Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շուշին ամեն տեսանկյունից յուրահատուկ է, իսկ Շուշիին այլ ածականներ վերագրողները բացառապես տեղյակ չեն քաղաքի հմայքից, մշակութային ժառանգությունից

Նոյեմբեր 20,2020 10:21

Շուշի քաղաքի բնակիչները տարակուսանքի մեջ են: Ամեն ինչ հարազատ քաղաքում են թողել՝ տուն, տեղ, աշխատանք և այն ամենն, ինչ ապրեցնում է մարդուն:

Ալյոնա Սարգսյանը Շուշիի Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի արտադրական ուսուցման վարպետ է: Ասում է, որ Շուշին ամեն տեսանկյունից յուրահատուկ է, իսկ Շուշիին այլ ածականներ վերագրողները բացառապես տեղյակ չեն քաղաքի հմայքից, մշակութային ժառանգությունից:

«Արցախի իշխանությունների տված խոստումներն ու իրականությունն իրար հակասում են: Մեզ անգամ չեն թողնում մեր տներից մի ասեղ հանել, ո՞ւր մնաց, որ կարևոր փաստաթղթեր ու գույք հանենք: Չարչարվեցի, աշխատեցի, արդեն վերջապես նորմալ տուն ու տեղ ունեի, իմ շատ փոքր աշխատավարձով ապրուստս հոգում էի, իսկ հիմա՞»,-ասում է Շուշիի բնակիչը:

Ալյոնան նաև ասում է, որ պատերազմի ժամանակ երբեք չի լքել քաղաքը, միայն վերջին օրերին իր և մոր առողջական վիճակից ելնելով տեղափոխվել են ՀՀ: Շուշիում լինելու ժամանակ զինվորների համար հաց ու ջուր հասցնող Ալյոնան Արցախից դուրս գալուն պես նաև դիմեց Պաշտպանության նախարարությանը՝ գրանցվեց, որ մեկնի առաջնագիծ: Այդպես էլ չկանչեցին: Նա հավելում է, որ պատերազմի օրերի երազանք էր առաջնագիծ գնալը, իսկ հիմա չգիտի՝ որտեղ և հանուն ինչի է գնում:

Ինքն իրեն հարց է տալիս՝ ո՞վ եմ: Սակայն այդ հարցի պատասխանը ոչ ոք չի կարող տալ: Շուշեցու խոսքով՝ ամեն օր ինքը վախենալու է իր կյանքի համար: Դավադրությունների մասին լսել ու թուրքանման հայ տականքներին էլ չի ուզում հանդիպել:

Ալյոնան դիմել է մի քանի պատկան մարմինների, որ ապաստան տրամադրեն ու շարունակի ապրել Արցախում՝ Ստեփանակերտում, բայց ում զանգում է՝ արժանանում է անորոշ պատասխանի։

Շուշեցի Ալյոնան փաստում է, որ շտաբի տրամադրած հեռախոսահամարները, որոնք ըստ շրջանների է առանձնացված, շատ է փորձել զանգել կոնկրետ Շուշիի շրջանի անվան դիմաց գրած հեռախոսահամարներին, բայց չեն գործում ոչ մեկը: Նոյեմբերի 18-ին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը սկսել է Շուշիի բնակիչների տվյալներն ու այժմյան բնակության հասցեների հավաքագրման գործընթացը:

Ալյոնայի խոսքով՝ նաև ոտնահարվեցին իր աշակերտների սովորելու իրավունքը, իսկ շատ ավարտական վկայականներ էլ մնացել են բարբարոսներին:

Փաստ է, որ աշխատանքը համակարգված չի իրականացվում, իսկ իշխանության գլուխ կանգնած մարդն էլ դավաճան է անվանում բոլորին:

«Իրական դավաճաններ փնտրելով չեն զբաղվում, իսկ նախագահը դավաճան է անվանում բոլորիս: Ե՞ս եմ դավաճանը, որ ծառայել եմ Հայրենիքիս ու զինվորիս համար ինչ կարողացել՝ արել եմ: Թերևս դա ամենաքիչն է, ինչ կարող էի անել և ընդհանրապես չէի բարձրաձայնի, եթե այդ խոսքը երկրի նախագահը չհնչեցներ»,- մեր զրույցում ասում է նա:

Ծանոթ-բարեկամ գործառույթը Ալյոնայի սուբյեկտիվ կարծիքով այս շրջանում նույնպես չի բացառվի, և ինքը լրիվությամբ հուսալքված է, որովհետև Արցախը, մեղմ ասած, թուրքին են նվիրել, էլ ո՞նց ապրեն այնտեղ:

Շատ կարևոր շեշտադրում պետք է մարդիկ իրենց խոսքում կատարեն, որ միշտ ասում են՝ «Արցախից փախստականներ», չիմանալով, որ Արցախի բնակիչների անձնագրերում ծննդավայրը գրված է Հայաստանի Հանրապետությունը:

Եվ այդ մի թիզ հողում ինչպե՞ս պետք է ապրեն մարդիկ, այդքան տարհանվածները, ինչ կարգավիճակ կունենան և ո՞վ է երաշխավորելու մարդկանց անվտանգությունը. այս խնդիրները մնում են օրակարգային: Անորոշ ապագան գալիս է… տեսնենք ինչ է լինելու:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30