Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հոկտեմբերի վերջին պետք է ներկայացներ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը։ Այդ ժամկետը մեկ անգամ արդեն երկարացվել էր, սակայն պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ հայեցակարգը դեռ պատրաստ չէ։ Մասնագիտական հանձնաժողովին հատկացված ժամանակացույցը թերևս կրկին կփոփոխվի։
Մասնագիտական հանձնաժողովում քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հավանաբար առաջիկայում մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները կվերսկսվեն։ Նա նշեց, որ կար թեմա, որը դեռ չէր քննարկվել, և դա առնչվում էր զինված ուժերի կառավարմանը, գերագույն գլխավոր հրամանատարին, զինված ուժերի կիրառման որոշման համար պատասխանատուներին։ Այս հարցերը դեռ չէին քննարկվել, բայց, մեր զրուցակցի խոսքով, այդ հարցերը քննարկելիս իրենք մտադիր էին հաշվի առնել հուլիսյան դեպքերի փորձը:
«Ենթադրում եմ, որ այդ թեմաների քննարկմանը հասնելիս այս պատերազմի փորձն էլ ենք հաշվի առնելու, բայց դեռ քննարկումներ չեն եղել։ Մենք պատկերացնում էինք, որ բովանդակային առումով խորհրդարանը ավելի մեծ դերակատարում պետք է ունենար զինված ուժերի հետ կապված հարցերում, բայց միաժամանակ այնպես, որ դրա արդյունքում չտուժեն գաղտնիությունը, օպերատիվությունը։
Մենք քննարկում էինք նաև պատասխանատվության հարցը։ Մենք ուզում էինք տրամաբանությունն այնպես դնել, որ անգամ ռազմական դրություն չհայտարարելու պարագայում պատասխանատուն լինի վարչապետը, քանի որ գործող Սահմանադրությամբ վարչապետը գերագույն գլխավոր հրամանատար է միայն պատերազմի ու ռազմական դրության ժամանակ։ Բայց հուլիսյան դեպքերի ժամանակ այդպես չէր, քանի որ վարչապետն այդ ժամանակ գոնե ֆորմալ առումով գերագույն գլխավոր հրամանատարը չէր։ Հանձնաժողովի որոշ անդամների հետ մենք քննարկում էինք պատասխանատվության հարցը, որ նույնիսկ եթե պատերազմ չէ, բայց զինված ընդհարումներ են, ինչպես հուլիսյան դեպքերի ժամանակ, վարչապետը պետք է դրա պատասխանատուն լինի։ Տրամաբանությունը պետք է այդպես դրված լինի։
Կարդացեք նաև
Միաժամանակ քննարկում էինք նաև, թե ինչպես խորհրդարանական վերահսկողությունն ավելացնել, ինչպես անել, որ փոփոխությունների արդյունքում որոշումների օպերատիվությունը չտուժի, որովհետև դա ևս լուրջ հարց է։ Բայց այս հարցերի շուրջ հանձնաժողովում որևէ լուրջ քննարկումներ չեն եղել, որևէ որոշման չենք հանգել»,- ասաց Իոաննիսյանը՝ հավելելով, որ այդ հարցերով ինքն էր զեկուցող նշանակված, սակայն գործընթացը հետաձգվեց։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: