ Մասիս քաղաքից անձինք են բերման ենթարկվել ԱԱԾ: «Հրավիրել են ազգային ժողովի «բռնակի գործով»: Ենթադրում եմ, որ զանգվածային անկարգությունների գործով է, չգիտեմ: Հրավիրել են հինգ հոգու, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետի երկու տեղակալներին: Քանի որ այս ամենը աբսուրդ է եւ մառազմ, նրանք հրաժարվել են ցուցմունք տալ»,-Aravot.am-ին հայտնեց հրավիրված անձանց շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Նրանք ոչ եղել են այդտեղ, ոչ էլ տեղյակ են այդ ամենից: Այսքանով ավարտվել է: Զավեշտալի է, որ ԱԱԾ քննիչը հարցրել է՝ ի՞նչ քաղաքական հայացքներ ունեք…Շատ ծիծաղելի է, իրականում՝ տխուր: Փորձում ենք ծիծաղել, որ չլացենք: Անձինք ունեն վկայի կարգավիճակ»,-նշեց Տիգրան Աթանեսյանը:
Ինչ վերաբերում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, փաստաբանը նշեց, որ նրա կարգավիճակի հետ կապված որեւէ խնդիր չկա:
Հավելենք, որ Դավիթ Համբարձումյանն այսօր կատարվածի առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մասիս քաղաքից անձանց, այդ թվում իմ տեղակալներին, ԱԱԾ բերման ենթարկելը չունի որևէ հիմնավորում և նպատակ ունի իրականացնել հետապնդում՝ քաղաքական հայացքների համար: Դարձյալ նշեմ, որ հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀԿ Մասիսի տարածքային կառույցի ղեկավար: Երբեք դավաճան չեմ եղել, միշտ ատել եմ և արհամարհել մարդու այդ ստոր տեսակը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ