«Հայոց համազգային շարժում» կուսակցության նախագահ, ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբեք չեմ եղել Ռուսաստանի հակառակորդ, գտնում եմ, որ դաշնակից պետության հետ պետք է միշտ ազնիվ լինել, մի բան, որը միշտ չէ, որ հատուկ է հենց Ռուսաստանին։ Այն, որ Ռուսաստանը պատրաստ էր ավելի վաղ կանգնեցնել պատերազմը եւ որ դրան իբրեւ թե համաձայնություն չի տվել Հայաստանը պարզապես Ռուսական կողմի մանիպուլյացիան է, թաքցնելու իր անկարողությունը զսպելու Թուրքիայի ախորժակը եւ գործնական քայլերը, որոնց հետեւանքով եվրոատլանտյան դուրսպրծուկ Թուրքիան հարյուրամյակներ հետո իր ռազմական ներկայությունն է ապահովում հարավային Կովկասում, մի բան, որը իրենց վատ երազներում չէին կարող պատկերացնել ներկայիս Ռուսական իշխանությունների բազմաթիվ նախորդները։
Այն, որ պատերազմը ավարտվեց պարտվողական հայտարարությամբ, հանդիսանում է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Ռուսաստանի կապիտուլյացիան (որն իր դեմքը փրկելու համար հայկական տարածքային զիջումների հաշվին պասիվ համաձայնություն տալով Էրդողանին մուտք գործելու հարավային Կովկաս, այն էլ իր, տարածաշրջանում միակ դաշնակցի տարածքը օգտագործելով, մեծ դժվարությամբ կարողացավ թուրքական տանդեմից կորզել հեղհեղուկ համաձայնություն ժամանակավորապես իր ռազմական խաղաղապահ կոնտինգենտը տեղադրելու Արցախում)։ Կարիք չկա մեղադրելու Ռուսաստանի դաշնությանը, որը դեռ հոկտեմբերի 10-ին փորձեց զինադադար հաստատել, սակայն արժանանալով թուրքական տանդեմի արհամարհանքին (արհամարհանք, որին հետագայում արժանացան նաեւ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները) լիովին տապալվեց։
Մեղադրել պետք է միայն ու միայն 1998թ-ից առ այսօր իրար հաջորդած Հայաստանի իշխանություններին ( ինչպես նաեւ լռություն պահպանած ընդդիմադիրներին ) որոնց անհաշվենկատ ու հանցավոր քաղաքականության պատճառով ունենք այսօրվա ցավագին պարտությունը։
Վերոնշյալ քաղաքականությունը, որը միտված չեր խաղաղությանը, արդարացում կունենար միայն այն դեպքում, եթե Հայաստանը ռազմական առումով վերածվեր Իսրայելի, որն էլ մեր վայ ղեկավարների մտավոր եւ մարդկային կարողությունների պարագայում բացառված էր։ Ցավալի է արձանագրումը այն փաստի, որ թուրքական տանդեմը պարտության մատնեց ագահության վրա խարսխված անհեռատես Ռուսաստանին եւ նրա հլու դաշնակցին (մի նեղվեք գնահատականի համար, հլու երկիր ունենալու միտված են գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնց հետ այս հարցում համաչափ է քայլում նաեւ իշխանությունը)։
Կարդացեք նաև
Մի՞թե սա վերջն է, ՈՉ։
Սա պետք է սկիզբը դառնա մեր երազանքների ՀԱՅԱՍՏԱՆԻ, որը պետք է կերտենք համայն հայությամբ, գործադրելով հսկայական ջանքեր եւ համառություն ու այդ դեպքում, համոզված եղեք, որ կվերադառնա ոչ միայն ԱՐՑԱԽԸ…»: