Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ գիտե՞ք հայտնի տեսանյութում ծաղրվող ու խոշտանգվող հայ ծերունին ով է։ Նա Շուշվա իմ հարևանն է։ Այդ մարդուն խոշտանգել են նաև Սումգայիթում 1988 թ.-ին։ Վերջին պահին դիահերձարանում են միայն նկատել, որ կենդանի է ու չեն հերձել։ Բայց ազգային դժբախտությունից զատ՝ այստեղ կա նաև այս պետության հիմքերը տարիներ շարունակ կրծած սոցիալական անհավասարության մոտիվը։
Բանն այն է, որ ծերունու եղբայրը դեռ պատերազմի տարիներից Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է, ու չգիտես ինչու, չնայած ծերունու հոգեկան առողջության ակնհայտ խնդիրներին՝ նա ապրում էր մենակ մեր շենքի առաջին հարկում՝ մի անմխիթար տան մեջ, իսկ ժամանցի միակ ձևը շենքի մուտքի աթոռակին նստելն էր։
Ծերունին այս պատերազմում մեր պարտության և Հայաստանի երրորդ Հանրապետության անկման կերպարային խտացումն է»:
«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ տեսանյութում երևացող՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացած անձը Շուշի քաղաքի բնակիչ, 80-ամյա Ջոնիկ Թևոսյանն է: Նա չէր հասցրել լքել Շուշին, և ընկել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո:
Կարդացեք նաև