ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանի համոզմամբ, աներկբա է, որ անցումային վարչապետ լինելու է այնպիսի մարդ, ով ընտրություններին չի հավակնելու իշխանություն վերցնել։ «Ազգային ժողովն է ընտրելու վարչապետին, այսինքն՝ իրենք արդյոք կընտրե՞ն մեկին, որը հավակնելու է հաջորդ ընտրություններին մասնակցել, իհարկե՝ ոչ։ Դրա համար ենք ասում՝ եկեք բանակցենք, ինչի՞ց եք վախենում, բանակցենք եւ անցումային վարչապետ ընտրեք, հետո թող լինի արտահերթ ընտրություն։ Անլուրջ է, չէ՞, մտածել, որ այդ ժամանակավոր վարչապետը կարող է դաշնակցական լինել»,- ասում է Խաչատրյանն ու զարմանք հայտնում, թե հիմա, այս պայմաններում էլ է գործող իշխանությունն աթոռի կռիվ տալիս։ Թե ով կարող է դառնալ այդպիսի «ժամանակավոր» վարչապետ, ՀՅԴ-ականն անուններ չի տալիս, ասում է՝ պետք է նստել եւ բոլորով քննարկել այդ հարցը․ «Նույնիսկ այն ուժերի հետ, որոնք ո՛չ այս կողմ են, ո՛չ՝ այն»։
Տեղեկություններ կան, որ ժամանակավոր վարչապետի պաշտոնում դիտարկվում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անունները։ ՀՅԴ-ականը հիշեցնում է, որ դեռեւս պատերազմի ընթացքում այդ նույն ուժերն առաջարկում էին Նիկոլ Փաշինյանին իշխանությունը հանձնել ռազմաքաղաքական ղեկավարությանը, ձեւավորել օպերատիվ շտաբ․ «Չէր ասվում, չէ՞, իշխանությունը տվեք մեզ, բայց հմուտ մանիպուլյացիայի արդյունքում իշխանությունն այդպես ներկայացրեց։ Հիմա էլ նույնն է անում, փորձում է ցույց տալ, որ 17 ուժերն իշխանության կռիվ են անում։ Իսկ հիմա կա՞ մի քաղաքական ուժ, որն իր աջակցությունն է հայտնում այսօրվա իշխանություններին, ներառյալ ՀԱԿ-ը»։ Դիտարկմանը, որ իշխանականների միակ «չափորոշիչը» փողոցն է, հավաքված ժողովուրդը, ասաց․ «Այդպիսի բան մեկ էլ Քադաֆին էր ասում, ասում էր՝ քաղաքական ինստիտուտներ չլինեն, ես կլինեմ։
Մարդկությունը երբ դուրս եկավ քարանձավներից, հասկացավ, որ պետք է ստեղծի պետություն եւ պետական ինստիտուտներ։ Միգուցե հասարակության հազարավոր մարդիկ դուրս չեն գալիս հրապարակներ, որովհետեւ երկրիդ վարչապետը մանիպուլյացիայի մեծ վարպետ է, կարողանում է ժողովրդի ուղեղը լվանալ, բայց մարդկանց հետ երկու րոպե խոսում ես, հասկանում է, դրա համար վաղն ավելի վատ է լինելու»։ Մեր զրուցակիցը հավելում է․ «Երեկվա Հանրապետության հրապարակի հանրահավա՞քն էր բազմամարդ՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի։ Այս մարդը չի հասկանում, որ չի կարողանալու վերաբանակցել, դու կորցրած, պարտված կողմ ես, քեզ ոչ մեկը լուրջ չի ընդունելու, նոր մարդիկ պետք է գան»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: